Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցն Իտալիայի Հանրապետություն
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով ժամանել է Հռոմ:
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝ խորհրդարանի հետ հարաբերությունների նախարար Ֆեդերիկո Դ՛Ինկան։
***
Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցն Իտալիայի Հանրապետություն:
Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը: Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Հայաստանի և Իտալիայի նախագահները կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան կրել են երկու երկրների բարձրագույն պետական պարգևների՝ Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանի և Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանի շերտաձողիկները: Այդ պարգևներին նրանք արժանացել էին 2018թ. երկու երկրների միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
***
Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը:
Նախագահներ Սարգսյանը եւ Մատարելլան անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: Նրանք նշել են, որ հայ և իտալացի ժողովուրդները, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններ կրողներ, փոխհարաբերությունների հարուստ տարեգրություն ունեն, որի հիմքում պատմական սերտ առնչություններն են և նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը:
Հայաստանի և Իտալիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների ու խնդիրների վերաբերյալ:
***
Իտալիայի նախագահի նստավայրում նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահին՝ պետական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիների փոխայցելություններն ու երկու նախագահների պետական այցերը վկայում են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ձեր բարեկամության համար, ինչպես նաև Ձեր կառավարությանը՝ COVID-19-ի դժվար օրերին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, որը շարունակվում է մինչև այսօր»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մատարելլային և Իտալիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի համար, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի ընդունված փաստաթղթերը։
Անդրադառնալով 44֊օրյա պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, իսկ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցային ճանապարհն է. «Մենք նայում ենք ապագային՝ հուսալով, որ զինադադարը մի օր կդառնա խաղաղություն, և մեր բարեկամների՝ մասնավորապես, Իտալիայի հետ կզբաղվենք ստեղծագործ աշխատանքով՝ ամրացնելով մեր հարաբերությունները քաղաքական, իրավական, ֆինանսական, նոր տեխնոլոգիաների և ընդհանրապես մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Այդ նպատակով եմ այցելել Իտալիա»։
Ողջունելով Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իտալիա՝ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է, որ 2018թ. Հայաստան կատարած իր այցից ջերմ հիշողություններ ունի։ «Վստահ եմ, որ այս այցը նոր լիցք է հաղորդելու դրանց շարունակական զարգացմանը: Առաջին անգամն է, որ Հայաստանի նախագահը պետական այցով հյուրընկալվում է Քուիրինալե պալատում: Իտալիայի և Հայաստանի միջև գոյություն ունի երկարատև բարեկամություն, որն է՛լ ավելի է ամրապնդվել մեր անձնական բարեկամությամբ։ Հիշում եմ 2020 թ. մարտին, երբ Իտալիան կորոնավիրուսի հետ կապված իսկապես ճգնաժամային պահեր էր ապրում, Դուք ինձ զանգահարեցիք:
Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկիր է: Մենք այսօր COVID 19-ի դեմ պատվաստանյութի 45 հազար դեղաչափ ենք առանձնացրել Հայաստանի համար: Մենք կարողացանք փոխադարձ օգնության հասնել միմյանց այդ ողբերգական իրադարձության ժամանակ»,-ասել է նախագահ Մատարելլան: Իտալիայի նախագահը ցավ է հայտնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհերի համար: «Մենք միանգամայն համոզված ենք, որ վերջնական լուծում կարելի է գտնել բանակցային գործընթացի միջոցով,- ասել է նա: -Անհրաժեշտ է, որ երկկողմ կառուցողական մթնոլորտ ստեղծվի, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար: Մեզ համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ու սննդի անվտանգության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային, պետականաշինության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտներում:
Անդրադարձ է եղել գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության ներուժին ու հեռանկարներին: Այս համատեքստում խոսվել է Հայաստանի նախագահի ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին:
Նշվել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման համար: Բացի այդ, Հայաստանում ներդրումներ կատարելով՝ իտալացի գործարարները կկարողանան առանց մաքսատուրքերի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության շուկա։
Նախագահների համոզմամբ՝ երկու ժողովուրդների ընդհանրություններից մեկն էլ մեծ սփյուռքի առկայությունն է: Կարևորելով սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նրանք ընդգծել են, որ Իտալիայում հայ համայնքի և Մխիթարյանների միաբանության ժառանգությունը երկու երկրներին մղում է ավելի սերտ գործակցության։
Երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից ընդգծվել է համագործակցությունը կրթության, մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Նախագահ Սարգսյանը կարևորել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների շարունակական գործունեությունը, ինչը կնպաստի Իտալիայում հայագիտության զարգացմանը:
Իտալիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցի շրջանակում հայկական արվեստի արժեքավոր նմուշների՝ Քուիրինալե պալատում ցուցադրության համար։
Նախագահ Սարգսյանի պետական այցի շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն կրթության, արդարադատության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։
***
Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան այսօր կայացած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.
«Մեծարգո նախագահ Մատարելլա,
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ որպես Հայաստանի նախագահ առաջին անգամ պետական այցով գտնվել Իտալիայում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Մատարելլային՝ իր բարեկամության, հրավերի և այս փայլուն ընդունելության համար։
Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։
Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և՛ Իտալիայի, և՛ Հայաստանի կողմից։
Մեր բանակցություններում անդրադարձանք նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները շատ արագ կհասնեն այնպիսի մակարդակի, ինչպիսին մեր երկխոսության մակարդակն է։
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն անկում ապրեց, բայց 2021 թվականին սկսեց վերականգնվել։ Վստահ եմ, որ այն շատ արագ շատ ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին։
Նախագահի հետ միասին կարևորեցինք նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից այնպիսի ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության, 21-րդ դարին համապատասխանող կապի համակարգերի հետ:
Քննարկեցինք այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող են լինել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։
Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:
Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:
Մեծապես կարևորում ենք երկկողմանի մարդկային շփումներն ու հարաբերությունները՝ մասնավորապես զբոսաշրջության բնագավառում: Ե՛վ Իտալիան, և՛ Հայաստանը հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն։ Պարոն նախագահի հետ ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:
Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, ինչը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը:
Սիրելի գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իմ գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։
Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը և՛ Հայաստանում, և՛ այլուր:
Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։
Բարձր ենք գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։
Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։
Մեր ամուր համագործակցության և բարեկամության լավագույն օրինակներից են Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերը հանուն խաղաղության և անվտանգության, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր հրամանատարության շրջանակներում:
Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարության որոշման համար՝ համավարակի այս բարդ փուլում Հայաստանին մեծաքանակ պատվաստանյութեր տրամադրելու համար։
Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։
Համոզված եմ, որ ապագայի տեսլականով Իտալիայի և Հայաստանի միջև ստեղծված երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվեն, և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների եկող տասնամյակներում։
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իտալիայի իմ թանկագին բարեկամ և բացառիկ պետական գործիչ, միջազգային բարձր հեղինակություն վայելող նախագահ Մատարելլային՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ բոլոր ուղղություններով»:
Նախագահ Մատարելլան իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է.
«Մեծ հաճույք է այսօր այստեղ՝ Քուիրինալե պալատում, հյուրընկալել նախագահ Սարգսյանին, նրա տիկնոջն ու պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին պատմական այցի կապակցությամբ։
Այցը պատմական է, քանի որ համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի հետ, ինչի առթիվ կրկին իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նախագահ Սարգսյանին։
Ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել այս այցը, որը հետաձգվել էր համավարակի պատճառով։ Սա 2018 թվականի հուլիսին Երևան կատարված իմ այցի պատասխան այցն է, որի մասին դեռ պահպանում եմ վառ և ջերմ հիշողություններ։
Հայաստանը և Իտալիան կարող են պարծենալ բարեկամական մեծ ավանդույթներով, որոնք բնորոշվում են որակական աճով։ Ունենք համագործակցության մի շարք ոլորտներ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյանին, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում Հայաստանի ներգրավվածության համար։ Մեր ընկերությունը վերահաստատվեց նաև համավարակի ժամանակ, երբ պարոն Սարգսյանը զանգահարեց Իտալիա և իր անհանգստությունը հայտնեց Իտալիայում համաճարակի ծանր իրավիճակի համար։
Մեր բժիշկները համագործակցեցին հայ բժիշկների հետ ուս ուսի Հայաստանում:
Նախագահ Սարգսյանի հետ խոսեցինք մեր հարաբերությունների մասին, և ես նշեցի, որ Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»։
***
Պետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
Իր և Սենատի անունից բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Մարիա Կազելատին ևս մեկ անգամ գոհունակությամբ է նշել այն ամուր կապերը, որ գոյություն ունեն երկու երկրների միջև: Նա ասել է, որ 2018թ. Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան և այսօր Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա մեծ խթան են երկու երկրների համագործակցության համար: Մշակույթը համարելով երկկողմ փոխգործակցության էական բաղադրիչ՝ նա կարևորել է Երևանում 2018թ. բացված՝ Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը:
Համաձայնելով, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում պատմական և մշակութային կապերն են, Հայաստանի նախագահը ասել է, որ մեր ժողովուրդները հազարամյակների պատմական առնչություններ ունեն, իսկ վերջին երկու հազար տարիներին՝ նաև համատեղ քրիստոնեական պատմություն: «Մենք ժողովուրդներ ենք, որոնք մշակույթը, գիտելիքը, արվեստը միշտ շատ բարձր են գնահատել»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների կարևոր դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման գործում: «Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանայի զարգացումների և խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում նշել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին և կոչերին, Ադրբեջանն առ այսօր շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ուղղություններին և հեռանկարներին:
***
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, այսօր բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան դիտել են ցուցադրությունը:
Նմանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020 թվականի սեպտեմբերին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ ցուցադրվել էին 18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները, որոնցում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նման ցուցահանդեսները Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն են: «Արվեստը միավորում է ժողովուրդներին, ինչն առավել քան ակնհայտ է բարեկամության հինավուրց արմատներ ունեցող հայ և իտալացի ժողովուրդների պարագայում: Եվ սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների երկխոսություն, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն»:
Հայաստանի նախագահը նշել է, որ Քուիրինալե պալատում ներկայացված գործերը հայ մշակութային հարուստ ժառանգության մի մասն են, որի հանդեպ մենք մեծագույն հարգանք ունենք և որն ի սրտե կիսում ենք նաև մեր բարեկամների հետ: Նրա խոսքով՝ հայ նկարիչների այս տաղանդավոր աստղաբույլը՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային արվեստի ժառանգության անբաժանելի մասն է: Այս նկարիչներից ոմանք ժամանակին բավականին առնչություններ են ունեցել Իտալիայի և իտալական մշակույթի հետ: Նախագահի խոսքով՝ իտալական հողում արդեն իսկ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների մի հսկա գանձարան կա՝ ի դեմս Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ժառանգության:
***
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
Ողջունելով Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա՝ Ռոբերտո Ֆիկոն նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, և հուսով եմ, որ մեր երկու խորհրդարաններն իրենց գործունեությամբ ավելի կամրապնդեն այդ հարաբերությունները»,- ասել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ և շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իտալիայի հետ բոլոր ուղղություններով փոխգործակցության ամրապնդմանը՝ միջխորհրդարանական համագործակցությունը համարելով միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ «Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին և ձգտում եմ գործել հօգուտ այդ գործակցության զարգացման,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ձեր երկրում մեծ փորձառություն ունեցող խորհրդարանական ժողովրդավարություն ունեք։ Հայաստանն ընդամենը երեք տարվա խորհրդարանական հանրապետություն է, և մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք»։
Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի Ազգային ժողովի և Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համագործակցությունը և, այդ համատեքստում, Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցը, ինչպես նաև խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:
Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2019թ․ ապրիլի 10-ին Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման և այդ հարցում անձամբ Ռոբերտո Ֆիկոյի դիրքորոշման համար, ինչը լավագույնս է փաստում Իտալիայի հավատարմությունը ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին։
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և հատկապես մարդասիրական խնդիրներին: Նա երախտագիտությամբ է հիշել այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր ուղղություններից են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, որտեղ Իտալիան իր ծանրակշիռ դերակատարումն ունի: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքները, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերի իրականացումը:
***
Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է Վենետիկի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին և բարձրաստիճան զինվորականներ։
Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։
***
Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների ու համագործակցության առաջ զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք փոխգործակցության մեծ ներուժ ունենք հատկապես մշակութային, կրթական, պատմական ժառանգության պահպանման և բազմաթիվ այլ ոլորտներում»։
Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նշել է, որ ուրախ կլինեն խորացնել համագործակցությունը և բարեկամությունը Երևանի հետ. «Մեր ժողովուրդների հազարամյակների պատմությունը լավ հիմք է նաև ապագայի գործընկերության զարգացման համար»։ Քաղաքապետն ասել է, որ իրենք պատրաստ են բարեկամների հետ կիսվել փորձով ու պատմական ժառանգության պահպանման իրենց գիտելիքներով։
Հանդիպմանը կարևորվել են երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը, ընդգծվել է շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։
Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար և հույս հայտնել, որ հայ մեծանուն գրողի կիսանդրին կդառնա հայ-իտալական բարեկամության վկայություններից մեկը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նա միաժամանակ կարևորել է Հռոմի Աուգուստո Լորենցինի հրապարակին հարող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակում հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հայ մայրը» բրոնզե հուշարձանի տեղադրումը:
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Հռոմի քաղաքապետարանի Պատվավոր հյուրերի գրքում։
***
Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, այսօր երեկոյան Քուիրինալի պալատում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի եւ տիկին Լաուրա Մատարելլայի անունից տրվել է պետական ընթրիք:
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայ-իտալական հարաբերությունները խարսխված են հարուստ ու հինավուրց ավանդույթների, ընդհանուր քաղաքակրթական և քրիստոնեական արժեքների վրա: Մեր ճանապարհները հաճախ միահյուսվել են պատմական խաչմերուկներում և փոխադարձաբար հարստացրել միմյանց, մեր մշակույթն ու մտածողությունը, մեր գիտելիքները:
Բազմադարյա և բուռն պատմության ընթացքում հայ ժողովուրդը բախվել է բազմաթիվ դժվարությունների և փորձությունների, սակայն դիմագրավել ու հաղթահարել է դրանք արժանապատվությամբ և տոկունությամբ: Ցավոք, այսօր էլ մենք, Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռևս չենք կարող խոսել լիարժեք և կայուն խաղաղության մասին: Իմ այցից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն էր. Հայաստանում և Արցախում մենք ոգեկոչեցինք նահատակված մեր երիտասարդ հերոսների, պատերազմին զոհ գնացած զինվորների ու քաղաքացիական անձանց հիշատակը...
Տարածված հայկական և իտալական ասացվածքի համաձայն՝ մարդն իրական ընկերներին ճանաչում է ճգնաժամի, դժբախտության ժամանակ, ծանր օրերին: Անցյալ տարի համավարակով պայմանավորված ամենաողբերգական շրջանում մենք անհուն ցավ և հուզմունք էինք ապրում իտալացի ժողովրդի համար։ Մեր հերթին, մենք խորապես զգացված ենք պատերազմի դժվարին օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության, սրտացավության և համերաշխության դրսևորման համար: Մենք դա երբեք չենք մոռանա:
Անշուշտ, միայն ճգնաժամերն ու փորձությունները չեն, որ մերձեցնում են հայերին ու իտալացիներին:
Իտալիայում հայերի ներկայության հետքեր կան երկրի գրեթե ողջ տարածքում։ Հայ ազգի նույնիսկ սրբերը, ինչպես Սուրբ Գրիգորը, Մինասը, Դավիթը, որոնք ոգեղեն պահապաններն են իտալական տարբեր քաղաքների, հայ-իտալական առնչությունների հոգևոր խարիսխներն են։ Մեր կապերը եղել են խորը և ընդգրկուն: Ե՛վ Հայաստանի անկախացումից հետո, և՛ դրանից ի վեր մենք մեր հարաբերություններն անշեղորեն կառուցել ենք այդպիսի բացառիկ, հոգևոր և պատմական հիմքերի վրա։
Այսօր մեր երկրները ունեն միջպետական ամուր հարաբերություններ՝ շարունակվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, և դրա վառ օրինակը, պարոն նախագահ, Իտալիայի և Հայաստանի նախագահների ջերմ հարաբերություններն են։
Հաջորդ տարի լրանում է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Իտալացի մեծ Դանթե Ալիգիերիի խոսքերով․ «Առանց բարեկամների մենք չենք կարող կատարյալ կյանք ունենալ»։ Եվ թեև մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, վստահ եմ, որ հայ և իտալացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն իր անհամար հարուստ դրսևորումներով նպատակաուղված է մեր երկու պետությունների ու ժողովուրդների համար դանթեական այդ կատարյալ կյանքի կերտմանը:
Համոզված եմ նաև, որ իմ պետական այցը Իտալիա, միտված լինելով ապագային, կամրապնդի հայ-իտալական բարեկամությունը և նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում։
Պարոն նախագահ,
Հայ և իտալացի հասարակությունների, հայերի և իտալացիների նմանության մասին շատ ենք խոսում։ Ես ինքս շատ եմ մտածել դրա մասին։ Մենք նման ենք, որովհետև բազմադարյա ժողովուրդներ ենք։ Մենք նման ենք, որովհետև հին քրիստոնյա ժողովուրդներ ենք։ Մենք նման ենք, որովհետև զգացմունքային ենք։ Սակայն անցյալ տարի մայիսին երկու-երեք օրով գտնելով Վենետիկում՝ Մխիթարյան միաբանության տարածքում, ես հայտնաբերեցի, որ մենք նման ենք նաև մեր վերաբերմունքով ու սիրով դեպի գիտելիքը, դեպի գիրքն ու գրքի պահպանությունը։ Ե'վ իտալացիները, և' հայերը սիրում են գիրք հավաքել, սիրել են միջնադարից գրքերը պահպանել և պաշտպանել, հաճախ իրենց սեփական կյանքի գնով։
Պարոն նախագահ, Դուք և տիկին Մատարելլան, երբ Հայաստանում էիք, այցելեցիք Մատենադարան, որը գիտելիքի և գրքի շատ յուրօրինակ տաճար է։ Գրքերից շատերը Մատենադարան են հասել առանձին անհատների, կանանց ուսերին, որոնք փախչում էին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից և հսկայական դժվարություններից։ Սուրբ Ղազար կղզում 300 տարվա մեջ Մխիթարյան միաբանները ստեղծել են հսկայական հավաքածու, որը պահպանվում և պաշտպանվում է աչքի լույսի նման։ Եվ ես մտածեցի, որ մեր երկու ժողովուրդների ապագան, ժողովուրդներ, որոնք բնական ռեսուրսներ չունեն, բայց ունեն հսկայական մարդկային և մշակութային հարստություն, կապված է լինելու գիտելիքի, գրքի և գիտության հետ։ Այդ իմաստով ինձ համար մեծ հաճույք է այսօր Ձեզ, պարոն նախագահ, նվիրել մի գիրք, որը կոչվում է «Հռոմ-Հայաստան»։ Ես մի փոքր կապ ունեմ այս գրքի հետ, այն 1999 թվականի «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսի կատալոգն է, որն անցկացվեց Սիքստինյան տաճարում։ Սա պատմություն է Հայաստանի և Հռոմի երկու հազար տարվա բարեկամության մասին։ Ես հույս ունեմ, որ այսօր մենք սկսում ենք հաջորդ 2000 տարվա պատմության առաջին օրը:
Առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր ժողովուրդների բարեկամության, բարօրության ու խաղաղ ապագայի, հայ-իտալական անկեղծ բարեկամության, իմ թանկագին բարեկամի, ընկերոջ, իմաստուն և հեռատես քաղաքական գործչի՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և տիկին Մատարելլայի համար»։
***
Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հետևել է Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իտալիայի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, որի համար հիմք են հանդիսացել երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու քրիստոնեական արժեհամակարգը:
Նշելով, որ Հայաստանն ու Իտալիան ներկայումս նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ ոլորտներում՝ նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, առավել ևս, որ երկու երկրների ներուժը այդպիսի հնարավորություն ընձեռում է:
Հայաստանի նախագահն ու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Համագործակցության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը դիտարկելով առևտրատնտեսական հարաբերությունները՝ զրուցակիցները նշել են, որ թեև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, փոխարենը 2021թ․ առաջին կիսամյակում այն որոշակի աճ է գրանցել:
Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Դրագիին և Իտալիայի կառավարությանը՝ Հայաստանին մարդասիրական աջակցության շրջանակներում պատվաստանյութի նշանակալի քանակություն տրամադրելու համար։
Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն գործակցությանը և այդ համատեքստում Իտալիայի դերին՝ որպես ԵՄ հիմնադիր ու առաջատար երկրի: Կարևորվել է Եվրոպական միության դերը մեր երկրի զարգացմանն աջակցելու հարցում։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ արցախյան պատերազմում ցավալի կորուստներից հետո, Հայաստանի համար կարևոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա, որոնցից են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կառավարման հավասարակշռված համակարգի ձևավորումը, երկրի զարգացման համար սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը:
Նախագահն առանձնացրել է նաև մարդկային կապիտալի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները՝ ընդգծելով, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավոր ուղղությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել հրադադարի հաստատումից հետո իտալական կողմի արտահայտած պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ուղարկելով մասնագետների առաքելություն, այդ թվում՝ համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։
Խոսվել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իտալական ներդրումների ներգրավման հնարավորությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իտալական կողմն առաջարկել է Իտալիայում հայկական օրեր կազմակերպել հայկական արտադրանքն ու տնտեսական հնարավորությունները ներկայացնելու և գործարար շփումները խթանելու նպատակով։
Նշվել է, որ ունենալով հարուստ մշակութային ժառանգության և լինելով հնագույն քաղաքակրթության կրողներ՝ Հայաստանն ու Իտալիան ակտիվ համագործակցություն են ծավալել այս ոլորտում, հատկապես՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Մասնավորապես առանձնացվել է Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի (ՌՕՔԵՄՓ) գործունեությունը:
Անդրադառնալով կրթական ոլորտում փոխգործակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների շարունակական գործունեության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Իտալիայում հայագիտության զարգացմանը: Նա ողջունելի է համարել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում երկկողմ ջանքերով հայագիտության ամբիոնի վերաբացումը:
***
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։
Նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ և երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն:
Զրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
***
Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է պետական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, անդրադարձել հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, խոսել 44-օրյա պատերազմի ու մեր երկրի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով պետական այցի նշանակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ համավարակից հետո՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Իտալիան առաջին անգամ է պետական այցով նախագահի ընդունում, և դա ոչ թե որևէ գերտերության, այլ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի այցն է։ «Ես հպարտ եմ դրա համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ձեզ, մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին,- ասել է նախագահը։ -Բացի անձնական հարաբերությունից, բացի բարեկամությունից կա նաև սկզբունքային հարց՝ Իտալիայի պետության ու, մասնավորապես, նախագահ Մատարելլայի վերաբերմունքը մեր ժողովրդին, մեր պետությանն ու պետականությանը։ Պետք է լավ գիտակցել, որ սա բարեկամություն է»։
Նախագահը նշել է, որ համավարակի ժամանակ, երբ Իտալիան ծանր իրավիճակում էր մշտապես կապի մեջ է եղել նախագահ Մատարելլայի հետ՝ փորձելով հնարավորինս աջակցել. «Բարեկամի նույնիսկ փոքր խոսքը, անհանգստությունը գնահատվում և հիշվում է։ Ճիշտ նույն ձևով, երբ մենք անցած տարի բախվեցինք մեր արհավիրքին՝ պատերազմին, ես Իտալիայի նախագահի աջակցությունն ու խոսքը ստացա»։
Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ նախագահ Սարգսյանը խոր ցավ է հայտնել հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի համար. «Անցյալ տարի շատ դժվար տարի էր՝ շատ երիտասարդ կյանքեր կորցրեցինք,-ասել է նախագահը։ -Սկզբունքորեն մենք կարող ենք և՛ հաղթել, և՛ , ցավոք, պարտվել։ Երկու դեպքում էլ կասկած չկա, որ բոլորը, ովքեր պայքարում էին, հայրենանվեր էին, չէին խնայում կյանքը հայրենիքի համար։ 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հնարավորությունները, բնական ռեսուրսները, կառուցեց ժամանակակից բանակ՝ օգտվելով Թուրքիայի ուղղակի աջակցությունից։ Հարցը քաջության, մարտիկների նվիրվածության մեջ չէր։ Այո, սա շատ մեծ դժբախտություն է, որի հետևանքները մինչև օրս կան՝ գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։ Սրանք պատերազմի հետևանքներն են։ Իտալիայում իմ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրեցի մեզ հուզող բոլոր դժվարին հարցերը՝ սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցերը։ Խնդրեցի իտալական կողմի աջակցությունը»։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդը կկարողանա այս ցավալի իրադարձություններից հետո մեջքը շտկելու ուժ գտնել. «Ընդամենը 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդն ունեցել է և՛ մեծ հաղթանակ, և՛ պարտություն։ Բայց մի բանում մենք վստահ ենք։ Մեր ժողովուրդը վերապրող ժողովուրդ է։ Մենք Եղեռն ենք վերապրել, որից հետո ոտքի ենք կանգնել, սփռվել աշխարհով մեկ, վերակառուցել ենք մեր կյանքը, նորից ստեղծագործել ենք։ Քիչ ազգերից ենք, որ հայրենիքից հեռու լինելով՝ առաջինը եկեղեցի ենք կառուցում, երկրորդը՝ դպրոց, հետո մնացած բաները,- ընդգծել է նախագահը։ -Ես վստահ եմ, որ բոլորս միասին ոչ միայն վերապրելու ենք, այլև վերականգնվելու ենք: Իհարկե, պետք է խոսենք և գնահատենք՝ ինչ սխալներ արեցինք։ Սա քննարկում է, որին պետք է մասնակցի հասարակությունը, բայց նախ և առաջ քաղաքական գործիչները, ովքեր պատասխանատու են. անկեղծ նստելով քննարկեն, թե ինչ եղավ, որ մենք այս անգամ չհաղթեցինք»։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել մեր ժողովրդի ողջ հավաքական ուժը, այդ թվում՝ Սփյուռքի ներուժը։ «Վստահ եմ, մեր ժողովուրդն ունի և՛ կամք, և՛ ուժ, և՛ հնարավորություններ ապրելու, արարելու, հաղթահարելու այսօրվա դժվարությունները։ Հայ ժողովուրդն ունի բնական հարստություն՝ հայ ժողովուրդը։ Հայաստանի համար այն կոչվում է Սփյուռք, Սփյուռքի համար՝ Հայաստան։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս բաժանումը չունենանք, մենք մեզ չբաժանենք։ Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք։
Մենք պետք է Հայաստանում, ձեր օգնությամբ, մտածենք այն մասին, թե ինչպես օգտագործենք մեր առավելությունը։ Հայաստանում պետք է լրջորեն քննարկենք, թե ինչպես փոխենք մեզ՝ Սահմանադրությունից մինչև վերաբերմունք, որ օգտագործենք մեր բնական ռեսուրսը՝ մարդկանց, և որ Հայաստանը բոլորի հայրենիքը դառնա։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է և բոլորս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում՝ և՛ լավի, և՛ վատի համար։ Վստահ եմ, որ ի վերջո 21-րդ դարը կարող է մեր դարը լինել։ Ամենամեծ արժեքը լինելու է մարդը, մենք պետք է պատրաստ լինենք դրան և լրջորեն աշխատենք, հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում: Ովքեր արագ կլինեն, կհաղթեն՝ և տնտեսական մրցակցությունում, և՛ մշակութային, և՛ ռազմական։ Տնտեսական հաջողությունը ևս կապված է լինելու գիտելիքի հետ։ Եվ մեր ժողովուրդը կարող է դա անել՝ Հայաստանում և Սփյուռքում ունենալով քաղաքականություն, որն ուղղված է դեպի ապագա»։
***
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հռոմի Լա Սապիենցա համալսարան:
Իտալիայում առաջատարներից համարվող և 700 տարվա պատմություն ունեցող Լա Սապիենցան նաև Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկն է: Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն լավագույն կրթական հաստատությունների շարքում է հատկապես հնագիտության, դասական և հնագույն պատմության, արվեստի և հումանիտար գիտությունների, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և աէրոտիեզերական ինժեներիայի մասնագիտացումներով:
Հայաստանի նախագահի այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լա Սապիենցա համալսարանի միջև, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվել է համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։
«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն է։ Հպարտ եմ ասել, որ Հայաստանն աշխարհի հնագույն և յուրահատուկ երկրներից է, որը հազարավոր տարիների իր գոյության ընթացքում մեծ գիտելիք է կուտակել, և մեր պարտքն է այդ գիտելիքը կիսել ուրիշների հետ։
Կյանքում մենք կիսում ենք գիտելիքը, հույզերը, սերը։ Առանց դրա մենք չենք կարող մարդ լինել, -ասել է նախագահ Սարգսյանը։ -Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ, ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես որպես հայ մարդ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում, լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն հայոց լեզու, հետո շրջանակը կարող է ավելի ընդլայնվել: Սա կդառնա շատ կարևոր կապ, որը կկամրջի ոչ միայն ներկայիս Հռոմն ու Երևանը, այլև կլինի կամուրջ պատմության մեջ, երբ հազարավոր տարիներ առաջ մեր երկու ժողովուրդներն արդեն փոխառնչություններ ունեին։ Հուսով եմ, որ այս փոքր մեկնարկը մեծ նախաձեռնության սկիզբ կդառնա։ Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ կլինեմ նրանցից մեկը, ով լիարժեք կերպով կաջակցի այս մեկնարկին»:
Նախագահ Սարգսյանը համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի հետ քննարկել է հայագիտության դասընթացի ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
Լա Սապիենցա համալսարանում 2000-ականների սկզբից գործել է հայագիտական ամբիոն: Հայագիտությունն Իտալիայում խոր արմատներ ունի, Իտալիայի 6 համալսարաններում տարիներ շարունակ գործել են, որոշներում այսօր էլ գործում են հայագիտական ամբիոններ: Լա Սապիենցա համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը վերջին տասը տարիներին չի գործել ֆինանսավորման բացակայության պատճառով: Վերջին մեկ տարում հատկապես Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեծ աշխատանք է կատարել հայագիտության
ամբիոնի վերաբացման ուղղությամբ, և կողմերի ջանքերի շնորհիվ, համալսարանի՝ բարձր վարկանիշ ունեցող Classics and Ancient History դեպարտամենտում կսկսվի հայագիտության դասավանդումը:
***
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին այցելել է Բոլոնիա՝ Հյուսիսային Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանի մայրաքաղաք, և հյուրընկալվել Բոլոնիայի համալսարանում։
Տասնմեկերորդ դարում հիմնված Բոլոնիայի այս կրթօջախը համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին համալսարանը։ Իր գոյության ընթացքում Բոլոնիայի համալսարանը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Եվրոպայում։ Ընդունված կարծիքի համաձայն՝ միայն այստեղ կարելի էր խորությամբ ուսումնասիրել հռոմեական իրավունքը: Ներկայում նույնպես համալսարանն ընդգրկված է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում, այն ունի 10 հետազոտական և վերապատրաստման կենտրոն, շուրջ 88 հազար ուսանող և մոտ 2800 գիտաշխատող:
Բոլոնիայի համալսարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահին կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով պարգևատրելու արարողությունը։
«Sigillum Magnum» մեդալը շնորհվում է մշակույթի, քաղաքականության, գիտության բնագավառներում աչքի ընկած ազդեցիկ անհատներին: Առաջին անգամ «Sigillum Magnum» մեդալին արժանացել է Իտալիայի նախկին նախագահ Ջուզեպե Սարագատը 1971 թվականին, այն շնորհվել է նաև Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլին, Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզային, իտալացի գրող և գիտնական Ումբերտո Էկոյին և այլ հանրահայտ անձանց։
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Ուբերտինին, Alma Mater Studiorum Բոլոնիայի համալսարանի անունից ողջունելով Հայաստանի նախագահին, մասնավորապես նշել է. «Մեր համալսարանը Ձեզ ողջունում է ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահի, որպես առաջին նախագահի, որը պատվել է մեզ իր այցով, այլ նաև որպես համալսարանի պրոֆեսորի, հարգարժան ֆիզիկոսի։
Քվանտային քաղաքականության վերաբերյալ Ձեր տեսությունը գիտության և քաղաքական հանձնառության ճշմարիտ վկայություն է, մի միություն, որին Դուք մարմնավորում եք 2000 թվականից։ Այդ տեսությունը արտահայտվել է նաև Ձեր հետազոտական գործունեության մեջ, որը միջազգային ասպարեզ եք բերել տարատեսակ համաժողովների և առաջիկայում հրատարակվելիք գրքի, տարբեր պարբերականներում հրապարակված հոդվածների միջոցով։ Ձեր այդ տեսությունը հնարավորություն է տալիս այսօրվա քաղաքական երևույթները դիտարկել այլ տեսանկյունից։
Որպես դիվանագետ Հայաստանը ներկայացնելով Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Միացյալ Թագավորությունում՝ Ձեր առանձնահատուկ ներդրումն եք ունեցել Հայաստանի և Իտալիայի համագործակցության կայացման գործում: Հույս ունեմ, որ նման ներդրում կունենաք նաև Բոլոնիայի հետ կապերի հաստատման մեջ»:
Հայաստանի նախագահին հանձնելով պատվավոր «Sigillum Magnum» մեդալը՝ Ֆրանչեսկո Ուբերտինին ասել է. «Մենք ի սրտե ցանկանում ենք ամրապնդել մեր բարեկամությունը»:
Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Աննա Շիրինյանը ներկայացրել է համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնադրման պատմությունը, հայ-իտալական պատմական կապերն ու խոսել Իտալիայում հայկական նշանակալի հետքի մասին, մասնավորապես նշելով․ «Վաղ միջնադարից հայերը հաստատվել են Իտալիայի տարբեր շրջաններում՝ իրենց հետ բերելով տարբեր ձեռագրեր, հայկական տպագրությունը ծնվել է Իտալիայում և Իտալիայում են հրատարակվել առաջին տպագիր գրքերը»:
Նրա խոսքով՝ համալսարանում հայկական տարբեր ձեռագրեր, հնագույն գրքեր են պահվում, որոնք ներկայումս վերածվում են կատալոգների, և Բոլոնիայի համալսարանն ակտիվորեն ներգրավված է հայկական փաստաթղթերի, ձեռագրերի ուսումնասիրության գործում:
«Ժառանգությունը, որ մենք ստացել ենք, և ժառանգությունը, որը ցանկանում ենք զարգացնել ու հարստացնել, ունի չորս ուղղություն՝ խթանել հայկական ուսումնասիրությունները, վերապատրաստել երիտասարդ հետազոտողների, հաստատել և զարգացնել հաղորդակցություն հայկական ակադեմիական ինստիտուտների հետ, և ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք ընդգծել հայ ժողովրդի առանձնահատկությունները, ժողովուրդ, որը հաջողությամբ կարողանում է հայկական մշակույթը պահպանել ցանկացած երկրում, որտեղ ապրել և ապրում է այսօր»,- նշել է Աննա Շիրինյանը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մասնավորապես ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ստանալ այս համալսարանի ամենաբարձր մեդալը՝ իմանալով, որ իմ անունը լինելու է մեծ գրողների ու գործիչների, նաև իմ լավ բարեկամ, Իտալիայի նախագահ Մատարելլայի, Հռոմի Պապի կողքին, ովքեր այս մեդալին են արժանացել,- ասել է նախագահը։ -Մի բան է պրոֆեսոր կամ պատվավոր պրոֆեսոր լինել տարբեր համալսարաններում, սակայն ստանալ բոլոր համալսարանների մայրը համարվող Բոլոնիայի համալսարանի «Sigillum Magnum» մեդալը երևակայությունից դուրս է մեկի համար, ով իր կյանքի մի փոքր հատված նվիրել է գիտությանը և կրթությանը»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս իրադարձությունն իր համար յուրահատուկ նշանակություն ունի. «Դեռ 1970-ականների կեսերին, երբ երիտասարդ հետազոտող էի, պատիվ եմ ունեցել հրավեր ունենալ հայտնի իտալացի ֆիզիկոսից՝ այցելելու Բոլոնիայի համալսարան: Այդ ժամանակ ես Խորհրդային Միության քաղաքացի էի, և այդ հրավերը մերժվեց: Քանի որ դա առաջին հրավերն էր, այն իմ սրտում մեծ հետք թողեց: Այսօր այստեղ կանգնած՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ, իմ հայրենակիցներին և իմ երկիրը պատվելու համար»:
Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է իր նոր գիրքը, որը վերաբերում է քվանտային աշխարհին, մասնավորապես նշելով. «Քվանտային աշխարհը նոր աշխարհակարգի ձևավորման մասին է, որն այնպիսին չէ, ինչպիսին մենք բոլորս կարծում ենք: Այն շատ տարբեր է, քանի որ ներկա աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և զարգացումները տեղի են ունենում այլ կերպ»։
Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է համալսարանի գրադարան, ծանոթացել այնտեղ պահվող հայ գրական ժառանգության եզակի նմուշներին։ Պրոֆեսոր Աննա Շիրինյանը ներկայացրել է հայ առաջին տպագիր գրքերի բացառիկ օրինակները, ինչպես նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի՝ հայոց վանքերի ու սրբավայրերի հայտնի քարտեզի բնօրինակը (1691 թ.)։
***
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բոլոնիայի համալսարանում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով քվանտային աշխարհի մասին իր նոր գրքի հիմնական թեզերը։
«Հուսով եմ՝ մի օր կկարողանամ հետ վերադառնալ այստեղ՝ գիտական դասախոսություն կարդալու և ներկայացնելու իմ տեսությունը, քննարկում ունենալու գիտնականների հետ: Սա միայն առաջաբանն է այն գրքի, որը նոր ենք ավարտել՝ ես և որդիս՝ Հայկը:
Առաջաբանը կոչվում է՝ «Ներկայացնելով քվանտային աշխարհը»:
Այսօր ձևավորվում է նոր աշխարհակարգ, սակայն ոչ այնպես, ինչպես բոլորս մտածում ենք: Շատ աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում՝ արագացնելու շախմատային խաղաքարերի դիրքերի փոփոխություններն աշխարհաքաղաքականության շախմատային տախտակի վրա: Այս փոփոխությունները պատճառ են դառնում խոշոր տարածաշրջանային հակամարտությունների նոր բռնկումների, սկիզբ են դառնում առևտրի, կիբերտարածքի, տեխնոլոգիաների ոլորտներում հակամարտությունների նոր ժամանակաշրջանի և ստեղծում նոր անկայունություններ միջազգային նորմերով գործող համակարգում, որը հիմնվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո:
Ցավոք, այդ վերջին հակամարտություններից մեկը, որը ողբերգական հետևանքներ ունեցավ, իմ երկրի և Ադրբեջանի միջև էր:
Աշխարհը դարձել է խիստ փոխկապակցված համացանցի, խելացի սարքերի, տեխնոլոգիաների շնորհիվ և զարգանում է մեծ արագությամբ՝ վեր գտնվելով որևէ տեսակի կարգավորումներից: Այն շատ ավելի արագ է, քան որևէ երկիր կարող է կառավարել:
Տեղեկատվությունը հասել է մի կետի, որտեղ փաստերն ու հորինվածքը դարձել են խիստ սուբյեկտիվ: Փոխվել է մարդկանց միջև հարաբերությունների ձևը: Մեր ինստիտուտները կամ երկրները դարձել են խիստ տարբեր՝ համեմատած նախորդ դարի հետ:
Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Այս արագ փոփոխվող քաղաքական ու սոցիալական միջավայրը մարդկանց համար նոր է: Սա նոր դարաշրջանի սկիզբ է՝ քվանտային քաղաքականության դարաշրջանի: Ինչպե՞ս են քաղաքականության և քվանտային տեսության երկու այս հակադիր կոնցեպտները միմյանց հետ միաձուլվում՝ բացատրելու, թե ուր են գնում այսօր մեր աշխարհն ու միջազգային համակարգը:
2000-ականների սկզբին հստակ դարձավ, որ աշխարհը ոչ միայն դառնում է ավելի գլոբալ և փոխկապակցված, այլև շատ ավելի զգայուն, որտեղ փոքր, տեղական իրադարձությունները ունենում էին աճող ասիմետրիկ հետևանքներ՝ բիզնեսի, քաղաքականության ձևերի փոփոխության պատճառով:
Որոշ դեպքերում դրանք՝ բիզնեսը, քաղաքականությունը, զվարճանքները, միաձուլվում էին: Մյուս դեպքերում միասին ստեղծում էին նոր ոլորտներ, որոնք էլ իրենց հերթին ձուլվում էին այլ ոլորտների հետ, ինչպես, օրինակ, զվարճանքներն ու խաղերը:
Քաղաքականության և քաղաքական դեբատների մեծ մասը ևս դարձել է ամենօրյա զվարճանքի (entertainment) մաս: Մարդիկ ամեն օր սպասում են այդ օրվա «դրվագին»:
Ես այս ֆենոմենի մասին սկսեցի խոսել 2000-ականների սկզբին՝ համաշխարհային տնտեսական ֆորումի և այլ հարթակներում: Այն ժամանակ ես դա անվանեցի քվանտային քաղաքականություն՝ բացատրելու, թե ինչպես է ստացվել, որ քաղաքականությունն ու քաղաքական գործիչներն այլևս չեն ունենա նախկին վարքագիծը: Եվ նույնը տեղի է ունենալու նաև բիզնեսի և այլ ոլորտների հետ: Բոլոր խոսակցություններից առաջ ես փորձում եմ հավաստիանալ, որ մարդիկ հասկանում են «քվանտային քաղաքականություն կամ աշխարհ» եզրույթը: Դա բացատրում է, թե ինչպես են մեր մոտեցումները փոխվել, ինչպես է փոխվել մեր վերաբերմունքը միմյանց ու այլ ինստիտուտների հանդեպ: Հետևաբար, «քվանտային» եզրույթը այստեղ պետք է հասկանալ ինչպես որպես փոխաբերություն, այնպես էլ իրական փոփոխություն, որը տեղի է ունենում մեր իրական կյանքում: Մենք արագորեն զարգանում ենք՝ օգտագործելով ոչ միայն դասական մեխանիկան, որոնք կիրառել ենք դարեր շարունակ, այլև անցում ենք կատարել ավելի քվանտային մեխանիկայի՝ նոր տեխնոլոգիաների, հաղորդակցության համակարգերի տեսքով և փոխկապակցվածության միջոցով։ Այդուհանդերձ, դա այդպես չէր մինչև 2020 թվականի համավարակը, որը մեզ ստիպեց փոխել մեր սեփական շրջանակները։ Ցանկանայինք դա, թե ոչ, մենք պետք է վերանայեինք մեր վարքագիծը, թե ինչպես ենք ապրում, ինչպես պետք է ձևավորենք մեր ինստիտուտները։ COVID-19 համավարակը մեզ ստիպեց վերանայել մեր ապրելակերպը։ Շատ քաղաքական գործիչներ, գիտնականներ խոսում են նոր դարաշրջանի մասին, որի սկիզբը դրեց համավարակը։ Ես կարծում եմ, որ համավարակը պատճառը չէ։ Համավարակը փոփոխվող աշխարհի ուղղակի հետևանքն է, քանի որ եթե դա պատահեր 30, 40 տարի առաջ, այն երբեք նույն ծավալը չէր ունենա, չէր լինի այսքան դրամատիկ և ողբերգական։ Այն այս ծավալն ունի այսքան դրամատիկ և ողբերգական է, որովհետև աշխարհը կտրուկ փոխվել է։ Ճգնաժամերը մշտապես հնարավորություններ են ստեղծել, հնարավորություն՝ տեսնել աշխարհն այլ տեսանկյունից և մեծ փոփոխություններ անել, որոնք հնարավոր չէր լինի անել ճգնաժամից առաջ։ Այսպիսով՝ համավարակը մեզ ստիպեց վերանայել և կրկին մտածել։
Ճգնաժամերը մշտապես հնարավորություն են ընձեռում աշխարհը տեսնել ուրիշ տեսանկյունից։ Մարդկությունը մշտապես զարգացել է ոչ բնական տեմպով։ Տեխնոլոգիաները, որ մենք ստեղծել ենք, մեր էվոլյուցիոն պատմության մասն են կազմում։ Մենք էվոլյուցիա ենք ունեցել, սակայն մենք նաև ստեղծել ենք տեխնոլոգիաներ, որոնք դարձել են մեր էվոլյուցիայի մասը և ազդեցություն ունեցել դրա վրա։ Մենք չենք կարող չնկատել, որ կան երկու զուգահեռ էվոլյուցիաներ՝ տեխնոլոգիաների էվոլյուցիա և մարդու էվոլյուցիա։ Այն տեխնոլոգիաները, որ մենք ստեղծել ենք, մեծ ազդեցություն են ունեցել մեր էվոլյուցիայի վրա, և նաև հակառակը։ Սա նաև պատասխանում է մի կարևոր հարցի, թե կոնկրետ ինչ ենք մենք դարձել, ինչպես են մեր կողմից ստեղծված իրերը ձևավորել ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև մեր հիմնական հատկությունները՝ որպես մարդկություն։ Այս որակները ձևավորում են մեր կրթությունը, տնտեսությունը, հասարակությունը և քաղաքականությունը։
Ինչպե՞ս ենք մենք այսքան առաջընթաց ունեցել վերջին երկու հարյուր տարում, և ինչո՞ւ է թվում, թե մենք այսօր ավելի շատ խնդիրներ ունենք, քան նախկինում։ Մեզնից շատերն ունեն այս զգացողությունը։ Ինչպե՞ս և ի՞նչ ենք սովորել մենք սերունդներից, ինչպե՞ս են ազգերը, պետությունները շփվում միմյանց հետ, ինչպե՞ս են մեր սոցիալական առաջնահերթությունները փոխվել՝ որոշելու, թե ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ։ Այն նաև պատասխանում է շատ այլ հարցերի։ Հարցեր, որոնք մենք բոլորս մեզ և միմյանց տալիս ենք ամեն օր։ Ինչո՞ւ է թվում, որ մենք մեկ ճգնաժամից մուտք ենք գործում մյուսը՝ առանց նույնիսկ շունչ առնելու։ Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան արագ տեղի ունենում և այդքան անսպասելի։ Ինչո՞ւ է դժվար մեկ տարվա կտրվածքով ծրագրեր կազմել մեր կյանքում և բիզնես ոլորտում։ Ինչո՞ւ են քաղաքական գործիչներն այսքան անվստահելի և երբեմն ավելի պոպուլիստ։ Ինչո՞ւ ենք այսօր ավելի շատ բաժանումներ անում մեր հասարակություններում․․․
Քվանտային ֆիզիկայում հարցերը մշտապես շատ ավելի կարևոր են եղել, քան պատասխանները, քանի որ ցանկացած պատասխան նոր հարց է առաջացնում։ Այսպիսով՝ ամենակարևորը հարց տալն է և հետո մտածել պատասխանի մասին։ Աշխարհն ավելի լավ հասկանալու համար քվանտային լինելը օգնում է մեզ բարելավել մեր կյանքը, լուծել այսօրվա բարդ հարցերն ավելի արդյունավետ: Մենք մեր պատմության շրջադարձային կետում ենք, և եթե այսօր չգործենք, կարող է շատ ուշ լինել՝ լուծելու այս խնդիրները կամ օգուտներ քաղել։
Այդուհանդերձ, մեզ ետ պահող բան կա, որը կարող է խանգարել մարդկային զարգացմանը, որը տեղի է ունենում հատկապես վերջին 30 տարում։ Երբեք մարդկությունն այսքան արդյունավետ կերպով փոխկապակցված չի եղել, և գլոբալ տեղեկատվությանն այսքան մեծ հասանելիություն չի ունեցել։ Սա այսօրվա իրավիճակը շատ յուրահատուկ է դարձնում, իսկ որոշումներ կայացելը և հասկանալը՝ դժվար։ Մեր աճող խնդիրները սոցիալական, քաղաքական, տնտեսական ոլորտներում՝ տեղական և գլոբալ մակարդակով, առաջանում են, որովհետև մենք ապրում ենք աշխարհում, որի վրա ազդեցություն ունեն քվանտային մեխանիկայի հատկությունները, սակայն տեխնոլոգիաները, մեր հեռանկարները, ինստիտուտները, հավատքի համակարգերը դեռևս կազմակերպվում և իրականացվում են նյուտոնյան դասական մեխանիկայի կամ դասական կյանքի սկզբունքով։
Ժամանակն է, որ փոխվենք։ Հարցերի և պատասխանների ժամանակն է»:
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ֊իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն Իտալիա և հարաբերությունների զարգացման երկկողմ հանձնառությունը նոր ուժ ու վստահություն կհաղորդեն հայ համայնքին։
Հայ֊իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին։
***
Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին:
Մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին՝ նշելով, որ «Ավրորա»-ն մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։
«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորա»-ի հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է,- ասել է նախագահը։ -Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորա»-ն»»։
Նախագահ Սարգսյանը խոսել է Վարդան Գրեգորյանի մասին, նշել, որ նա թեև 2021թ․ հեռացավ կյանքից, սակայն նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել:
Խոսելով մրցանակաբաշխությունը Սուրբ Ղազարում անցկացնելու մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս վայրը մեր ժողովրդի համար կարևոր և խորհրդանշական է։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ, -ասել է Հայաստանի նախագահը։ -Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը։ Ու դրա արդյունքում այստեղ՝ միաբանությունում մենք ունենք հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը և արվեստի բացառիկ նմուշեր»։
Գրքի ու գիտելիքի արժևորումը նախագահ Սարգսյանը համարել է մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Նա նշել է նաև, որ ի հիշատակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի նրա անունը։