02
11, 2008

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են համատեղ հռչակագիր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 2-ին, Մոսկվայում ՙՄայենդորֆ՚ ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն էր: Սա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երկրորդ հանդիպումն էր այս տարվա ընթացքում: Առաջին հանդիպումը կայացել էր 2008 թ. հունիսի 6-ին, Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում:

Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքում Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են Հռչակագիր: Ստորագրման արարողությանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն եւ ԵԱՀԿ Նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Նոյեմբերի 2-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ
Ռուսաստանի Դաշնության
/ոչ պաշտոնական թարգմանություն/

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում,
կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը և հեռանկարները`

1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:

2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:

3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:

4. Նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, և հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:

5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը:

← Վերադառնալ