03
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

album picture
Սիրելի´ հայրենակիցներ,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ: Շատ ուրախ եմ այս հանդիպման համար:

Այսօրինակ հանդիպումներն ու հավաքները միշտ էլ նոր լիցքեր են հաղորդում եւ դրդում ավելի փութաջանորեն զբաղվելու համահայկական խնդիրներով: Սփյուռքի հետ ուս ուսի` մենք ուժեղ ենք, Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում, եւ վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք մտածում` թիկունքում ունենալով Հայաստանը:

Շվեյցարահայ համայնքը, գրեթե բոլոր հայ գաղթօջախներին բնորոշ խնդիրներով հանդերձ, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է: Լինելով փոքրաթիվ` դուք կարողանում եք մեծ գործեր կատարել: Հայ-շվեյցարական հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակն ու մանավանդ Շվեյցարիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հանգամանքը կապված է հիմնականում ձեր աշխատանքի հետ: Մենք սա շատ հստակ գիտակցում ենք Հայաստանում: Հայրենիքում այս մասին շատ լավ գիտեն, շնորհակալ են ու, անշուշտ, ուրախ:

Ինչպես տեղյակ եք, Դավոսում մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Տեղեկացնում եմ ձեզ, որ այս հանդիպումները չափազանց կարեւոր էին, այցելությունն օգտակար էր, շփումները` արդյունավետ:

Գիտեք, որ այստեղ` Ցյուրիխում, ես երեք օր առաջ` մինչ Դավոս մեկնելը, հանդիպել եմ Ադրբեջանի Նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մենք շարունակել ենք բանակցությունները: Այս առումով, Հայաստանի դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Սրանում Դուք կարող եք վստահ լինել` մենք այլ խնդիր մեր առջեւ չենք դնում: Եվ այն հեքիաթները, որ որոշ մարդիկ փորձում են պատմել` թե իբր ելնելով ինչ-ինչ նպատակներից կամ տեղի տալով ինչ-ինչ ճնշումների, մենք կարող ենք միակողմանի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի խնդրում, իրականությանը չեն համապատասխանում: Մենք չենք կարող մեր ազգային նպատակը, համընդհանուր խնդիրը զոհել ինչ-ինչ երկրորդական խնդիրներ լուծելու համար:

Գիտեք, որ Թուրքիայի հետ էլ շարունակվում են մեր շփումները, եւ Դավոսում ես հանդիպել եմ Թուրքիայի վարչապետի հետ: Հանդիպման արդյունքում մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները: Եվ կարծում եմ, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց որեւէ նախապայմանների բնականոն ու քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելը բխում է մեր շահերից: Այստեղ էլ ուզում եմ, որ բոլորի համար միանշանակ պարզ եւ հասկանալի լինի: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների: Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` առանց որեւէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետեւ քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, մեր երկու ժողովուրդների միջեւ:

Այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերի` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առջեւ: Հայաստանը, ինչպես եւ մյուս երկրները, լուրջ անհանգստացած են£ Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել մեր ժողովրդի համար այս ճգնաժամի բացասական հետեւանքները: Մեզ մինչեւ այժմ հաջողվել է երկրում ապահովել ֆինանսական կայունություն, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ նման գլոբալ գործընթացներից: Ես անցյալ տարի բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ ուզում եմ ձեր ներկայությամբ կրկնել, որ մեր խնդիրը ճգնաժամից նվազագույն վնասներով դուրս գալն է: Եթե մենք չկարողանանք այլ երկրների հետ համեմատած ավելի լավ վիճակում լինել, ուրեմն մենք վատ ենք աշխատում, իսկ մենք չենք ցանկանում վատ աշխատել:

Անկախությունից ի վեր Շվեյցարիան Հայաստանին տարբեր բնագավառներում տրամադրել է բազմաբնույթ օգնություն, մեծ ծավալի օժանդակություն է ցուցաբերել: Եվ այսօր մեր միջպետական հարաբերությունները բավականաչափ ակտիվ են: Ի դեմս ձեզ` ողջունելով շվեյցարահայ ողջ համայնքին, խնդրում եմ շարունակել ձեր աշխատանքը` այն ինչ դուք անում եք տարիներ, տասնամյակներ ի վեր: Բայց խնդրում եմ մի քիչ ավելի ակտիվ լինել, խնդրում եմ ավելի շատ ջանքեր ներդնել: Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ կա ճգնաժամ, կան խնդիրներ, այլեւ, որ մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ ավելի մեծ հաջողություններ, քան ունեցել ենք այս տասնյոթ տարիների ընթացքում: Ու կախված այն հանգամանքից, թե յուրաքանչյուր հայ ինչպիսի մասնակցություն կունենա այս աշխատանքներում, դրանից է կախված լինելու իրական արդյունքը: Նորից եմ կրկնում` յուրաքանչյուր հայ, ոչ թե` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետեւ մեր ներուժը մեր միասնականության մեջ է: Համախմբվածությունն ու միասնականությունը մեզ պետք են օդի ու ջրի պես: Ազգային միասնականությունը, կարգախոս լինելուց բացի, լավ աշխատելու, մեծ գործեր ձեռնարկելու եւ հաջողության հասնելու միակ գրավականն է: Պառակտվածությամբ, մասնատվածությամբ, փոխադարձ կասկածամտությամբ որեւէ ժողովուրդ որեւէ արդյունքի չի հասել: Իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր պետության զարգացման տարբեր փուլերում ունենանք հաջողություններ` մեծ հաջողություններ, տարբեր հաջողություններ:

Ես բոլորիդ հորդորում եմ հաճախ գալ Հայաստան, գալ տեսնել նաեւ առկա խնդիրները, կիսվել այդ խնդիրների շուրջ: Մենք պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով ցանկանում է Հայաստանի առաջընթացը: Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով Հայաստանում ինչ-որ բան է անում: Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով արտերկրում Հայաստանի համար մի լավ գործ է կատարում: Սա պետք է լինի մեր ձգտումը եւ, ես համոզված եմ, որ եթե յուրաքանչյուր հայ գոնե երկու տարին մեկ անգամ գա Հայաստան, գա Հայրենիք` Հայաստանը ծաղկելու է: Եթե մի փոքր թվաբանություն անենք` կտեսնենք ասվածի ճշմարտացիությունը: Ես հույս ունեմ, որ դուք նոր եռանդով նոր ջանքեր կգործադրեք այս ուղղությամբ, բոլորին կոչ կանեք գոնե երկու տարին մեկ անգամ գալ Հայաստան: Բայց, իհարկե, ցանկալի կլինի Հայաստան գալ ամեն տարի: Կգաք կտեսնեք նոր փոփոխություններ, կգաք կտեսնեք, որ նաեւ ձեր Հայաստան գալով են այդ փոփոխություններն իրականություն դառնում:

Սիրելի´ հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

← Վերադառնալ