Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության եթերի մեկնարկը շրջադարձային իրադարձություն էր հայ հասարակության կյանքում ժամանակակից աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու համար: Հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում նորանոր հորիզոններ էր բացում արվեստի բոլոր ուղղությունների, լրագրության, քաղաքականության և հասարակությունների զարգացման նորահայտ ուղղությունների համար:
Շուրջ 7 տասնամյակ հայկական հեռուստատեսությունն անցել է կայացման բարդ ճանապարհ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, գրաքննություն, գաղափարախոսական կապանքներ և բյուրոկրատական պարտադրանքներ և այս ամենի արդյունքում ներկայումս մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը:
Հայկական հեռուստատեսության նվաճումների ու ձեռքբերումների ցանկը շատ երկար է և այսօր մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն: