14
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

album picture
Գերաշնորհ Սրբազան հայրեր,

Սիրելի իրանահայեր,

Ուրախ եմ ձեզ հանդիպելու և հայրենիքի ջերմ ողջույնները փոխանցելու այս հնարավորության համար: Ինչպես գիտեք, ես Իրանի Իսլամական Հանրապետությունում եմ պաշտոնական այցով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների ու երկրների միջև առկա են մի կողմից` ջերմ մարդկային, մյուս կողմից` գործնական, փոխշահավետ հարաբերություններ: Իմ բանակցություններն այստեղ գնահատում եմ հաջող և շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեր գործընկերներին կառուցողական դիրքորոշման և հայ-իրանական հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելու պատրաստակամության համար:

Ես գիտեմ, որ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Իրանի ջերմ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է նաև իրանահայության կեցվածքով ու նկարագրով: Այս օրերին, հանդիպումներ ունենալով Իրանի ղեկավարության հետ, կրկին համոզվեցի դրանում: Իրանահայությունն արժանիորեն վաստակել է այդ հարգանքը թե Իրանում, թե Հայաստանում: Պատահական չէ նաև, որ իրանահայության նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունքն այսօր նույնիսկ ամրագրված է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Իրանի և Հայաստանի միջև կապերը նույնքան հինավուրց են, որքան երկու ժողովուրդները: Մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը սնվում են նույն արմատներից: Ավելին, պատմության քառուղիներում մեր ժողովուրդների ճակատագրերը միահյուսվել են. մի ամբողջ հավերժություն հայն ու իրանցին ստեղծագործել են միևնույն հանգով ու ոգեշնչվել նույն արժեքներով:

Դաժան փորձությունների ժամին Իրանը սատար է եղել հային ու Հայաստանին: Տասնիններորդ դարավերջի ու քսաներորդ դարասկզբի ջարդերից ու ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականները պատսպարվեցին նաեւ այս հողում: Տասնյոթ տարի առաջ Իրանը հերթական անգամ ձեռք մեկնեց իր անկախության ու ազատության համար պայքարող հայ ժողովրդին` դառնալով կենաց աղբյուր շրջափակման մեջ մաքառող հայաստանցիների համար:

Քսաներորդ դարը իրավամբ դարձավ իրանահայության ոսկեդարը: Նախորդ դարի ողջ ընթացքում իրանահայերն իրենց երախտիքը Իրանի ժողովրդին մատուցել են մտքով ու գործով, ծաղկեցրել հայրենիքն ու ծառայել նրա առաջընթացին: Գիտության մեջ ու արվեստում, տնտեսության մեջ ու հասարակական կյանքում հայը նպաստել է Իրանի բարօրությանն ու պետականության ամրապնդմանը: Այլ կերպ լինել չէր կարող: Չէ՞ որ ինչպես Պարույր Սևակն է պնդում` մեզ հայ են ասում.

Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…

Հայկական եկեղեցիները, դպրոցներն ու գրադարանները, բազմաթիվ հասարակական և հոգևոր կենտրոնները, հայկական ծավալուն գրական ժառանգությունը ծաղկեցին եւ դարձան Իրանի հոգևոր-մշակութային ժառանգության անբաժանելի մասը:

Իրանական խորը մշակույթն ու հյուրընկալ հողը նպաստեցին հայոց լեզվի ու հայ ինքնության պահպանմանը, ամրապնդմանն ու զարգացմանը: Պատահական չէ, որ 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայ հոյակերտ կոթողները, Սուրբ Թադևոս Առաքյալի` Թադեի վանքը, որը վաղ քրիստոնեության աշխարհի թերևս հնագույն հուշարձանն է, ճանաչեց իրանական համաշխարհային պատմական ժառանգության մաս: Սակայն եկեղեցիներով, հուշարձաններով ու մատյաններով չէ միայն, որ հիանում ենք ու հպարտանում, այլ դրանք ստեղծած հայորդիներով` իրանահայերով: Խոնարհվում ենք նրանց մտքի ու բազկի փայլատակումների առջև, որոնք ծառայել են ի բարօրություն հայ և իրանական ժողովուրդների:

Հետևաբար լավ իրանահայն այսօր Իրանի ակտիվ քաղաքացին է, իր երկրի լավ զավակը:

Իրանի ամենամեծ քրիստոնյա համայնքը` իրանահայությունը, հպարտության, հիացմունքի ու ոգեշնչման աղբյուր ունի այսօր: Դա երկու հայրենիքների համերաշխ բարեկամությունն է: Պատմության քառուղիներում երբևէ պետականությունը չկորցրած Իրանի հարևանն այսօր բարեկամ Հայաստանն է: Սա իսկապես լավ օրինակ է բարիդրացիության, համերաշխության ու բարեկամության:

Եվ մեր պարտքն է կայունության ու խաղաղության հայ-իրանական իմաստնությունը հաստատել ողջ տարածաշրջանում:

Հանդուրժողականությունը, խաղաղությունն ու համագործակցությունը մեզ համար գաղափարներ չեն սոսկ: Մեր ժողովուրդների իմաստնությունը այդ գաղափարները դարձրել է իրողություն:

Անշուշտ, մեր երկրները պետականաշինության տարբեր ճանապարհ են անցել, տարբեր են մեր օրենքները, մեր ծրագրերը, մեր դավանանքը: Սակայն մեր շահերը համընկնում են, ընդհանուր են մեր արժեքները, նույնն են մեր իղձերն ու մեր հավատն առ Աստված:

Սա է հայ-իրանական դասը մեր տարածաշրջանին` ծառայեցնել բազմազանությունը ժողովուրդների բարօրությանն ու խաղաղությանը: Եվ այս խորհուրդը սրբագործված է իրանահայերի յուրօրինակ պատմական առաքելությամբ. լինել այն շաղախը, որն ամրացնում է երկու ժողովուրդների բարեկամության հիմնասյուները:

Սիրելի հայրենակիցներ,

Քսանմեկերորդ դարում հայ ժողովուրդը կերտում է իր անկախ ու ինքնիշխան պետությունը, կառուցում է ազատ ու արդար հասարակություն, իր մրգերի համն ու դաշտերի բույրն է տալիս աշխարհին, իր երգերի ձայնն ու ու մշակույթի երանգներն է առաջարկում մարդկությանը, իր մտքի արագությունը ծառայեցնում իրեն, իր հարևաններին ու ողջ երկրագնդին:

Քսանմեկերորդ դարի հայը ճակատագրի հաճությամբ աշխարհաքաղաքացի է. հայը քաղաքացի է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի, Լիբանանի ու Իսրայելի, Պերուի և Էկվադորի:

Հայ ժողովրդի առաքելությունն աշխարհի հանդեպ պարզ է. հայը պիտի լինի իր երկրի լավ քաղաքացին, որտեղ էլ որ բնակվի. լավ հայը` Իրանի, Բրազիլիայի ու Հոլանդիայի լավ քաղաքացին է:

Մեր ժողովրդին բաժին են ընկել հազար ցավ ու վիշտ, զրկանքներ ու դժվարություններ, սակայն մեր բաժին դժվարությունները կարողացել ենք դարձնել արժեքներ, գիտելիք ու մշակույթ: Մեր ժողովուրդը գտել է այն փիլիսոփայական քարը, որը ցավն ու վիշտը վերածում է վայելքի ու երջանկության, իսկ դժվարություններն ու զրկանքները՝փորձի ու ապահովության: Պատմությունն այս ձևով մեզ տվել է մեծագույն հարստություն և բախտ:

Մեզ ի վերուստ խոստացված չէ ոչինչ. մեր անցյալը մեզ տրված է ու մեր ներկան նվաճված քրտինքով ու արյամբ, մեր քրտինքով ու մեր արյամբ` ոչ ուրիշի: Այսօր մենք համայն հայության երազանքը` Հայաստան պետությունն ենք կառուցում: Եվ փորձում ենք կառուցել աչքի առաջ ունենալով նաեւ մեծն Ռուդաքիի` հնչեցրած իմաստնությունը.

Մարդ արարած, հաստատ գցիր հիմքը քո տան.
Հաստատ հիմքը և պահակ է, և պահապան:

Այո, մենք հաստատակամ ենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում: Իհարկե, տեղյակ եք, որ այժմ ընթանում են բանակցություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Ղարաբաղը որևէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին: Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ պատմական, ոչ բարոյական հիմք: Եվ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թե հայկական, թե թուրքական, թե միջազգային մամուլում շատ է խոսվում: Երբեմն ենթադրություններն ու կանխատեսումները կամ բարի ցանկությունները ներկայացվում են որպես փաստ: Ճշմարտությունը հետևյալն է. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչև այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան: Այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարևան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ: Բայց այստեղ, այս դահլիճում մեկ անգամ եւս պետք է ասեմ, որ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, բնավ չի նշանակում կասկածի տակ առնել ցեղասպանությունը:

Հայաստանում, ինչպես գիտեք, վերջին տարում մենք բախվել ենք մի փորձության, որի հետ բախվել է ողջ աշխարհը, և որը կոչվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ: Պարզ է, որ դրա մեղավորը մենք չենք` ոչ Հայաստանը, ոչ Իրանը, բայց դրա ծանր հետևանքներն իրենց զգացնել են տալիս, անշուշտ, նաև Հայաստանում: Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել ճգնաժամի բացասական հետևանքները, որպեսզի մեր երկիրն ու ժողովուրդը հնարավոր փոքր կորուստներով հաղթահարեն այս ուղին: Մենք ձեռնարկել ենք քայլեր և մշակել ենք միջոցառումներ, որոնք մեզ պետք է հնարավորություն տան փորձությանը դիմագրավել առանց լուրջ ցնցումների:

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտելով ելույթս ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել.
Իրանահայի տունն Իրանն է, օջախը` Հայաստանը:
Իրանահայը պիտի սնվի երկու կենարար աղբյուրներից,
ոգեշնչվի երկու մեծագույն մշակույթների ժառանգությամբ,
հպարտանա երկու հայրենիքների վսեմությամբ:

Նրան փառավորում են երկու պանծալի դրոշ ու պահպանում երկու օրհներգ:

Նրա զավակները պիտի դառնան իրանական պետականության հիմնասյունն ու հայոց երկրի պատվիրակը:

Ես շատ շնորհակալ եմ ձեր ջերմ վերաբերմունքին, այս պատվին արժանանալու համար: Ինձ համար մեծ հաճույք է գտնվել “Արարատ” հոյակերտ կառույցում: Օգտվելով առիթից` ուզում եմ այս խաչ-թուղթը, որը Արարատ Սարգսյանի ստեղծագործությունն է եւ արտապատկերն է ադրբեջանցիների կողմից ավերված Ջուղայի խաչքարերից մեկի, նվիրել ձեր կենտրոնին: Շնորհակալ եմ իրանահայությանը: Այսպիսի հանդիպումներն ինձ նոր լիցք են հաղորդում, ոգեւորում: Աշխարհի բոլոր անկյուններում կան հայեր, հայկական համայնքներ, բայց կան նաեւ բոլորից տարբերվող համայնքներ:

Կեցցե իրանահայությունը, փառք հայ ժողովրդին:

← Վերադառնալ