01
10, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Քարնեգի» հիմնադրամում ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև

Մեծարգո պարո՛ն Բըրնս,

Հարգարժա՛ն ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր ու ավանդույթներով հարուստ կառույցի՝ Քարնեգի հիմնադրամի հյուրը։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ իմ մոտեցումներն ու մտահոգությունները կիսելու ակադեմիական այս լսարանի հետ՝ բաց ու անաչառ քննարկումների ակնկալիքով:

Նախորդ հարյուր տարիների մեծագույն ողբերգությունները` ավերիչ պատերազմները, ցեղասպանությունները, ծայրահեղականության և ահաբեկչության աննախադեպ աճը, ազգային և կրոնական ատելության վրա հիմնված բռնությունները գալիս են փաստելու, որ առանց խաղաղության ձգտման աշխարհը ինքնակործանման ճանապարհով կընթանա։

Խաղաղությունը հակասությունների բացակայությունը չէ, ինչն, անշուշտ, անհնար է։
Խաղաղությունն այդ հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու կամքն ու կարողությունն է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջ է ընթանում հենց այս համոզումով։

Հարգելի՛ ներկաներ,

Հաճախ Հարավային Կովկասը դիտվում է որպես աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Մյուս կողմից՝ տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի առկայությունը կարելի է դիտել որպես հնարավորություն: Հայաստանն իր անկախության ակունքներից ի վեր որևէ պետության կամ կառույցի հետ հարաբերվելիս առաջնորդվել է ոչ թե «ընդդեմ»-ի, այլ «հանուն»-ի գաղափարախոսությամբ։ Այսպես, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, որի նախագահությունը ստանձնել ենք օրեր առաջ, մենք երկարամյա արդյունավետ համագործակցություն ենք ծավալել ՆԱՏՕ-ի հետ, որի ակնառու վկայությունը բանակաշինության ոլորտում դաշինքի փորձի յուրացումն է, տարբեր խաղաղապահ գործողություններում Հայաստանի գործուն մասնակցությունը: Դառնալով ԵԱՏՄ անդամ՝ մենք նոր թափ են հաղորդել Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը՝ վերահաստատելով մեր այն թեզը, որ Եվրամիության և եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների համադրումը լիովին հնարավոր է: Ի դեպ, վերջին ժամանակներում այս գաղափարը սկսել է նյութականանալ ու հաճախ հնչեցվել մեր եվրոպացի գործընկերների կողմից: Ռուսաստանի հետ ունենալով շարունակաբար ամրապնդվող ռազմավարական համագործակցություն՝ մենք գերազանց հարաբերություններ ունենք Արևմտյան գրեթե բոլոր երկրների հետ։ Եվ վերջապես, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, մենք պատմական ու միջպետական սերտ կապեր ունենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ։

Այս ամենով հանդերձ, գաղտնիք չէ, որ, գտնվելով պատերազմի վերսկսման ամենօրյա սպառնալիքի ներքո, յուրաքանչյուր որոշման ելակետը մեր երկրի անվտանգության ապահովումն է, ինչը հաճախ պայմանավորում է մեր այս կամ այն ընտրությունը։ Լինելով փոքր երկիր՝ մենք չենք ցանկանում և չենք էլ կարող աշխարհը բաժանել բարեկամների և թշնամիների։ Մենք հիմնվում ենք էվոլյուցիոն և հավասարակշռված քաղաքականության վրա՝ այդպիսով նաև խնդիրներ չստեղծելով մեր տարածաշրջանում շահեր ունեցող երկրների համար և չդառնալով ճգնաժամի հերթական օջախ։

Կարծում եմ՝ նման մոտեցումը լիարժեքորեն տեղավորվում է 21րդ դարի տրամաբանության մեջ, ավելին՝ իրականությունը ցույց է տալիս, որ հակասությունների վրա հիմնված քաղաքական որոշումները, մեղմ ասած, բարերար չեն լինում տվյալ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության համար։ Մենք դրան մի շարք դեպքերում ականատես ենք եղել նաև բոլորովին վերջին ժամանակներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այժմ հակիրճ անդրադառնամ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մի քանիսին։ Թերևս, սկսեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, որը վստահ եմ, ձեզ հետաքրքրում է առաջին հերթին:
Այն ծագել է դեռ խորհրդային տարիներին, երբ կենտրոնական իշխանության թուլացմանը զուգընթաց օրակարգային դարձավ ԼՂ հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության հարցը: Ադրբեջանի խտրական քաղաքականության արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում անվտանգ ապրելու հնարավորությունից։ Նրանց ինքնորոշման արդարացի պահանջներին հետևեց Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը, որն էլ հետխորհրդային ամենաարյունոտ հակամարտության բռնկման պատճառ դարձավ:

Այսօր Ադրբեջանը խնդիրը ներկայացնում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի հանդեպ: Ավելին` մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել: Սրանք իմ տեսակետները չեն, սրանք պատմական փաստեր են, հետաքրքրվողները կարող են ուսումնասիրել և համոզվել դրանցում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրականացման խնդիր է։ Ցավոք, այսօր առկա է հսկայական անդունդ ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև: Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին: Ահավասիկ՝ Շոտլանդիայի օրինակը. Մեծ Բրիտանիան Շոտլանդիային ընձեռում է ինքնորոշվելու իրավունք, այսինքն՝ որքան էլ թանկ է իր համար սեփական տարածքային ամբողջականությունը, Շոտլանդիայի ժողովրդին ինքնորոշվելու և իր ճակատագիրը տնօրինելու իրավունք է տալիս. բայց չգիտես ինչու մտահոգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Զավեշտ է, բայց փաստ:

Չնայած 1994 թվականին հաստատված զինադադարին՝ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները: Սակայն վերջին երկու տարիներին, Ադրբեջանի սադրիչ գործողությունները արձանագրել են լարվածության աննախադեպ աճ: Ավելին` այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում։

Մի փոքր շեղվելով՝ ուզում եմ նկատել, որ այս տարի՝ 2րդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի համատեքստում շատ են քննարկումները այդ և անցյալ դարի այլ պատերազմների պատճառների շուրջ: Եվ այդ պատճառների շարքում առաջնայնորեն խոսվում է պետական մակարդակով սեփական ժողովրդի գիտակցության մեջ այլ ազգի հանդեպ ատելության սերմանման, պատերազմ սկսելու անհրաժեշտության, սպառազինությունների մրցավազքի հրահրման մասին։ Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ ցանկացած մեկը կհաստատի, որ այսօր հենց նման տարրերի վրա է հիմնվում Ադրբեջանի քարոզչությունը։ Կարծում եմ՝ շատերիդ է հայտնի Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Եվ սա հայտարարում է երկրի ղեկավար, ոչ թե, ասենք, ընդդիմադիր գործիչ, ոչ թե խորհրդարանական, այլ ոչ ավել ոչ պակաս՝ երկրի նախագահը: Հենց նման հայտարարություններն են ծնում ռամիլ սաֆարովներ, որոնք հերոսացվում են սեփական երկրում քնած հայ սպային կացնահարելու համար։


Մենք իսկապես չունենք թշնամի պետություններ, առավել ևս՝ թշնամի ժողովուրդներ։ Ադրբեջանն էլ բացառություն չէ։ Մենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չենք տեսնում, քանի որ ինձ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Եվ ոչ միայն հայ զինվորի... Ընդհանրապես ինձ համար թանկ է ցանկացած մարդկային կյանք:

Անշուշտ, այս հիմնահարցը ծառայեցվում է նաև ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին․ նախ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ և ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ, ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները և Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է: Կարծում եմ՝ ինքնին խոսուն է Եվրոպական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9ին ընդունված բանաձևում տեղ գտած այն գնահատականը, որ Ադրբեջանը վերջին տասը տարվա ընթացքում Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ամենամեծ անկում արձանագրած երկիրն է։ Ի դեպ, Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ը հրաժարվել են անգամ դիտորդներ ուղարկել Ադրբեջան գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար այլևս չկան նախադրյալներ։
Այժմ, ուզում եմ հարց ուղղել ձեզ: Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան։

Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ։ Այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանայինք գտնել այս հիմնահարցի լուծման բանալին և զերծ կպահեինք մեր տարածաշրջանը ևս մի կործանարար պատերազմից։

Հարգելի՛ ներկաներ,

Այս տարի համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցը, որը մեզ համար ոչ թե սգո, այլ վերածննդի խորհուրդ ունի։ Վերապրելով մարդկությանը հայտնի ամենադաժան աղետը՝ մենք կերտեցինք պետականություն, և այսօր Հայաստանն իր կարևոր ներդրումն է բերում առանց նման հանցագործությունների աշխարհի կառուցման ջանքերին: Մենք հետևողական ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ուղղությամբ: Ահավասիկ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած և տասնյակ երկրների կողմից համահեղինակած՝ ցեղասպանությունների կանխարգելման և դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև ապրիլին Երևանում ընդդեմ ցեղասպանություն հանցագործության Գլոբալ համաժողովի անցկացումը, որը մենք մտադիր ենք դարձնել մշտական հարթակ։

Ապրիլի 24ին Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գոհունակությամբ պետք է ասեմ, որ այս տարելիցի ուղերձն ու խորհուրդը դուրս եկան ազգային սահմաններից, և առաջադեմ մարդկությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում, նորովի բարձրաձայնեց դատապարտման ու կանխարգելման կարևորության մասին: Մենք անկեղծ հավատում էինք, որ այս տարելիցը նաև հաշտության հանգրվան կդառնար ցեղասպանության ենթարկվածների և ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար: Եվ հենց այդ նպատակով ես դեռ անցյալ տարի Թուրքիայի նախագահին հրավիրել էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այցելելու Երևան: Սակայն վերջինս նախընտրեց անտեսել այդ հրավերը և, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, կորցրեց նաև այս հնարավորությունը:

Դրա փոխարեն Թուրքիայի ղեկավարները որդեգրեցին ժխտողականության բոլորովին նոր մարտավարություն, որը կոչ է անում երկու ժողովուրդներին հաշտվել: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս հաշտվել: Ասում ենք՝ ընդունեք ձեր անցյալը, և մեր երկրների հաշտեցումը սկսենք մաքուր էջից, ասում են՝ ոչ: Ասում ենք՝ մեզ համար ընդունելի է նաև հակառակ մեխանիզմը. հաշտվենք, սահմանը բացենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, այնուհետև քննարկենք խնդրահարույց հարցերը, ասում են՝ ոչ և հրաժարվում վավերացնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունները: Որքա՞ն կարող են Թուրքիայի իշխանությունները միջազգային հանրությանը մոլորեցնել: Բոլորն էլ հասկանում են չէ՞ Թուրքիայի հայտարարությունների կեղծ բնույթը. այնպես են կոչ անում երկու ժողովուրդներին հաշտվել, կարծես իրենք դրա հետ կապ չունեն, դա վերաբերում է բոլորովին այլ երկու ժողովուրդների:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր արտաքին քաղաքական օրակարգն, անշուշտ, չի սահմանափակվում այս ուղղություններով։ Մենք ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Լատինաամերիկյան և արաբական աշխարհի երկրների հետ. մեր սահամանափակ հնարավորություններով հանդերձ՝ վերջին շրջանում դիվանագիտական ներկայացուցչություններ ենք հիմնել Ճապոնիայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում։

Այս տարվա մարտին ես պետական այց կատարեցի Չինաստան, որի շրջանակներում ստորագրեցինք մի շարք կարևոր համաձայնագրեր: Ուրվագծվեցին տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հնարավոր նախագծեր, որոնք էապես կընդլայնեն հայ-չինական հարաբերությունները՝ նպաստելով տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական ողջ ներուժի օգտագործմանը։

Միաժամանակ, մենք փորձում ենք կամուրջներ ստեղծել Եվրասիական տնտեսական միության և մեր այլ գործընկերների միջև և ուրախ ենք, որ մեր այդ նախաձեռնությունը լուրջ դրական արձագանք է ստանում։ Բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ ունեն հարևան երկրները, և մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Իրանի և վեցյակի միջև համաձայնության կնքումը, որը թույլ կտա իրականացնել կասեցված ռազմավարական մի շարք ծրագրեր։

Մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է մեր գործընկերների աջակցությամբ Հայաստանում բարեփոխումների իրականացումը։ Մասնավորապես Եվրոպական Միության և դրա անդամ որոշ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր ժողովրդավարական ինստիտուտները, ազատականացրել տնտեսությունը, ամրապնդել մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտները։ Եվ մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Սա ոչ թե անում ենք, որովհետև մեր արևմտյան գործընկերներին է հաճո, այլ անում են նրա համար, որ առաջին հերթին հենց մեզ է պետք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նորություն չի լինի, եթե նշեմ, որ պատմության ընթացքում միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների լուծման բանաձևերը հետագայում դարձել են միջազգային հարաբերությունները կարգավորող խաղի կանոններ: Եվ այսօր, անկասկած, մեզ նետված ամենամեծ մարտահրավերներից մեկը Մերձավոր Արևելյան ճգնաժամն է։ Մենք մեծ ցավ ենք ապրում Սիրիայի և Իրաքի բարեկամ ժողովուրդների համար, որոնք դեռ 100 տարի առաջ ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին։ Դժվար է հավատալ, բայց այսօր՝ 21րդ դարում, այդ ժողովուրդները կանգնած են նմանօրինակ սպառնալիքների առջև։ Իհարկե, ծայրահեղական և ահաբեկչական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով մեծապես տուժել է նաև տարածաշրջանի հայ ազգաբնակչությունը։ Նրանցից շուրջ 16 հազարն արդեն ապաստան են գտել Հայաստանում: Մեզ համար կրկնակի ցավալի է նաև ժամանակակից քաղաքակրթության բնօրրաններից մեկում մշակութային հուշարձանների ոչնչացումը, որը փորձ է՝ ջնջելու սերունդների և քաղաքակրթությունների միջև եղած կամուրջները:

Պետք է համատեղ ուժերով շարունակենք պայքարել այս չարիքի դեմ, պետք է ամրապնդենք միջազգային իրավունքի գործիքները, միջազգային կազմակերպությունները և խթանենք համագործակցությունը, որ պատմությունը չկրկնի իրեն, ու մեր սերունդները ցեղասպանական հանցագործությունների մասին կարդան միայն գրքերում։

Ամփոփելով՝ ուզում եմ հիշել ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի այն խոսքերը, որ խաղաղությունը հազարավոր մղոնների ճամփորդություն է, և այն պետք է անցնել քայլ առ քայլ: Հայաստանը պատրաստ է անցնել այդ ճանապարհը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եվ ամենավերջում, կարծում եմ՝ ավելորդ չի լինի, եթե հակիրճ անդրադառնամ նաև Հայաստանում արդեն երկու տարուց ավելի ընթացող մի գործընթացի, որն էական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի հետագա զարգացման ճանապարհին: Խոսքս Սահմանադրական բարեփոխումների մասին է, որը մենք սկսել ենք 2013 թվականից: Այսօր արդեն գործընթացը հասել է Խորհրդարանական քննարկումների փուլ: Նախանցած շաբաթ այնպիսի տպավորություն էր Հայաստանում, թե ողջ հասարակությունը դարձել է Սահմանադրության լուրջ մասնագետ. օրեր շարունակ խորհրդարանում ընթանում էին բուռն բանավեճեր, դրանք ուղիղ հեռարձակվում էին ողջ երկրով մեկ, և սահմանադրությունը դարձել էր հասարակականքաղաքական բոլոր մակարդակների օրակարգի թիվ մեկ թեման՝ անգամ բակերում և մարդկանց բնակարաններում: Այս համատարած ակտիվությունը մեզ, իհարկե, ուրախացնում է, և մենք շարունակելու ենք նման բաց ու ընդգրկող աշխատաոճը: Այժմ բուն գործընթացի մասին:

Մեր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են. երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը: Իմ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած նախագծով փորձ է արվել լուծել իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման խնդիրները: Ասեմ, որ հանձնաժողովի կողմից առաջարկվել է կառավարման նոր` խորհրդարանական մոդել, որի նպատակն է առավել թափանցիկ և ժողովրդավար դարձնել պետության կառավարումը: Փոփոխությունների նախագծով բարձրանում է խորհրդարանի և կառավարության դերը, էապես ավելանում են խորհրդարանական փոքրամասնության լիազորությունները, մեծացվում է հասարակության դերակատարությունը պետական կառավարման գործում, դատական իշխանության, դատավորի անկախությունն ապահովող և երաշխավորող նոր ինստիտուտներ են ներդրվում և այլն:

Օրերս՝ 2015թ. սեպտեմբերի 11ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր 2րդ նախնական եզրակացությունը, որտեղ մասնավորապես նշված է. «Հայաստանի սահմանադրական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է աջակցության ու դրվատանքի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և արգասաբեր փոխանակումների մթնոլորտը շարունակական է եղել և հնարավորություն է ընձեռել սահմանադրական հանձնաժողովին պատրաստել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին»:

Նման բարձր գնահատականն իրոք ոգևորում է մեզ: Այնուամենայնիվ, մենք փոփոխությունների ներկայացված նախագիծը չենք դիտարկում որպես դոգմա, պատրաստակամորեն քննարկումների շարք ենք անցկացնում քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ անձանց հետ: Այս պահին մենք ստացված մեծաքանակ առաջարկությունների մշակման փուլում ենք, և ես սպասում եմ, որ փոփոխությունների վերջնական փաթեթը ինձ կներկայացվի արդեն մոտ ապագայում:

Այսքանը որպես սկիզբ՝ պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:
 

← Վերադառնալ