18
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ: Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ողջունել և կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի, Սան Մարինոյի Կապիտան ռեգենտներ Ալեսսանդրո Սքարանոյի և Ադելե Տոննինիի հետ:

Աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի և բարձր ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: 

***

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՍԵՊԱ-յի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին:

Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը:

Զրույցի ընթացքում Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով իր պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել հրավերի համար:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին հրավերն ընդունելու և Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար:

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության ոլորտներին և հնարավորություններին նվիրված հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Գերմանիայի արդյունավետ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են Հարավկովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և պատրաստ է առանց նախապայմանների բարիդրացիական ու կարգավորված հարաբերություններ հաստատել հարևանների հետ:

Նախագահ Շտայնմայերն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար: Գերմանիայի նախագահը մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով:

Նախագահ Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու Հայաստանի ջանքերին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի մեր տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը նպաստելու ուղղությամբ:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել և ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Խաչքարը տեղադրվել էր 2016 թվականին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը՝ մասնավորապես գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի ոլորտներում:

Լանդթագի նախագահը շեշտել է, որ ներկայումս էլ իրականցվում են մի շարք համատեղ գյուղատնտեսական ծրագրեր՝ մասնավորապես Արմավիրի մարզում և այդ ծրագրերն ընդլայնվելու միտում ունեն:

Հանրապետության նախագահը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք նպաստում են երկրի տնտեսական ոլորտի տարբեր ճյուղերի ապակենտրոնացված զարգացմանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել դրանց իրականցմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մշակույթի, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում առկա մեծ փոխգործակցային ներուժի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները:

***

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրաունհոֆերի արտադրական համակարգերի և կոնստրուկցիոն տեխնոլոգիայի ինստիտուտ:

Նախագահն ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Էքարտ Ուլմանի ուղեկցությամբ շրջել է ինստիտուտում և ծանոթացել վերջինիս գործունեության հիմնական ոլորտներին:

Պրոֆեսոր Ուլմանը նշել է, որ ինստիտուտն ունի 76 մասնաճյուղ և սերտորեն համագործակցում է գիտական կենտրոնների հետ հենվելով գիտական արդյունաբերության զարգացման սկզբունքների վրա:

Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ հաջողությամբ համագործակցում են նաև Մատենադարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և Ինժեներական քաղաքի հետ, ինչպես նաև ցանկություն հայտնեց փոխգործակցային կապեր հաստատել Թումո կենտրոնի հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծեց, որ իր հնարավորությունների սահմաններում լիովին պատրաստ է աջակցել հայ և գերմանացի մասնագետների համատեղ նախաձեռնությունների իրականություն դառնալուն և Հայաստանում գիտական արդյունաբերության ոլորտում գերմանական լավագույն փորձի ներդրմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա աշխատանքային քննարկումները:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բեռլինի քաղաքապետարան և գրառում թողել պատվո հյուրերի մատյանում:

Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները շնորհակալություն հայտնելով այցելության համար նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Հանրապետության նախագահի այցը իր համար առաջին բարձր մակարդակի ընդունելությունն է:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև Հատուկ օլիմպիական խաղերի բարձր մակարդակի կազմակերպվածության համար:

Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են և համագործակցային մեծ ներուժ ունեն:

Հանրապետության նախագահն իր խոսքում մանրամասներ է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը, ինչպես նաև բարձր է գնահատել խաղաղության հաստատման ուղղությամբ գործընկերների, այդ թվում Գերմանիայի կանցլերի ջանքերը:

Կայ Վեգներն իր խոսքում նշել է, որ ՀՀ նախագահի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման համար և իր նպաստը կբերի բիզնեսի առևտրատնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում հայ գերմանական համագործակցության հետագա զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին, որոնք համամարդկային արժեքներ են և լավ հիմք երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման և լավագույն փորձի փոխանակման համար:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ:

Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին: Նախագահն ընդգծել է նաև, որ ժողովրդավարական համակարգերի ձևավորման ու ամրապնդման համար կարևոր նախապայմաններից է կայուն խաղաղությունը, ինչն էլ վերջնարդյունքում հանդիսանում է հիմնադրամի գործունեության նպատակներից մեկը:

Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ինքն անձամբ, ինչպես նաև ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի շատ երիտասարդ գործիչներ սերտորեն համագործակցել են հիմնադրամի հետ, ինչն իր դրական ազդեցությունն է թողել ազատական գաղափարների տարածման համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:

Նախագահ նաև հույս է հայտնել, որ Նաումանի հիմնադրամը առաջիկայում նույնպես կակտիվացնի հարավկովկասյան տարածաշրջանում իր ավանդական գործունեությունը, որը հավելյալ խթան է ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, խաղաղության հաստատման համար:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին:

Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար, այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում Հայաստանում արված ուղիղ ներդրումների զգալի աճին, ինչպես նաև գործարարների ներհոսքին՝ մի շարք երկրներից:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ արտասահմանյան ձեռներեցների և կազմակերպությունների հետաքրքրվածությունը Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվելու հարցում արդյունք է նաև երկրում գործարարության համար անհրաժեշտ գրավիչ միջավայրով և բյուրոկրատական հեշտացված մեխանիզմների ներդրման:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և վերջինիս ազդեցությանը տարածաշրջանի երկրների տնտեսական կյանքի վրա:

Անմիջական մթնոլորտում պատասխանելով ներկաների հարցերին, նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան էներգետիկ անվտանգության առանձնահատկությունների, ատոմակայանի շահագործման և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների հետ Հայաստանի հարաբերություններում առկա խոչընդոտների և հնարավորությունների, ինչպես նաև մակրոտնտեսական նշանակության հաղորդակցության ուղիներում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հույս է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել գործարարներին՝ արդեն Հայաստանում և քննարկել առարկայական ծրագրեր, պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ներդրումային նախաձեռնություններին:

← Վերադառնալ