13
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:

Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով և պատահական չէ, որ հաճախ պետություններն ու նրանց մայրաքաղաքները նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում:

Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները:

Երևանը սկսվում է մեր տնից, բակից ու փողոցից և բոլորիս ձգտումը՝ ունենալ առողջ, հարմարավետ, հաճելի ու ժամանակակից քաղաք պետք է մեկնարկի հենց այդտեղից:

Երևանը մենք ենք, մեր քաղաքացիները, որովհետև միայն շենքերը, այգիները կամ փողոցները բավարար չեն քաղաք կոչվելու համար: Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է, իսկ Երևանի հազարամյա հոբելյանը հերթական առիթը լիաթոք ուրախանալու, հպարտանալու և միաժամանակ խորհելու՝ օրեցօր, տարեցտարի ավելի գեղեցիկ, ավելի ուրախ ու բարգավաճ քաղաք ունենալու համար:

Շնորհավոր տոնդ մեր սիրելի մայրաքաղաք:

← Վերադառնալ