17
01, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոսի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ հունվարի 17-ին պետական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն:

Կիպրոսի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները բոլոր ուղղություններով և նախանշել այն հնարավոր քայլերն ու միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների էլ ավելի խորացման համար։ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը խոսել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն. Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը Համատեղ հռչակագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին:

(Համատեղ հռչակագրի տեքստն ամբողջությամբ ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ստորագրել են նաև «Համաձայնագիր ՀՀ և Կիպրոսի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. համար ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի իրականացման նպատակով Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ» և «Աշխատանքային ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին»:

Կիպրոսի նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված է կայքի «Մամուլի ասուլիսներ» բաժնում)

Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը:

Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին և հյուրերին, խոսել` հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների, Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետևողական աջակցության մասին, որի վերաբերյալ Հայաստանի և Կիպրոսի նախագահները խոսել են նաև իրենց առանձնազրույցի ժամանակ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

Պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ:

Հանդիպման ժամանակ Նախագահը և Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդն անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաև պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ և կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին և նշանակությանը:

Նախագահ Սարգսյանը Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ խոսել է նաև կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների և նաև եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը։

Այնուհետև Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ և Ներկայացուցիչների պալատում հանդես եկել ելույթով:

(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ ներկայացված է կայքի «Ելույթներ» բաժնում)

Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև հայկական «Նարեկ» դպրոց, ծանոթացել ուսումնական այդ հաստատության պայմաններին, գործունեությանը և դպրոցին անհրաժեշտ գրքեր նվիրել:

Նախագահը մայրաքաղաք Նիկոսիայում այնուհետև այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ի պատիվ պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի և տիկին Էլսի Խրիստոֆիայի անունից հունվարի 17-ի երեկոյան տրվել է պետական ճաշ:

(«Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի` իր պատվին տրվող պետական ճաշի ժամանակ» ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

Պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին ծաղկեպսակ է դրել Լառնակա քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

← Վերադառնալ