22
06, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում

album picture
Հարգարժա՛ն նախագահող,

Հարգելի՛ ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին կանցլերի անունը կրող այս հեղինակավոր հիմնադրամում ելույթ ունենալու հնարավորության համար և ողջունում եմ այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին, նաև հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորապես պարոն Փոթերինգին, ում հետ համատեղ աշխատանքի առիթ եմ ունեցել: Ուրախ եմ, պարոն Փոթերինգ, կրկին հանդիպելու և մեր տարածաշրջանի հանդեպ Ձեր մշտական ուշադրության համար: Կոնրադ Ադենաուերի տեսլականը, որով կանխորոշվեց հետպատերազմյան Գերմանիայի քաղաքական կողմնորոշումը և հնարավոր դարձավ Եվրոպայի միասնականության գաղափարի իրականացումը, քաղաքական խոհեմության փայլուն օրինակ է, որի արդիականությունը չի նվազել անգամ այսօր` տասնամյակներ անց:

Հարգելի ներկաներ,

Այսօր ես խոսելու եմ Հարավային Կովկասի մասին, նրա դերի, կարևորության, նրա ներկայի և, որ ավելի կարևոր է, նրա ապագայի մասին: Ինչպես ասես մեր տարածաշրջանը չի բնորոշվել` Ասիան Եվրոպային կապող կամուրջ, էներգետիկ անվտանգության ապահովման հանգույց, կայունության կամ անկայունության գործոն, հաղորդակցության ուղիների տարանցիկ գոտի, ուժերի մրցակցության կամ շահերի համադրման թատերաբեմ. այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլոր այս բնորոշումները սառն են, անհաղորդ և անտարբերությամբ լի, քանի որ դրանցում չեն երևում, պարզապես բացակայում են տարածաշրջանի բնակիչները, ժողովուրդները` որպես հավաքական ինքնության և մշակույթի կրողներ, և այդտեղ ապրող ժողովուրդների միջև եղած տարբերությունները, նրանց զարգացման ուղղվածությունն ու միտումները:

Ավելին ասեմ. նման բնորոշումներով ուղղորդված ընկալումները խանգարում են նաև մեզ և նպաստում, որ, ինչպես Կոնրադ Ադենաուերն էր ասում, “լինելով մեկ արևի տակ` չունենանք ընդհանուր հորիզոն”:

Անշուշտ, շատ չեն աշխարհում տարածքները, որտեղ ժողովուրդների, էթնիկական խմբերի, մշակութային, կրոնական, քաղաքակրթական նման բազմազանություն կա: Սակայն հենց սա է մեր իրական հարստությունը: Մենք պետք է կարողանանք բարձրանալ և առաջ շարժվել ոչ թե այս բազմազանությանը դեմ գնալով կամ մեկս մյուսի ունեցածը մերժելով, այլ միմյանց լրացնելով, փոխհարստացնելով, ինչպես արել և անում են եվրոպական այլ երկրներ:

Ավելի քան 3000 կմ երկարությամբ միջազգային սահման կա Կովկասում, և ես ցավով եմ արձանագրում, որ այս սահմաններն ավելի շատ բաժանում, քան միավորում են մեզ: Այո՛, շատ չեն նաև աշխարհում տարածաշրջանները, որտեղ բնակվողները նմանատիպ պատմական խնդիրներ, ցավ և անգամ թշնամանք ունեն միմյանց հանդեպ: Սակայն այստեղ էլ արդիական է Կոնրադ Ադենաուերի օրինակը. ժամանակին նա տեսավ ապագա Եվրոպան և ապագա Գերմանիայի տեղը այդ Եվրոպայում:

Հնարավո՞ր է արդյոք նույնօրինակ ապագա մեր տարածաշրջանի համար: Անշու՛շտ հնարավոր է: Հնարավոր է միայն նպատակը գիտակցելու, այն միասնաբար շարադրելու, ճիշտ հրամցնելու, համընդհանուր ընկալելու և դեպի նպատակը շարժվելու ամուր կամքի, ավելի լայն ու հեռուն նայել կարողացող քաղաքական առաջնորդության պայմաններում: Բա՞րդ է հնչում. միգուցե: Բայց ոչ այստեղ` Եվրոպայում: Սա մի ճանապարհ է, որով անցնողների ձեռքբերումները բոլորիս աչքի առջև են: Այդ ձեռքբերումները ոգևորիչ են, իսկ անցումը` արժանի ընդօրինակման:

Սառը պատերազմի ավարտը աշխարհի բազմաթիվ կետերում կայունացում ու խաղաղություն բերեց: Բայց եղան նաև տարածքներ, որոնց թվում էր նաև Հարավային Կովկասը, որտեղ սառը պատերազմի ավարտով սկսվեց չափից ավելի թեժ հակամարտությունների ժամանակաշրջան: Նորանկախ երկրների պետական շինարարությունը զուգորդվեց պատերազմներով, հեղաշրջումներով, տնտեսական աղետալի ճգնաժամերով, հասարակությունները դարձան ռազմականացված, այլատյաց, անհանդուրժող ախոյաններ: Անցել է շուրջ երկու տասնամյակ: Արդյո՞ք անհրաժեշտ դասեր ենք քաղել մեր իսկ ոչ վաղ անցյալից: Իմ դիտարկումների պատասխանը բացասական է:

Հետճգնաժամային հասարակություններում քաղաքական գործչի համար ամենահեշտ, գուցեև ամենագայթակղիչ լուծումը ազգայնական քարտը խաղարկելն է: Պատերազմներից, ճգնաժամերից, տնտեսական անկումից դուրս եկող հասարակության համար դա կարող է ընկալվել որպես փրկարար փարոս. “Ես ձեզ կփրկեմ, որովհետև դուք իմ տեսակն եք”: Բայց սա խաբուսիկ լուծում է, գուցեև ունակ ապահովելու հասարակության ներքին ուժերի կարճատև համախմբումը: Բայց սա ապագային ուղղված լուծում չէ: Չի կարող լինել: Անիմաստ է վթարային շենքում փորձել վերանորոգել սեփական բնակարանը և հուսալ, որ ապահովել ես անվտանգությանդ խնդիրը: Առավել ևս չի կարելի սեփական անվտանգությունը կամ բարեկեցությունը կառուցել հարևանի հաշվին: Հարևանները նման քայլերը հեշտ չեն մոռանում: Դեպի հարևան շենք տանող մեկ-երկու խողովակը չի կարող ապահովել ո՛չ անվտանգությունդ, ո՛չ բարեկեցությունդ, առավել ևս` էականորեն մեծացնել բնակարանատերի նշանակությունն այլոց աչքում:

Մեր տարածաշրջանում մինչ օրս իրականացված ամենամեծ տնտեսական նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր, որը ոմանք կոչում էին “համաշխարհային նախագիծ”, “դարի նախագիծ” և այլն: Վրաստանում 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում, երբ այդ նավթամուղի աշխատանքը դադարեցվեց, համաշխարհային նավթի գները տատանում չարձանագրեցին: Սա է ինձ համար այդ ծրագրի “համաշխարհային” լինել-չլինելու լավագույն գնահատականը: Իսկ ի՞նչ տվեց այդ ծրագիրը տարածաշրջանին: Բաժանարար գծերի խորացում, սպառազինությունների մրցավազք, ռազմական հռետորիկայի աճ… Սա՞ էր ակնկալվող “անվտանգությունն ու բարեկեցությունը”: Աստված մի արասցե, որ տարածաշրջանը ճաշակի այդ ծրագրի բոլոր /չակերտավոր/ “բարիքները”:

Այդ առումով կարևոր է, որ բոլոր հետագա ծրագրերն ու սցենարները բերեն հավասարակշռության ապահովմանը, ոչ թե հակադրությունների սրմանն ու ուժային լուծումների գայթակղության խորացմանը:

Երբեմն լսում եմ, ինչպես այս կամ այն ժողովրդի ներկայացուցիչը հպարտությամբ է ներկայացնում “քաղաքակրթությունների խաչմերուկում” իր ժողովրդի գտնվելու փաստը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ես էլ եմ տարբեր առիթներով օգտագործել դա: Իսկապես, ես էլ եմ ներկայացուցիչը մի ժողովրդի, որն իր հազարամյակների գոյության ընթացքում մշտապես գտնվել է այդպիսի խաչմերուկում: Եվ ոչ միայն աշխարհագրորեն: Մենք եղել ենք կրոնների, կայսերական նկրտումների, լեզվախմբերի, աշխարհընկալումների, իսկ 20-րդ դարի ընթացքում` նաև գաղափարախոսությունների խաչմերուկում: Այդ հանգամանքը նպաստել է մեր ժողովրդի զարգացմանը հոգեպես, մշակութապես: Սակայն այն նաև իմ ժողովրդի համար սոսկալի աղետների պատճառ է դարձել: “Խաչմերուկում” ապրող փոքր ժողովուրդները կհասկանան ինձ:

Մենք արագությամբ մտնում ենք պատմության մի փուլ, որը ենթադրում է բազմաբևեռ աշխարհ: Կարծում եմ, արդարացված են մտավախությունները, որ Հյուսիս-­Հարավ-­Արևելք­-Արևմուտք հակադրության սրացման նույնիսկ թույլ դրսևորումներն ունակ են ջլատելու մեր “խաչմերուկ”-տարածաշրջանը, իսկ կայունությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել առաջին կրակոցը: 2008թ. մեծ ճիգերի և զսպվածության շնորհիվ հաջողվեց խուսափել ռազմական առճակատման տարածումից: Երկրորդ անգամ նման հնարավորություն կարող է չտրվել: Ի վերջո, հարյուր տարի առաջ ո՞վ կարող էր ենթադրել, որ Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը կարող է առիթ դառնալ 16 միլիոն մարդկանց սպանության, ևս 31 միլիոն մարդկանց դարձնելով հաշմանդամ:

Եթե կարող ենք ընտրություն կատարել մեր տարածաշրջանի վերաբերյալ քիչ առաջ նշված բնորոշումների միջև, ապա Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն նման աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն` գիտակցել ու տեսնել ապագան` “ընդհանուր հորիզոնը”:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Համաշխարհային փորձի խտացումը վկայում է, որ մարդիկ ոչնչի շուրջ պատրաստ չեն ավելի արագ համաձայնության գալ, քան տնտեսական շահի շուրջ:

Բոլոր օրինակներն ապացուցում են տնտեսական համագործակցությամբ ինտեգրացման և քաղաքական խնդիրների լուծման երկարաժամկետ կայունությունը:

Հարավային Կովկասը կարող է համադրել բոլոր կողմերի՝ գործընկեր երկրների, տարածաշրջանային առաջնորդների, ներդրողների շահերը: Իրավիճակը, երբ բոլորը` գերտերությունները, տարածաշրջանային առաջատարներն ու շահագրգիռ մյուս կողմերը, հնարավորություն ունեն փոխլրացման ճանապարհով արդյունավետորեն բավարարել իրենց շահը, ունակ է հետ պահել ցանկացած մեկին ամեն ինչ խառնելու գայթակղությունից:

Ես հասկանում եմ, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: Տարածաշրջանի համար խիստ կարևոր է Իրանի՝ վտանգված լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկա լուծում ո՛չ վաղվա խնդիրների, ո՛չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար:

Իսկ արդյո՞ք հարավկովկասյան “տնտեսական կարկանդակը” կբավարարի բոլորին: Միգուցե փոքր կարկանդակի մասնատումը շատերի ախորժակը չի կարող բավարարել, բայց ճիշտ լուծումը կարկանդակը մեկին կամ երկուսին հանձնելը չէ, առավել ևս, որ դրանով խնդիրները միայն սկսվում են: Ուղղակի անհրաժեշտ է թխել ավելի մեծ կարկանդակ:

Եթե խոսում ենք էներգետիկայի մասին, ուրեմն տարածաշրջանը էներգակիրների աղբյուրից պետք է վերածել էներգետիկ հանգույցի: Եթե խոսում ենք փակուղու և փակ սահմանների մասին, դրանց փոխարեն տարածաշրջանը պետք է դարձնել հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող տրանսպորտային հանգույց: Անհրաժեշտ է բազմազանեցնել ծրագրերի ուղղվածությունը: Միայն արևելքից արևմուտք ձգվող նավթամուղներն ու գազամուղները, հաղորդակցության ուղիները չեն կարող ապահովել կայունություն, անվտանգություն և բարգավաճում տարածաշրջանում:

Վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք մի քանի խոշոր ծրագրեր:

Էական զարգացումներ ունենք էներգետիկայի ոլորտում: Ավարտելով նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը և շարունակելով հնի շահագործումը` մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում ԱԷԿ-ի նոր, առավել հզոր բլոկի կառուցմանը: Արդյունքում մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի կարևոր մատակարար:

Մենք սկսում ենք նաև Վրաստանի նավահանգիստները Հայաստանի տարածքով Իրանի սահմանին կապող ժամանակակից արագընթաց ճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագրում ենք նաև սկսել Հայաստան-Իրան երկաթուղու նախագծման աշխատանքները: Այս ենթակառուցվածքային ծրագրերն իսկապես հեղափոխական նշանակություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության առումով` Սև ծովը կապելով Պարսից ծոցին և Հնդկական օվկիանոսին, իսկ Իրանի միջոցով նաև Միջին Ասիային և ապագայում` մինչև Պակիստան ու Հնդկաստան:

Այս խոշոր ծրագրերի աջակիցներ ու հովանավորներ փնտրելիս մենք վերցրել ենք խիստ լայն սպեկտր` Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Բրյուսելից մինչև Պեկին ու Տոկիո: Եվ խնդիրը չի սահմանափակվում սոսկ պոտենցիալ ներդրողների որոնմամբ: Մեր պատկերացմամբ խնդիրն ավելի լայն է` ապահովել պոտենցիալ շահագրգիռ երկրների լայն ցանց և դրանով իսկ հնարավորինս լայն շահերի համադրում: Մենք իրապես կցանկանայինք տեսնել եվրոպական հսկաների` Գերմանիայի, Ֆրանսիայի ավելի մեծ ակտիվություն այս ուղղությամբ: Ի վերջո հարցն այն չէ` պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել այս կամ այն ծրագրում: Հարցն ավելի լայնամասշտաբ է` պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել տարածաշրջանի ապագայի համար:

Դիտարկելով խնդիրը զուտ տնտեսական շահավետության տեսակետից, մենք անտեսում ենք ամենակարևոր բաղադրիչը` անվտանգության և համաչափ զարգացման մակարդակի էական բարձրացումը: Ի վերջո, պնդումը, թե տարածաշրջանի ներքին խնդիրները լոկ տարածաշրջանի ներքին խնդիրներն են և անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է սառեցնել տարածաշրջանային մակարդակով, դեռևս ապացուցման կարիք ունի:

Ուզում եմ նաև հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը “յուղել” տնտեսական առատ աջակցությամբ: Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ: Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավորվածության կատարման “պարտադրող կողմը”, ում լիազորությունները չեն վիճարկվում և չեն վիճարկվելու որևէ մեկի կողմից: Այդ մոտեցումը աշխատում է Բալկաններում, բայց “պարտադրող կողմի” բացակայության պայմաններում չի աշխատել բազում այլ վայրերում, ամենավառ օրինակը Պաղեստինն է:

Ինչևէ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում քաղաքական համապարփակ լուծումների կայացումը համարում եմ քիչ հավանական, իսկ տարածաշրջանային տնտեսական համագործակցության աշխուժացումն ինքը կստիպի վերանայել փակ սահմանների և սառած հարաբերությունների առկա ստատուսքվոն և հակամարտությունների լուծման համար փոխվստահության մթնոլորտ կձևավորի:

Ուզում եմ մի փոքր շեղում կատարել` խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնության հետևանքով տեղի ունեցած զարգացումների փորձառության մասին: Այն մտահոգությունները, որ այսօր ես հնչեցնում եմ տարածաշրջանի անվտանգության խնդիրների առումով, մեծապես առաջնորդում էին մեզ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս: Դա և՛ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությունն էր, և՛ բաժանարար գծերի վերացումն ու երկխոսության մթնոլորտի հաստատումը, և՛ տնտեսական համագործակցության խթանումը` որպես նաև հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական: Ինչու՞ մեր նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ: Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին. նախապայմանների, թելադրանքի և անգամ սպառնալիքների լեզվին: Մինչև օրս էլ Եվրոպայի միակ փակ, հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին:

Անշուշտ, թուրքական կողմից Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաև այլևայլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերևս ավելացնեն նաև ադրբեջանական ճնշման գործոնը: Որոշ արևմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երևույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար: Միգուցե, ժամանակը ցույց կտա: Ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռևս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, “ես ուժեղ եմ, հետևաբար ես եմ թելադրելու լուծումները” մոտեցումները: “Հարևանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը” զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակի իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում:

Իմ խորին համոզմամբ ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները վեր կանգնեն նեղ քաղաքական օրակարգերից ու հակասություններից, ի ցույց դնելով իսկական առաջնորդական հատկանիշներ՝ ուղղված ապագայի կերտմանը, այլ ոչ անցյալը վերապրելուն: Հուսով եմ` նման փոփոխություններ կարող ենք տեսնել առաջնորդների հենց այս սերնդի մոտ:

Հայաստանը բազմիցս կոչ է արել իր արևելյան հարևանին` Ադրբեջանին, մեր երկրների հնարավորություններն ի սպաս դնել տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը: Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երեխաներին չեն կարող լավ ապագա խոստանալ: Եվ ես դա ասում եմ որպես մի մարդ, ով անցել է իրեն պարտադրված պատերազմի բովով, ճաշակել հաղթանակի բերկրանքը, բայց և երբեք չի մոռանա պատերազմի պատճառած դառնությունները: Ի վերջո, մի օր, երբ տարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապես կարող ենք շատ ավելի հեշտությամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապահովել մեր ժողովուրդների ապահով, անվտանգ և բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության և կասկածանքի մթնոլորտում: Համոզված եմ, որ տարածաշրջանային ինտեգրացիայի մեր մոտեցումները կիսում են նաև Վրաստանի մեր գործընկերները:

Մենք իրավունք ունենք նաև նման վերաբերմունք ակնկալել տարածաշրջանում ներգրավված մեր գործընկերներից: Մենք անընդհատ խոսում ենք ինտեգրացիան և փոխկապակցվածությունը խթանելու մասին, բայց ի՞նչ քայլեր ենք անում:

Նույնիսկ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում մենք հանգիստ նայում ենք, թե ինչպես ծրագրին միացած որոշ երկրներ փորձում են սահմանափակել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Օրինակ Ադրբեջանը, ոգևորվելով երկար տարիներ ՏՐԱՍԵԿԱ ծրագրին Հայաստանի մասնակցությունը սահմանափակելու իր ջանքերից, փորձում է նույն գործելաոճը տարածել նաև Արևելյան գործընկերության վրա:

Հարգելի՛ բարեկամներ,

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակություն կառուցելու նպատակին և հանձնառու է ստեղծել տարածաշրջանում փոխադարձ շահերով ու պարտավորություններով ամրագրված կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայր:

Ինչպես Մարտին Լյութերն էր ասում. “Ամեն ինչ աշխարհում հույսով է արվում”: Ես հույս ունեմ, որ մի օր մեր հարևանների և բարեկամների հետ իրական ու գործնական երկխոսություն կսկսենք՝ մեկ սեղանի շուրջ հավաքելով բոլորին. դա է պահանջում “ընդհանուր հորիզոնի տրամաբանությունը”: Եւ վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ այն հարցադրմանը, թե “հնարավո՞ր է դա մեր տարածաշրջանում”, կլսենք հստակ պատասխան` այո՛:

Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ