ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

4. Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը հրավիրել 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. ապրիլի 23
Երևան
ՆՀ-67-Ա

Հավելված 1 (PDF, 126 Kb)



← Back to list