Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 12-րդ համաժողովի մասնակիցներին
Հարգելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 12-րդ համաժողովի բացման բոլոր մասնակիցներին: Ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովը նշանակալի հարթակ է մեր երկրների միջև հումանիտար և մշակութային համագործակցության առավել կարևոր հարցերի քննարկման և լուծման համար:
Ուրախալի է, որ այս միջոցառումը նվիրված է հումանիտար համագործակցության դերակատարմանը այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին է ԱՊՀ երկրներում ընտանեկան արժեքների և ավանդույթների ամրապնդումը: Մենք խորապես գիտակցում ենք ընտանիքի առանցքային դերը գալիք սերունդների մշակութային, հոգևոր-բարոյական, քաղաքացիական, սոցիալական, անձնական և մտավոր զարգացման գործում, քանզի ընտանեկան ավանդույթների պահպանումը մեր երկրների կայուն զարգացման և ԱՊՀ տարածքում միջմշակութային փոխանակումների գրավականն է:
Խորհրդանշական է, որ ԱՊՀ-ում մշակույթի տարում հենց Գորիսը՝ հարուստ ժառանգություն ունեցող հայկական քաղաքը, դարձավ Համագործակցության մշակութային մայրաքաղաքը:
Հարգելի՛ բարեկամներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ հրավիրել ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցելու 2018թ. մշակութային մայրաքաղաքում անցկացվելիք միջոցառումներին:
Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, բովանդակալից քննարկումներ և ամենայն բարիք: