Հրամաններ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
«07» փետրվարի 2020թ.
Հ- 1 -Լ
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 14-րդ ենթակետը՝
1. Հաստատել Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմի պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ Պահպանության ծառայություն):
3. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և Պահպանության ծառայության պետին՝
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահի աշխատակազմի և Պահպանության ծառայության աշխատակիցներին ծանոթացնել սույն հրամանով հաստատված անցագրային և ներքին ռեժիմի պահանջներին,
2) վերահսկողություն իրականացնել սույն հրամանի պահանջների կատարման նկատմամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի 2019 թվականի մարտի 29-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» Հ-1-Լ հրամանը
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Հավելված
Հաստատված Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավարի և
Պետական պահպանության ծառայության պետի
2020 թվականի փետրվարի 07 -ի Հ-1 -Լ համատեղ հրամանով
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄ
1. Հանրապետության նախագահի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) անցագրային և ներքին ռեժիմին (այսուհետ՝ ռեժիմ) համապատասխան Պահպանության ծառայությունն իրականացնում է Աշխատակազմի` Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում գտնվող վարչական շենքերի և դրան հարող տարածքների (այսուհետ՝ վարչական տարածք) և վարչական տարածքը շրջապատող պարսպի շուրջօրյա պահպանությունը՝ բացառելով մարդկանց ու փոխադրամիջոցների մուտքը և ելքն առանց թույլտվության:
2. Պահպանության ծառայության աշխատակիցները պատասխանատու են իրենց պահպանությանը հանձնված վարչական շենքերի և դրանց հարող տարածքի, դրանցում գտնվող գույքի անվտանգ պահպանման համար:
3. Պահպանության ծառայության ղեկավար կազմը պարբերաբար ստուգում է Աշխատակազմի ռեժիմի պահպանության վիճակը:
4. Աշխատակազմի ռեժիմը տարածվում է Աշխատակազմի աշխատակիցների և վարչական տարածք մուտք գործող բոլոր անձանց վրա:
5. Վարչական տարածք մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են՝ Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական վկայականները (համաձայն N 1 ցանկի՝ կցվում է), ժամանակավոր անցագրերը (համաձայն ձև N 1-ի՝ կցվում է), սույն ռեժիմով սահմանված կարգով տրված անցագրերը, ինչպես նաև սույն ռեժիմի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերում նշված անձանց ծառայողական վկայականները:
6. Աշխատակազմի աշխատակիցների (բացառությամբ սույն ռեժիմի 21-րդ կետի 14-րդ, 18-21-րդ ենթակետերով նախատեսված պաշտոնատար անձանց), ինչպես նաև սույն ռեժիմով նախատեսված անցագրեր ստացած քաղաքացիների մուտքը և ելքը վարչական տարածք իրականացվում է Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետով (այսուհետ` Մուտք N1), իսկ սույն ռեժիմի 26-րդ կետով նախատեսված ժամերին՝ վարչական շենքում տեղակայված անցակետով:
7. Վարչական տարածք մտնելիս ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը բաց վիճակում ներկայացվում են Պահպանության ծառայության աշխատակցին, իսկ անցագրերը՝ օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթղթի հետ միասին:
8. Վարչական տարածք բոլոր անձանց, բացառությամբ սույն ռեժիմի 21-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձանց, մուտքը թույլատրվում է միայն համապատասխան մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո:
9. Մեկանգամյա անցագրի (այսուհետ՝ Անցագիր, համաձայն ձև N 2-ի՝ կցվում է) հայտ ներկայացնելու իրավունք ունեն Աշխատակազմի ղեկավարը և նրա օգնականը, Աշխատակազմի ղեկավարի տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, օգնականները, ռեֆերենտները և Աշխատակազմի վարչությունների պետերը, նրանց բացակայության դեպքում` նրանց փոխարինողները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) գործադիր տնօրենը, նրա խորհրդականը և օգնականը (այսուհետ՝ հայտ ներկայացնող պաշտոնատար անձինք):
10. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց փոխարինողները իրավունք ունեն վարչական տարածք մուտքի անցագրեր պատվիրել միայն այն ստորաբաժանումների համար, որտեղ նրանք աշխատում են, բացառությամբ սույն ռեժիմի 18-րդ կետով նախատեսված դեպքերում:
11. Անցագրերը քաղաքացիներին տրվում են (իսկ էլեկտրոնային անցագրի դեպքում՝ հաստատվում) Պահպանության ծառայության անցագրային ստորաբաժանման կողմից՝ հայտերի հիման վրա, անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:
12. Հայտերն ընդունում է (իսկ էլեկտրոնային անցագրի դեպքում՝ հաստատում) Պահպանության ծառայության անցագրային ստորաբաժանման ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ օրվա հերթապահը: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման ղեկավարը կատարում է հայտերի հետագա վերստուգում:
13. Աշխատակազմում և Հիմնադրամում կազմակերպվող խորհրդակցություններին և այլ միջոցառումներին հրավիրված տասից ավելի անձանց անցագրեր տալու համար հայտ ներկայացրած պաշտոնատար անձը հրավիրվածների ցուցակները ստորագրված (իսկ էլեկտրոնային անցագրի դեպքում՝ հաստատված) ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին՝ նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար: Այնուհետև հաստատված ցուցակները ներկայացվում են Պահպանության ծառայության պետին՝ կազմակերպվելիք խորհրդակցությունից կամ միջոցառումից մեկ օր առաջ, բացառիկ դեպքերում՝ ոչ ուշ քան խորհրդակցությունը կամ միջոցառումը սկսվելուց երկու ժամ առաջ:
14. Վարչական տարածք անցագրով մուտք գործած քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը պահվում է Պահպանության ծառայության անցակետում:
15. Պահպանության ծառայության անցագրային ստորաբաժանման աշխատակիցը քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ: Աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին քաղաքացիների ուղեկցումն ու ճանապարհումն ապահովում է Պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին հայտ ներկայացրած պաշտոնատար անձը:
16. Հանրապետության նախագահին այցելող անձանց տրվում է հատուկ նմուշի անցաթուղթ (համաձայն ձև 3-ի՝ կցվում է), իսկ նրանց դիմավորումը, ուղեկցումը և ճանապարհումը կազմակերպում են համհարզները, իսկ օտարերկրյա պատվիրակությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներին (այսուհետ՝ օտարերկրյա ներկայացուցիչներ) և նրանց ուղեկցող անձանց՝ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմի արարողակարգի գծով պատասխանատու պաշտոնատար անձը:
17. ՀՀ վարչապետին այցելող անձինք վարչական տարածք մուտք են գործում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու պաշտոնատար անձի կամ նրանց բացակայության դեպքում՝ վերջիններիս փոխարինողների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
18. Հայտ ներկայացնող պաշտոնատար անձինք կարող են առանձին դեպքերում կազմակերպել իրենց այցելած քաղաքացիների այցելությունն Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց՝ նախապես համաձայնեցնելով և ապահովելով քաղաքացու ուղեկցումը մինչև այդ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ անցագրի վրա նշելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ժամկետը և ստորագրելով այն:
19. Անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձն Անցագրի վրա ստորագրում, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ հաստատում է քաղաքացու ելքը՝ նշելով օրը և ժամը: Անցագիր ունեցող քաղաքացիները կարող են վարչական տարածք մուտք գործել ժամը 09:00-ից մինչև 18:00:
20. Անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել նրա ուղեկցումը վարչական տարածքից դուրս:
21. Վարչական տարածք անարգել մուտքի և ելքի (այդ թվում՝ իրենց սպասարկող ծառայողական մեքենաներով) իրավունք ունեն՝
1) Վարչապետը,
2) Ազգային ժողովի նախագահը,
3) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրան ուղեկցող անձինք,
4) Սահմանադրական դատարանի նախագահը,
5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահը,
6) Փոխվարչապետները,
7) Անվտանգության խորհրդի քարտուղարը,
8) Երևանի քաղաքապետը,
9) Պաշտպանության նախարարը,
10) Արտաքին գործերի նախարարը,
11) Ազգային անվտանգության ծառայության տնօրենը,
12) Ոստիկանության պետը,
13) ԶՈՒ գլխավոր շտաբի պետը,
14) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը,
15) Վարչապետի աշխատակազմի ղեկավարը,
16) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը,
17) Վարչապետի արարողակարգի պատասխանատու պաշտոնատար անձը,
18) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի,
19) Հանրապետության նախագահի խորհրդականները, օգնականները և ռեֆերենտները՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի,
20) Հանրապետության նախագահի աշխատակազմի վարչությունների պետերը՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի,
21) Հիմնադրամի գործադիր տնօրենը՝ առանց ծառայողական մեքենայի տեղակայման իրավունքի:
22. Վարչական տարածք անցակետով ծառայողական վկայականներով (առանց տրանսպորտային միջոցների) մուտքի և ելքի իրավունք ունեն Աշխատակազմի և Հիմնադրամի աշխատակիցները (բացառությամբ ռեժիմի 21-րդ կետի 14-րդ և 18-ից 21-րդ ենթակետերով նախատեսված անձանց), ինչպես նաև՝
1) Ազգային ժողովի նախագահի տեղակալները,
2) Նախարարները (բացառությամբ ռեժիմի 21-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված անձանց),
3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները,
4) Վճռաբեկ դատարանի նախագահը,
5) Գլխավոր դատախազը,
6) Կենտրոնական բանկի նախագահը,
7) Մարդու իրավունքների պաշտպանը,
8) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը,
9) Հաշվեքննիչ պալատի նախագահը,
10) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները,
11) Մարզպետները,
12) Հատուկ քննչական ծառայության պետը,
13) Քննչական կոմիտեի նախագահը,
14) Պետական եկամուտների կոմիտեի նախագահը,
15) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը,
16) Վարչապետի խորհրդականները, օգնականները և մամուլի քարտուղարը,
17) Ազգային ժողովի նախագահի խորհրդականները, օգնականները և մամուլի քարտուղարը,
18) Վարչապետի աշխատակազմի վարչությունների պետերը և արարողակարգի աշխատակիցները,
19) Ազգային ժողովի աշխատակազմի վարչությունների պետերը և արարողակարգի աշխատակիցները:
23. Վարչական տարածք ծառայողական վկայականով մուտքի և ելքի իրավունք ունեն ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության և ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության ծառայողները՝ Պահպանության ծառայությանը նախապես ներկայացված ցուցակներում նրանց անունների առկայության դեպքում:
24. Աշխատակազմի ղեկավարի կամ Պահպանության ծառայության պետի ցուցումով առանձին քաղաքացիներ կարող են մուտք (ելք) գործել (անհրաժեշտության դեպքում՝ ավտոմեքենայով) վարչական տարածք:
25. Աշխատանքային օրերին ժամը 18:00-ից մինչև 22:00-ը, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին վարչական տարածքի անցակետի Պահպանության ծառայության հերթապահ աշխատակիցները հատուկ մատյանում գրանցումներ են կատարում Աշխատակազմի աշխատակիցներին այցելող անձանց վարչական տարածք մուտքի և ելքի մասին:
26. Վարչական տարածք քաղաքացիների ազատ մուտքը և ելքը թույլատրվում է Բաղրամյան պողոտայում գտնվող դարպասներով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 18:00-ից 22:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-ից 22:00: Նոյեմբերի 1-ից մարտի 31-ը ժամանակահատվածում վարչական տարածք քաղաքացիների՝ սույն կետով նախատեսված ազատ մուտքն ու ելքը սահմանափակվում է մինչև ժամը 20:00:
27. Վարչական տարածքում քաղաքացիներին թույլատրվող հատվածը ծառայում է որպես հանրային տարածք և վերահսկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի կողմից: Տվյալ տարածքում կազմակերպվող յուրա-քանչյուր միջոցառում, որը չի խաթարի Հանրապետության նախագահի և նրա աշխատակազմի բնականոն գործունեությունը, կարող է իրականացվել միայն Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ և Պահպանության ծառայության պետի համաձայնությամբ: Արգելափակոցներից ներս ընկած տարածքը համարվում է վերահսկելի գոտի և շուրջօրյա պահպանության տակ է, որն իրականացնում է Պահպանության ծառայությունը՝ շրջիկ ծառայության, տեսահսկման և դիտարկման միջոցներով:
28. Վարչական տարածքում աշխատանք կատարող կազմակերպությունների հրավիրված աշխատակիցները վարչական տարածք են մտնում Աշխատակազմի ֆինանսական, տնտեսական կամ սպասարկման գծով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ Հիմնադրամի գործադիր տնօրենի (կամ նրա խորհրդականի կամ օգնականի) կողմից ստորագրված ցուցակով՝ Պահպանության ծառայության հերթափոխի պետի մակագրությամբ, նրանց ազգանունների, անունների, աշխատատեղի, ժամկետի նշումով՝ անցագրի և անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
29. Աշխատակազմի տնտեսական /կոմունալ/ սպասարկման նպատակով վարչական տարածք Անտառային փողոցի վրա գտնվող մուտքով (այսուհետ՝ Մուտք N2) ավտոմեքենաների մուտքի և ելքի համար Պահպանության ծառայության աշխատակցին տրվում է Աշխատակազմի ֆինանսական, տնտեսական կամ սպասարկման գծով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ Հիմնադրամի գործադիր տնօրենի (կամ նրա խորհրդականի կամ օգնականի) կողմից ստորագրված և Պահպանության ծառայության հերթափոխի պետի կողմից մակագրված գույքային անցագիր (համաձայն ձև 4-ի՝ կցվում է)՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, պետհամարանիշը և վարորդի անունը, ազգանունը: Նշված ավտոմեքենաների մուտքը և ելքը վարչական տարածք թույլատրվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերը (կարգագրեր, ապրանքագրեր) ստուգելուց հետո: Վարչական տարածք մուտք գործելիս և դուրս գալիս ավտոմեքենաները ենթակա են ստուգման Պահպանության ծառայության աշխատակցի կողմից:
30. Մուտք N2-ով նյութական միջոցները վարչական տարածք ներս են բերվում կամ դուրս բերվում գույքային անցագրերի հիման վրա՝ ստորագրված Աշխատակազմի ֆինանսական, տնտեսական կամ սպասարկման գծով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ Հիմնադրամի գործադիր տնօրենի (կամ նրա խորհրդականի կամ օգնականի) կողմից: Գույքային անցագրերը տրվում են Պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին: Պահպանության ծառայության աշխատակիցը գույքային անցագրի հակառակ կողմում նշում է անձանց ներս մտնելու դուրս գալու ժամանակը:
31. Մուտք N2-ով Աշխատակազմի աշխատակիցների մուտքն ու ելքը թույլատրվում է միայն Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ և Պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:
32. Օգտագործված անցագրերը պահվում են անցագրային ստորաբաժանման մոտ, իսկ գույքային անցագրերը և անցաթղթերը՝ Պահպանության ծառայությունում:
33. Բացառությամբ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտագությունն ապահովող ծառայողների՝ արգելվում է վարչական տարածք ներս բերել զենք, հրազեն, պայթուցիկ նյութեր, սառը զենք, իսկ կապի միջոցները, անհրաժեշտության դեպքում, ներս են բերվում հայտ ներկայացրած պաշտոնատար անձի առաջարկությամբ:
34. Արգելվում է վարչական տարածք ներս բերել ոգելից խմիչք՝ բացառությամբ հայտ ներկայացրած պաշտոնատար անձի և Պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարի թույլտվության դեպքերի:
35. Արգելվում է ոչ սթափ վիճակում գտնվող, ագրեսիվ, սպորտային համազգեստով կամ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով անձանց մուտքը վարչական տարածք:
36. Արգելվում է ժամկետանց փաստաթղթերով մուտքը վարչական տարածք:
37. Արգելվում է վարչական տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցներով կողմնակի անձանց ներս բերելը և դուրս հանելը:
38. Ըստ անհրաժեշտության՝ Աշխատակազմի ղեկավարը և Պահպանության ծառայության պետը կարող են խստացնել Աշխատակազմի ռեժիմը՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան պաշտոնատար անձանց:
39. Աշխատակազմի աշխատակիցների, բացառությամբ սույն ռեժիմի 21-րդ կետի 14-րդ և 18-ից 21-րդ ենթակետերով նախատեսված պաշտոնատար անձանց, վարչական տարածք մուտքը և ելքը կարգավորվում են համապատասխան մշտական օգտագործման համար տրամադրված մագնիսական քարտերով, իսկ անհրաժեշտության դեպքում, ժամանակավոր անցագրով կամ անձը հաստատող փաստաթղթերով:
40. Աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայելու դեպքում Աշխատակազմի աշխատակիցները պարտավոր են զննել իրենց աշխատասենյակները, անջատել լուսավորությունը, մյուս էլեկտրասարքերը և բանալիով փակել աշխատասենյակների դռները:
41. Վարչական տարածք մուտք (ելք) գործող Աշխատակազմի աշխատակիցները և նրանց ձեռքի իրերը, պայուսակները, փաթեթները և այլ պարագաները ստուգվում են Պահպանության ծառայության աշխատակիցների կողմից: Սույն կետի պահանջները չեն տարածվում սույն ռեժիմի 21-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձանց վրա:
42. Ազդանշանային համակարգով սարքավորված աշխատասենյակներն աշխա¬տանքային օրվա ավարտից հետո կապարակնքվում են:
43. Աշխատասենյակների բանալիների կրկնօրինակները գտնվում են Պահպանության ծառայության զորանոցի հերթապահ մասում՝ Պահպանության ծառայության և Աշխատակազմի Գործերի կառավարչության կողմից փակված և կնքված ծրարների մեջ: Բանալիները տրվում և ընդունվում են հատուկ մատյաններում գրանցվելուց հետո:
44. Արտակարգ դեպքերում հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն աշխատասենյակները բացվում են Պահպանության ծառայության աշխատակիցների կողմից՝ դեպքի մասին անհապաղ հաղորդելով Աշխատակազմի ղեկավարին և Պահպանության ծառայության պետին:
45. Պահպանության ծառայության աշխատակիցը դեպքի մասին ահազանգում է համապատասխան վթարային ծառայություններին հրշեջ, էլեկտրացանց, ջրմուղկոյուղի և այլն, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժօգնության ծառայություններին և ապահովում վարչական տարածք նրանց մուտքը և ելքը:
46. Երեկոյան ժամը 22.00-ից հետո, Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, իրենց աշխատանքային վայրում գտնվող Աշխատակազմի աշխատակիցները պարտավոր են այդ մասին տեղեկացնել Պահպանության ծառայության հերթափոխի պետին:
47. Օտարերկրյա ներկայացուցիչներին և նրանց ուղեկցող անձանց (այդ թվում՝ իրենց սպասարկող մեքենաներով)Աշխատակազմի վարչական տարածք մուտքի իրավունք տրվում է արարողակարգի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ պաշտոնատար անձի նախօրոք ներկայացրած հայտերի հիման վրա:
48. ՀՀ վարչապետին այցելող օտարերկրյա ներկայացուցիչները վարչական տարածք մուտք են գործում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ներկայացված հայտերի հիման վրա՝ Պահպանության ծառայության պետի թույլտվությամբ:
49. Սույն ռեժիմի 17-րդ և 48-րդ կետով նախատեսված դեպքերում ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից Հանրապետության նախագահի արարողակարգի պատասխանատու պաշտոնատար անձի հետ նախօրոք համաձայնեցվում են ՀՀ վարչապետին սպասարկող դահլիճի տեղը, օրը և ժամը: Հանրապետության նախագահի արարողակարգի պատասխանատու պաշտոնատար անձը սույն կետում նախատեսված համաձայնությունների, ինչպես նաև սույն ռեժիմի 17-րդ կետի համաձայն ՀՀ վարչապետին այցելող անձանց մասին նախօրոք տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին:
50. Աշխատակազմի վարչական տարածք մուտք գործած օտարերկրյա ներկայացուցիչներին և նրանց ուղեկցող անձանց դիմավորում, հանդիպման վայր ուղեկցում և ճանապարհում է հայտ ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա պատասխանատու աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաքին գործերի նախարարության աշխատակիցները:
51. Սույն ռեժիմի 47-րդ կետով նախատեսված դեպքերում օտարերկրյա ներկայացուցիչների ավտոմեքենաները, ներկայացված հայտի (համաձայն ձև 5-ի՝ կցվում է) համաձայն Աշխատակազմի վարչական տարածք մուտք են գործում Մուտք N1-ում կամ Մուտք N2-ում գտնվող դարպասներից և կայանում դրանց հարող տարածքներում: Այցի ավարտից հետո ավտոմեքենաները դուրս են գալիս վարչական տարածքի Մուտք N1-ում կամ Մուտք N2-ում գտնվող դարպասներից:
52. Օտարերկրյա ներկայացուցիչների ավտոմեքենաները վարչական տարածք մուտքի և ելքի ժամանակ չեն ստուգվում:
53. Վարչական տարածք միաժամանակ մեկից ավելի հայտերի հիման վրա մուտք գործող օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորում է առաջին հայտ ներկայացրածը, այնուհետև նրանց ուղեկցում հաջորդ հայտ ներկայացնողի մոտ: Վերջին հայտ ներկայացրած պաշտոնատար անձը, այցի ավարտից հետո, կազմակերպում է օտարերկրյա ներկայացուցիչների ճանապարհումը:
ՑԱՆԿ N 1
1. Հանրապետության նախագահի հրամանագրերի հիման վրա նշանակված պաշտոնատար անձանց վկայականներ՝ ՆՀ --- թիվ, (Հանրապետության նախագահի ստորագրությամբ),
2. Հանրապետության նախագահի կարգադրությունների հիման վրա նշանակված պաշտոնատար անձանց վկայականներ՝ ՆԿ --- թիվ, (Հանրապետության նախագահի ստորագրությամբ),
3. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հրամանների հիման վրա նշանակված աշխատակիցների վկայականներ՝ ԱՂՀ --- թիվ, (Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ)
Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից տրվող վկայականներն ունեն կաշվե շագանակագույն կազմ:
Ձև 1
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԱՆՑԱԳԻՐ N ---
Հանրապետության նախագահի աշխատակազմի
վարչական շենք մուտք գործելու համար
Տրվում է --------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
Ուժի մեջ է մինչև ------------------------------------------------------
Անցագիրը գործում է ------------------------------------------------
ՂԵԿԱՎԱՐ --------------------------------------------------------------
Ձև 2
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԱՆՑԱԳԻՐ N ---
Տրված է
Հանրապետության նախագահի աշխատակազմի
վարչական շենք մուտք գործելու համար
---------------------------------------------------- մոտ
Անձը հաստատող փաստաթուղթը ---------------------------------------
Օրը՝ -------------- Ժամը՝ ---------------------
Անցագրային ստորաբաժանման ղեկավար՝ ____________________
Ստորագրություն________________ Ժամը ________րոպե
Ձև 3
ԶԻՆԱՆՇԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԴՐՈՇ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
(գունավոր)
ԱՆՑԱԹՈՒՂԹ N ------------------------------------------------
ՏՐՎՈՒՄ Է ---------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------
«---» --------------------- 20--- ----------------------------------
Ձև 4
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ
Պատասխանատու հրամանատար ----------------------------------------
ԳՈՒՅՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ
Խնդրում եմ թույլ տալ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական, տնտեսական կամ սպասարկման գծով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ Հիմնադրամի գործադիր տնօրենի -------------------------------------------------------- պատասխանատվությամբ
20---- թ. ------------------------- ------------
___________մակնիշի ____________ պետհամարանիշի ավտոմեքենայով /կամ առանց ավտոմեքենա/
Հանրապետության նախագահի աշխատակազմի վարչական տարածք ներս բերել և/կամ վարչական տարածքից դուրս հանել.
Վարորդի ազգանունը, անունը` ____________________________________________________________________
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
---------------------------------------------------------------------------------------------------------
_______ _______________20----- թ.
Ձև 5
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐ
N
|
Ամսաթիվ
|
Ժամ
|
Հյուրընկալող
|
Հյուր
|
Մեքենայի մակնիշ, համարանիշ
|
Կատարող
|
Մուտք N
|
1. | |||||||
2. | |||||||
3. | |||||||
4. |