30
09, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

 

Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանը, անշուշտ, նոր բացահայտում չէ պարոն Նախագահի համար: Նա դեռևս 2007 թվականին է այցելել Հայաստան, և այսօրինակ փոխայցերը, մեր խորին համոզմամբ, լավագույն վկայությունն են մեր ժողովուրդների` երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների դարավոր բարեկամության:

Ժողովրդավարություն, արվեստ, գիտություն, փիլիսոփայություն` մարդկային մտքի մեծագույն նվաճումների պատմությունը հաճախ նույնանում է հույն ժողովրդի պատմության հետ: Դարեր առաջ նրա ստեղծած արժեքները մինչև այսօր շարունակում են մնալ ժամանակակից քաղաքակրթության հոգևոր և մշակութային համակարգի հիմքում: Համամարդկային այս արժեքների և գաղափարների կրողն ու կիսողն է նաև հայ ժողովուրդը, որն իր դարավոր պատմության և ստեղծագործ գոյության ընթացքում մշտապես հարստացրել է և իր ուրույն ներդրումն է ունեցել արժեհամակարգային այս շղթայում: Հելլենիզմից մինչև քրիստոնեության ընդունում, Բյուզանդական կայսրությունից մինչև ոչ վաղ անցյալի պատմության ողբերգական էջերը հայ և հույն ժողովուրդները քայլել են կողք կողքի` նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:

Ոմանք ասում են, որ իրական բարեկամները երևում են դժբախտության պահին, իսկ ոմանք էլ իրական բարեկամ են համարում նրան, ով ունակ է անկեղծորեն կիսել դիմացինի ուրախությունն ու հաջողությունները: Թե բարեկամության այս երկու սահմանումից, որին նախապատվություն կտաք, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձեր ընտրությունն է: Բայց ես վստահաբար կարող եմ ասել՝ հայ-հունական բարեկամությունն իր իսկությունն ապացուցել է երկու դեպքում էլ:

Հարգարժա՛ն հյուրեր,

Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Սակայն հույն ժողովուրդը գոնե դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Շնորհակալ ենք հույն ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին` դառնալով դժբախտության մեջ մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այսօր այդ գաղթականների սերունդներն ապրում և ստեղծագործում են նաև Հունաստանում` ամրապնդելով մեր բարեկամությունը:


Հայ-հունական բարեկամությունը նաև ուրախության և հաջողությունների պատմություն է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական հարաբերությունների ուղին եղել է համագործակցության և փոխաջակցության ուղի, ինչն իր արտացոլումն է գտել երկկողմ շփումների բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, ինչպես նաև միջխորհրդարանական և ապակենտրոնացված: Հայ և հույն զինվորականները բարձր փոխըմբռնման մթնոլորտում ծառայել են կողք կողքի հանուն մեր ընդհանուր՝ եվրոպական տարածաշրջանի անվտանգության և ապահովության:

Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել և շարունակում է մնալ շատ կարևոր գործընկեր: Հունաստանն այն երկիրն է, որ կանգնած է եվրոպական ինքնության ձևավորման ակունքներում, որի հիմքում ընկած քրիստոնեությունը Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել որպես պետական կրոն՝ մեկընդմիշտ սահմանելով իր զարգացման հետագա ուղին:

Հարգելի՛ ներկաներ,

Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել. մեզ բախտ է վիճակվել ապրել չափազանց բարդ ժամանակաշրջանում` լի մարտահրավերներով և փորձություններով: Թեև հանգամանքները տարբեր են և մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձևը մեկն է` ապահովել իր բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգությունը և պահպանել ժամանակի փորձությունն անցած հարաբերությունների ողջ շքեղությունը բարեկամների հետ` ջանալով, որ կարճաժամկետ շահերը չանդրադառնան դրանց վրա:

Ինչպես ասել է մեծագույն հույն մտածողներից մեկը՝ Արիստոտելը. «Բարեկամությունը մեկ ոգի է, որ բնակվում է երկու մարմնում»: Ու եթե ժողովուրդների ոգին նրանց դավանած գաղափարներն ու արժեքներն են, վստահաբար կարելի է ասել, որ հայ և հույն ժողովուրդները, բնակվելով տարբեր պետություններում, կիսում են այդ միասնական ոգին:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել` ի պատիվ Հունաստանի Նախագահ պարոն Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի և հույն ժողովրդի և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության: Եվ ինչպես հույներն են ասում՝ յասաս (հունարեն կենաց):

← Վերադառնալ