13
10, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարական լուծումները» թեմայով կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին

 

 

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի կապակցությամբ:

Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթի հիմնախնդիրներին նվիրված արդեն երկրորդ համաժողովի անցկացումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը զգալի տեղ է հատկացնում այս ոլորտում միջազգային համագործակցությանը, միջպետական շփումներին և հետևողական է տարբեր ձևաչափերով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով առաջադեմ փորձի փոխանակման հարցում:

Դատական կատարողների միջազգային միության ղեկավարության և մի շարք երկրների համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը համաժողովին խոսում է ինչպես ընտրված թեմայի արդիականության, այնպես էլ ոլորտին առնչվող համակարգային և ինստիտուցիոնալ հիմնախնդիրների քննարկման, դրանց հնարավոր լուծման ուղիների որոնման հարցում փոխադարձ շահագրգռվածության մասին:

Կարիք չկա հիմնավորելու և ապացուցելու, թե պետության և հասարակության հա-մար ինչ նշանակություն ունի դատական և վարչական ակտի պահանջը ժամանակին և ճշգրիտ կատարելը: Այսօր հարկադիր կատարման ծառայությունն էական ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների ապահովման գործում:

Հարկադիր կատարողների կողմից նորագույն տեխնոլոգիաների յուրացումը, աշխատանքի նոր մեթոդների և ձևերի ներդրման ուղղությամբ հետևողական ջանքերը նորանոր նվաճումների և առաջընթացի երաշխիքներ են:

Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ, բեղմնավոր աշխատանք և լիահույս եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակին:

 

← Վերադառնալ