Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով:
Արժանավայել աշխատանքը, աշխատանքի իրավունքը քաղաքացու անքակտելի իրավունքն է և պետության բարեկեցության ու զարգացման առաջնային առհավատչյան:
Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է, իսկ արժանավայել աշխատելու և ստեղծելու հնարավորությունը՝ երաշխավորված:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է, իսկ մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը բոլորիս՝ պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ, անդուլ ու միասնական աշխատանքը, որի արդյունքում էլ կերտվում է զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավոր մայիսի 1: