30
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը և հարակից 15 օրենք

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և դրա հետ փոխկապակցված 15 օրենքների փաթեթը (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի մարտի 10-ին: Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել տվյալ ոլորտի շահագրգիռ անձանց հետ և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

Կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Օրենքների որոշ կարգավորումներ վիճելի են և պարունակում են որոշակի ռիսկեր տնտեսավարողների բնականոն և առանց ավելորդ խոչընդոտների գործունեության իրականացման համար:

Հանրապետության նախագահը գործարար միջավայրի խրախուսման համար կարևորում է իրավական կարգավորումների հստակությունն ու որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից Օրենքների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառումը:

Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի Օրենքներն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն: Նման հնարավորության դեպքում, հանգամանալից և բազմակողմանի քննարկումների միջոցով հնարավոր կլիներ առաջարկել լուծումներ, որոնք կկարգավորեին ոլորտում առկա խնդիրները, և ընդունել առավել հավասարակշռված oրենքներ: Այս առումով Նախագահը նպատակահարմար է գտնում, որպեսզի իրավասու մարմինները հանդես գան համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ՝ ուղղված գործարար միջավայրի ազատականացմանը և բարելավմանը:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները: Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը և իրավակիրառ պրակտիկան գնահատելուց հետո կանդրադառնա Օրենքների առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին:
 

← Back to list