Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարին
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարի հարգելի՛ մասնակիցներ և հյուրեր,
Հայ կինոն իր լավագույն նմուշներով տասնամյակներ շարունակ եղել է մեր ինքնաճանաչման, մեր ազգային ու բարոյական արժեքների հետ հաղորդակցվելու կարևորագույն միջոց:
Արդեն քսան տարուց ավելի վերահաստատված պետականություն ունեցող հայ հանդիսատեսը նոր ակնկալիքներ ունի մեր կինոյից, որոնք մեծացնում են ինչպես կինոգործիչների, այնպես էլ պետության պատասխանատվությունը հայ կինոյի զարգացման և ապագայի հանդեպ:
Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ անցած տարիների ընթացքում այս ասպարեզում գրանցվել են որոշակի հաջողություններ: Ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ անկախ կինոարտադրողների ջանքերով հարստացել և ավելի բազմազան է դարձել կինոկյանքն իր տարաբնույթ դրսևորումներով: Հայաստանը դարձել է միջազգային կինոհամագործակցության նկատելի հասցե՝ տարբեր կինոփառատոնների, մասնավորապես, «Ոսկե ծիրանի» շնորհիվ, ինչը նպաստում է ժողովուրդների երկխոսությանը և հումանիստական մթնոլորտի ձևավորմանը:
Ուրախալի է նաև հայկական ֆիլմերի շարունակաբար ընդլայնվող մասնակցությունը հեղինակավոր միջազգային կինոստուգատեսներում, որտեղ արձանագրվում են որոշակի հաջողություններ:
Կինոգործիչներին համախմբելու, նրանց մասնագիտական շահերը ներկայաց-նելու և պաշտպանելու, հայ կինոն քարոզելու գործում մեծ է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և անձամբ Ռուբեն Գևորգյանցի դերը:
Հայ կինոն կանգնած է մեր նոր պատմությունը իմաստավորելու հրատապ անհրաժեշտության առջև: Հասարակությունը սպասում է նրա առաջընթացին՝ ճանաչված վարպետների և ինքնահաստատման ճանապարհը բռնած երիտասարդ հերթափոխի համատեղ ջանքերի շնորհիվ:
Համագումարին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ լիահույս լինելով, որ հայ կինոգործիչները հանդես կգան նոր հետաքրքիր գաղափարներով և նախաձեռնություններով: