05
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա

Բուդապեշտի Կոսութ Լայոսի անվան հրապարակում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը։

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել և ողջունել է իր գործընկեր՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:  

***

 

Հունգարիայի նախագահական նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հունգարիայի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր էջ կբացի հայ-հունգարական հարաբերություններում։

«Պարոն նախագահ, մենք բազմաթիվ ոչ ֆորմալ շփումներ ենք ունեցել, բայց սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, որը կարծում եմ, նոր ժամանակաշրջան կբացի Հայաստանի և Հունգարիայի հարաբերություններում, խորհրդանշանական է նաև, որ Ձեր այցելությունը գրեթե համընկնում է Եվրամիությունում մեր երկրի կողմից նախագահության ստանձնման հետ»,- ասել է Կատալին Նովակը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Անշուշտ, մենք տարբեր միջոցառումների շրջանակում հանդիպումներ և շփումներ ենք ունեցել, բայց ես նույնպես կարևորում են նման ընդունելություններն ու պաշտոնական փոխայցելությունները մեր երկրների երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից։

Նման հանդիպումները կարևոր են նաև մեր հանրություններին և քաղաքացիներին ներկայանալու առումով։ Ցանկանում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը և իմ այցելության նպատակներից է նաև այդ փոխգործակցության ուղղություններն ու հնարավոր ծրագրերը հստակեցնելը»:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ի դեմս Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի իր շնորհակալական խոսքն է հղել Հունգարիայի բոլոր իշխանություններին Հունգարիայի հայկական համայնքի հանդեպ դրսևորած առանձնահատուկ վերաբերմունքի համար։ Նախագահը շեշտել է, որ տեղի հայ համայնքն իր ուրույն դերակատարությունն ունի երկու երկրների հարաբերություններում։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին։ Երկուստեք շեշտվել է կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առանցքային կետերը և ընդգծել, որ Հայաստանի սկզբունքային և միանշանակ դիրքորոշումը վերջնական խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն իր այս դիրքորոշման հիմքում դրել է հենց խաղաղության փիլիսոփայությունը։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսությունների միջև առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրականացման և զարգացման հնարավորություններին և հեռանկարներին։

Կարևորվել են Հայաստանի և Հունգարիայի միջև առկա մշակութային, կրթական, քրիստոնեական արժեքային ընդհանրություններն ու կապերը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև առկա է ձևավորված փոխշահավետ փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր կրթական ծրագրերի կյանքի կոչման միջոցով։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել քայլեր ձեռնարկել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության և այլ միջազգային հարթակներում համագործակցության հետագա խորացման և զարգացման ուղղությամբ։

***

 

Պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև՝ մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ հունգարական կողմից՝ Հունգարիայի մշակույթի և նորարարությունների նախարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն:

***

 

Հայաստանի և Հունգարիայի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում կայացած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

Մեծարգո՛ տիկին Նախագահ,

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Այս այցը շարունակությունն է մեր նախորդ ակտիվ շփումների. ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա հունիսին Բեռլինում և նոյեմբերին Դուբայում կայացած մեր հանդիպումները: Գոհունակությամբ եմ նշում, որ վերջին շրջանում բարձ մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև մեր օրակարգի հետագա ընդլայնման, և իհարկե, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հանձնառությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա մեր քննարկումների ընթացքում նախագահ Նովակի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսության հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես՝ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժն իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։

Ցանկանում եմ առանձնահատուկ հիշատակել պաշտոնապես՝ որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հունգարահայ համայնքը, որը կարևոր դեր է կատարում երկու ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններում, և մշտապես վայելում է Հունգարիայի աջակցությունը՝ իր էթնիկ և կրոնական ինքնության պահպանման հարցում։ Դրա վառ օրինակներից է 2022թ. տարեվերջին Բուդապեշտի Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:

Կարևոր եմ համարում նաև երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ միջխորհրդարանական համագործակցությունը հիմք կդառնա ինչպես երկկողմ կապերի հետագա բարելավման, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:

Այսօր մենք քննարկել ենք նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր: Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում ԵՄ աջակցությամբ իրականացվող՝ խաղաղության հաստատման ու տնտեսական փոխգործակցության խթանման քաղաքականությունը, կունենա իր դրական արդյունքը:

Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղության գործընթացը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում իր գործնական ներգրավվումը, և աջակցում է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերին։ Այդուհանդերձ, կայուն ու երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը:

Իհարկե, մեզ համար էական նշանակություն ունեն նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում Հունգարիայի կողմից կատարված ջանքերը:

Մեծարգո՛ տիկին նախագահ,

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, գործադրել ջանքերը Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս քննարկումները հիանալի հիմք կհանդիսանան հետագա գործընկերության և համագործակցության համար:

Շնորհակալություն:

***

 

Պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ զետեղել հուշակոթողի մոտ:

***

 

Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Պաշտոնական ճաշի մեկնարկին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին հայ-հունգարական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով։

Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, բարձր գնահատել երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի փոխգործակցությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքը.

Մեծարգո տիկին Նախագահ,

Հարգարժան հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք հայտնել իմ խորին շնորհակալությունը` ինձ և հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր զրույցը շարունակել այսպիսի մտերմիկ ու անկաշկանդ մթնոլորտում։

Նախագահի մակարդակով այս պաշտոնական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է:

Վստահաբար այն կխթանի մեր ժողովուրդների միջև ձևավորված ավանդական կապերը և հիմք կհանդիսանա բազմոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:

Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հունգարիայում ապաստան գտած հայերը դարերի ընթացքում ապացուցել են իրենց հավատարմությունը հյուրընկալ երկրին, ստացել առանձնաշնորհներ և ազնվականական տիտղոսներ, այդ թվում՝ Մարիա Թերեզա կայսրուհուց:

1848-1849թթ. ազատագրական պայքարին մեծ թվով հայ սպաներ են մասնակցել: Տասներեք մահապատժի դատապարտված «Արադի նահատակներից» երկուսը՝ գեներալ-լեյտենանտ Էռնո Քիշը և գնդապետ Վիլմոշ Լազարը ծագումով հայազգի էին։

Մեր հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային առընչությունները։ Հունգարական մշակույթը հարստացրել են ծագումով հայ մշակութային գործիչները, այդ թվում՝ գրողներ Գերգեյ Չիկին, Իշտվան Պետելեին, նկարիչ Շիմոն Հոլլոշին, այս շարքը կարելի է երկար շարունակել:

Մի բան ակնհայտ է՝ հայ և հունգար ժողովուրդների բարեկամությունը կոփվել է դարերի ընթացքում, անցել դժվարին փորձությունների միջով, տալով նվիրվածության և հավատարմության բազմաթիվ օրինակներ:

Մենք կիսում ենք համամարդկային միևնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության, խաղաղության, ինքնիշխանության, հավատալով հանդուրժողականության ուժին:

Տիկին Նախագահ,

Մենք հավատում ենք, որ Ձեր երկիրը և շատ երկրներ, որոնց հետ մենք ունենք մշակութային և քրիստոնեական ընդհանուր արժեքներ, կսատարեն մեր արդար գործին և կօգնեն Հայաստանին տարածաշրջանում հարատև խաղաղության և համագործակցության հասնելու ճանապարհին, ինչը պետք է խարսխված լինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և ազատության սկզբունքների վրա:

Հունգարիա պաշտոնական այցիս շրջանակներում հանդիպումների ընթացքում վստահաբար կանդրադառնամ մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ոգուն և բարեկամության լավագույն ավանդույթներին:

Խոսքիս ավարտին ցանկանում եմ վերահաստատել նաև երկու երկրների միջև համագործակցությունը գործուն միջոցներով խորացնելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը:

 

***

 

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան:

Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Գեզա Կումինեցը:

Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի Ձեր համալսարանն այսօր հանդիսանում է հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի ծառայելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության խորացմանը:

2016թ. մարտի 23-ին Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում Պազմանի համալսարանի պատմության ինստիտուտում հիմնադրվեց հայագիտության ամբիոն: Սա հիրավի պատմական իրադարձություն էր՝ ուղղված այն հայագիտական ավանդույթների զարգացմանը, որոնց ակունքներում էին հունգարահայ պատմագիրներ Սոնգոտ Քրիշտոֆը, Գովրիկ Գերգեյը, Ավետիք Լուկաչը, հայագետներ Էդմոնդ Շյուտցը, Էվա Բագի-Գևորգյանը, Պալ Սալմաշին, Պիրոշկա Կրայչիրը։

Իսկ այսօր այդ ավանդույթները զարգանում են հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Բալինտ Կովաչի ամենօրյա ջանքերի և գիտական գործունեության արդյունքում: Ներկայում Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ուսանում են 45 հայ ուսանողներ տարբեր երկրներից: Նրանց զգալի մասը կրթաթոշակ է ստանում Հունգարիայի կառավարությունից, իսկ մյուս մասը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից:

Ինձ հաճելի էր տեղեկանալ, որ Հունգարիայի ազգային փոքրամասնություններին առնչվող «Pro Cultura Minoritatum Hungariae» մրցանակի այս տարվա 13 մրցանակակիրներից մեկը հենց դոկտոր Կովաչն է, ով այդ մրցանակին արժանացել է իր հայագիտական հետազոտությունների, Հայ կաթոլիկ եկեղեցու մշակութային ժառանգության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտական ամբիոնի հիմնադրման համար:

Հարգելի գործընկերներ,

Յուրաքանչյուր ժողովրդի զարգացման կարևոր հիմնաքարը կրթությունն է, և կրթությանն ուղղված ներդրումները: Իսկ միջպետական կապերի զարգացման հիմքերից մեկը երկրների միջև գիտակրթական, պատմական և մշակութային կապերի զարգացումն է: Հայաստանի և Հունգարիայի միջև բարելավվող հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում ոչ միայն երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական հարուստ անցյալի, հունգարահայ պատմական գաղթօջախի և նրա մշակութային ժառանգության, Հունգարիայի պատմության մեջ նշանակալի ներդրումներ ունեցած հայազգի նշանավոր զինվորական և պետական գործիչների, գրողների, արվեստագետների կյանքի ու գործունեության հանրահռչակումը, այլ նաև մեր երկրների մերօրյա և ապագային միտված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը։ Եվ այս գործում իր անփոխարինելի դերն ունի Հունգարիայում հայ ազգային ինքնավարությունը՝ կենտրոնական, քաղաքային և մարզային կառույցներով։ Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնցից կառանձնացնեի Հայաստանում 1968թ.-ից գործող «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի և համագործակցության ընկերությունը:

Իրականում երկկողմ զարգացման մեծ ներուժ կա ոչ միայն հումանիտար, այլև գիտության գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և այլ ոլորտներում, որտեղ թե հայերը, թե հունգարացիներն ունեն նշանակալի ձեռքբերումներ միջազգային հարթակներում: Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի մշակումը ոչ միայն կառավարական կառույցների, այլև տարբեր գերատեսչությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական կենտրոնների միջև՝ ամենատարբեր միջազգային գործիքների ներգրավմամբ:

Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտական ամբիոնին սատարելու, իսկ դոկտոր Շանդոր Օզեի գլխավորությամբ համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և հայագիտական ամբիոնի ողջ աշխատակազմին՝ իրենց ամենօրյա անխոնջ աշխատանքի համար»:

Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի Պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Գեզա Կումինեցը:

***

 

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Ողջունելով նախագահին Հունգարիայի վարչապետը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով եմ նաև, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական համագործակցության զարգացմանը»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: «Պարոն վարչապետ, մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախագահը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ: Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը, շեշտել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ հետագա քայլերի շարունակականության նշանակությունը:

Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ:

ԱԺ խոսնակը ողջունելով նախագահին նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական բնույթ կկրեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում, և այս համատեքստում գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի նշանակությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը, այդ թվում տնտեսական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում:

 

 

 

 






 

← Վերադառնալ