Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
13
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ոստիկանության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ
Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Այսօր հրավիրել եմ այս խորհրդակցությունը մի շարք կարեւոր հիմնախնդիրների անդրադառնալու համար, որոնք անմիջականորեն առնչվում են ձեր գործունեությանը, վերաբերում են մեր երկրում ոստիկանության դերին, նշանակությանն ու անելիքներին: Այս հարցերը հիմա առավել քան արդիական են: Կարծում եմ, սրանում որեւէ մեկը չի կասկածում:
Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող, շարքայինից մինչեւ ոստիկանապետ, առնվազն երեք խնդիր է լուծում.
հանցագործությունների պրոֆիլակտիկա,
հասարակական կարգի պաhպանություն,
պայքար հանցավորության դեմ:
Այս երեք խնդիրները ոստիկանությունը չի կարող միայնակ լուծել: Դրա համար պետք է հասարակության վստահությունն ու աջակցությունը: Հանրահայտ է, որ ոստիկանությունն այն իրավապահ մարմինն է, որն ի տարբերություն համակարգի մյուս կառույցների, քաղաքացիների հետ ունենում է ամենօրյա շփում: Ոստիկանի հետ շփման արդյունքում է հիմնականում ձեւավորվում Հայաստանի քաղաքացու վստահությունը իրավապահ համակարգի ու նաեւ պետության նկատմամբ: Եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը:
Ինչու՞ եմ ես առանձնակի կարեւորություն տալիս այս հանգամանքին: Այն պարզ պատճառով, որ այս հանդիպման ընթացքում անդրադառնալու եմ ձեր աշխատանքի նկատմամբ հասարակական մտահոգություններին:
Ակնհայտ է, որ առանց հասարակական կարծիքի ու հասարակության պաշտպանության անհնար է արդյունավետ պայքարել հանցավորության դեմ: Ձեզանից շատ-շատերը կարող են բերել բազմաթիվ օրինակներ, երբ ոստիկանի ամենաօրինապահ գործողությունները դառնում են շահարկումների առարկա, քաղաքականացվում են: Ինչո՞ւ: Խնդրում եմ, որ այս հարցը նաեւ ինքներդ ձեզ տաք ու պատասխանեք մտքում: Հասարակության վստահությունը շահելը հեշտ գործ չէ: Դա պահանջում է հետեւողական աշխատանք: Հասարակությունը պետք է տեսնի, որ ոստիկանությունն աշխատում է իր անվտանգությունն ապահովելու համար, որ ոստիկանը հարգում է մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Արդյո՞ք պատկերն այդպիսին է: Հարցրեք հասարակությանը: Հայտնի է, որ տարիներ առաջ առաջին անգամ արտերկիր մեկնողին միշտ խորհուրդ էին տալիս խնդիր ունենալու դեպքում դիմել ոստիկանությանը: Արդյո՞ք մեր երկրում էլ է այդպես: Ցավոք, ո՛չ: Մեր երկրի քաղաքացիները ձեզանից արդյունքների են սպասում: Այս գիտակցումը պետք է սերմանեք նաեւ մեր ենթակաների մեջ: Առաջին հերթին, սա կախված է ձեզանից ու ձեր ենթականերից:
Աշխատանքային այս խորհրդակցության ընթացքում ցանկանում եմ անդրադառնալ խնդիրների երեք խմբի.
ձեր աշխատանքում հասարակությանը հուզող հիմնախնդիրներին,
մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացմանը,
ոստիկանների սոցիալական խնդիրներին:
Այսօր հասարակությանը հուզող հիմնական խնդիրներից մեկը հասարակական կարգի պահպանությունն է: Հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ այս ոլորտում լուրջ անելիք կա: Ավելին, մարտի մեկի դեպքերից հետո հասարակությունը շատ ավելի զգայուն դարձավ ձեր յուրաքանչյուր գործողության նկատմամբ: Սա ձեզ, ինչպես նաեւ ընդհանրապես բոլորիս համար, զգոնության ազդակ պետք է հանդիսանա: Բազմիցս նշել եմ, որ մարտի մեկի իրադարձություններում իրենց մեղքի բաժինն ունեն բոլորը, թե՛ ցույցերի կազմակերպիչները, թե՛ պետությունը, եւ, անշուշտ, իր բաժինն ունի ոստիկանությունը:
Մարտի մեկի իրադարձությունները մեր ոստիկանության համար լուրջ փորձություն էին: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը գործ ուներ զանգվածային անկարգությունների հատուկ կազմակերպված ծրագրի հետ: Հասկանալի է, որ նախադեպը չունեցող իրավիճակը հղի էր վտանգներով: Արդյունքում, իրադարձությունները զարգացան վատթարագույն սցենարով:
Սակայն, համոզված եմ, եթե մեր ոստիկանների գործողությունները լինեին ավելի արհեստավարժ, եթե մեր ոստիկանության պատրաստվածության ու հագեցվածության մակարդակն ավելի բարձր լիներ, գուցե հնարավոր լիներ խուսափել այն մեծ ողբերգությունից, որը 2 ոստիկանի, 8 քաղաքացու կյանք խլեց: Վիրավորվեցին ոստիկանության տասնյակ աշխատակիցներ, ոստիկանության զորքերի ծառայողներ, քաղաքացիներ: Չեմ կարող չհիշատակել մեր ոստիկանության շատ աշխատակիցների ու ոստիկանության զորքերի շատ զինծառայողների անձնուրացությունը, ինչի շնորհիվ հաջողվեց կանխել մեր պետականությանը սպառնացող շատ ավելի մեծ աղետը: Առանձնակի ուզում եմ հիշել ոստիկանության մայոր Թադեւոսյանի հերոսական արարքը: Մենք պարտավոր ենք վառ պահել նրա հիշատակը եւ հոգ տանել նրա ընտանիքի մասին:
Մենք այս խորհրդակցությունից պետք է դուրս գանք հստակ գիտակցելով մի բան. մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, իսկ ժողովրդավարական պետություններում տեղ ունեն թե՛ հանրահավաքները, թե՛ բողոքի գործողությունները, թե՛ զանգվածային միջոցառումները: Ես հայտարարել եմ, ու եւս մեկ անգամ ասում եմ, որ պաշտպանելու եմ մեր քաղաքացիների բողոքի իրավունքը, սակայն դա չի ենթադրում ամենաթողության իրավունք: Մեր երկրում հանրահավաքներ եղել են, ու համոզված եմ, լինելու են: Դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է: Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում: Սա չի նշանակում, որ պետք է որեւէ բան չձեռնարկեք, եթե մարդիկ խախտում են օրենքը: Եթե զանգվածային միջոցառումը դուրս է գալիս օրենքի շրջանակներից, դուք արդեն հստակ պատասխանատվություն եք կրում: Որեւէ մեկը չպիտի կարողանա ժողովրդավարության անվան տակ քողարկել իր օրինազանցություններն ու հանցավոր գործողությունները:
Հասարակական կարգի ցանկացած խախտում պետք է խիստ ու միանշանակ արձագանք ստանա: Սակայն, խիստ բառը կոպիտ բառի հոմանիշը չէ: Ձեր գործողությունները պետք է լինեն արհեստավարժ, համարժեք, իրավական առումով անխոցելի: Դուք պաշտպանում եք օրենքը: Ձեր բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքով: Օրենքին պետք է տիրապետեք կատարյալ: Անհնար է անօրինական գործողություններով օրինականություն սահմանել: Սա բոլորիս համար շատ հստակ պետք է լինի: Ես համոզված եմ, որ դուք դա կարող եք եւ անելու եք: Վստահ եմ, որ ոստիկանությունը դրա համար ունի բավարար ներուժ:
Երկրորդ, ոստիկանության գործունեության մասին հասարակությունն առաջին հերթին կարծիք է կազմում` տեսնելով ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Երկու ամիս առաջ, ինձ հարցրին, թե ինչ եմ մտադիր անել այն պաշտոնյաների երեխաների ու իրենց արտոնյալ համարող մարդկանց հետ, ովքեր խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները: Ես պատասխանեցի. «Կանեմ, կտեսնեք»: Քանի որ, այս հանդիպումն աշխատանքային է, ուզում եմ մի սովորական օրինակ բերել: Փողոցով, բառացիորեն ճանապարհային ոստիկանի աչքի առաջ անցնում է թանկ ու այսպես կոչված «լավ համարներով» մեքենաների շարասյուն, եւ ճանապարհային ոստիկանն ուրիշ բան չի մնում անելու, քան շրջվելն ու չտեսնելու տալը: Ավելին, այդ ընթացքում նա գտնում է խեղճ ու կրակ մի վարորդի եւ փորձում տուգանել: Այսինքն, պատրանք է ստեղծում, թե` աշխատում է: Սա անթույլատրելի է:
Ես ուղղակի չեն հասկանում, թե ինչն է պատճառը, ինչո՞ւ եք երկնչում, ումի՞ց ենք վախենում: Մի քանի ամիս առաջ ես Հանրապետության վարչապետն էի, ու չի եղել մի դեպք, որ խախտեմ կանոնները, անցնեմ կարմիր լույսի տակով: Եթե Հանրապետության վարչապետն իրեն թույլ չի տալիս անցնել կարմիր լույսի տակով, ապա ուրիշ ով ունի այս երկրում իրավունք նման բան անելու: Ո՞ւր է ձեր համարձակությունը: Չե՞ք հասկանում, որ դա ձեր հեղինակության խնդիրն է, ուրիշներին չէ:
Ես պահանջում եմ, որ այս երեւույթն արմատախիլ արվի: Մեր ճանապարհներին լկտիությունն ու անդաստիարակությունը տեղ չունեն: Եթե որեւէ մեկն, օրինակ, չկանգնի կարմիր լույսի տակ, իրեն օրենքից վեր համարի մեքենայի մակնիշով, համարանիշով իր կամ ծնողի զբաղեցրած պաշտոնով կամ փողի չափով` անպատիժ չպետք է մնա ու չի մնալու: Ավելին, եթե որեւէ մեկը փորձի ճանապարհային ոստիկանի իրավաչափ գործողությանը չենթարկվել, սպառնալ կամ, աստված մի արասցե, բռնություն կիրառել, ապա դա նույնպես ունենալու է հեռուն գնացող հետեւանքներ: Ասվածս ընդունեք իբրեւ կոնկրետ հաձնարարություն: Ձեզանից պահանջվում են կոնկրետ ու հետեւողական քայլեր, ու ինձ համար ձեր գործողությունների գնահատականը լինելու են ոչ թե ոստիկանական ամփոփագրերը, այլ մեր հասարակության կարծիքը:
Միեւնույն ժամանակ, չի հանդուրժվելու օրենքով ու ճանապարհային երթեւեկության կանոններով չհիմնավորված, ճանապարհային ոստիկանի կողմից կատարված որեւէ արարք, չի հանդուրժվելու անհարգալից վերաբերմունք որեւէ վարորդի նկատմամբ, կաշառակերության անգամ նվազագույն դրսեւորում: Այդպիսի որեւէ ահազանգ անհետեւանք չի մնալու: Ճանապարհային ոստիկանը պետք է հստակ գիտակցի, որ ինքն առաջին հերթին հետիոտնի ու վարորդի օգնականն է:
Քիչ առաջ բերված օրինակը մեր հասարակությունում ընդունված վարքի դրսեւորում է: Այդ երեւույթները տեսնելով են մեր երկրի մասին կարծիք կազմում թե մեր քաղաքացիները, թե արտերկրի մեր հայրենակիցները, թե Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները: Այսօր ոստիկանությունը պետք է վերացնի սոցիալական վարվեցողության այդ ոճը, պետք է այդ չափով բարեփոխի իր եւ երկրի կերպարը:
Մենք պետք է ունենանք եվրոպական մակարդակի ճանապարհային ոստիկանություն: Երբ ասում եմ եվրոպական մակարդակի` դա միայն նոր մեքենաներն ու համազգեստը չեն, այլ ոստիկանի պատրաստվածությունն ու աշխատանքի որակը: Միեւնույն ժամանակ, գիտակցում եմ, որ երթեւեկության համար պատասխանատու համարել միայն ճանապարհային ոստիկանությանը, իհարկե, ճիշտ չէ: Այս առումով մենք լուրջ միջոցներ ենք ձեռնարկել: Կարծում եմ, որ մեկամսյա ժամկետում Հանրապետություն կգան միջազգային ճանաչում ունեցող կազմակերություններ, որոնք նախ մեզ խորհրդատվական օժանդակություն կտրամադրեն Հանրապետությունում, եւ առաջին հերթին Երեւանում, կհուշեն, թե որտեղ է պետք կառուցել ստորգետնյա կայանատեղեր ու անցումներ, որպեսզի մենք կարողանանք կարգավորել երթեւեկությունը: Կրկնում եմ, որ սրանք օժանդակ միջոցեր են, տեխնիկական հագեցվածության խնդիրները պետք է լուծենք եւ լուծելու ենք, սակայն սրանք եւս օժանդակ խնդիրներ են: Առաջին հերթին «կենտրոնական» դեմքն, իհարկե, ճանապարհային ոստիկանությունն է: Այս խնդիրը պետք է լուծվի եւ ոչ թե ամիսների ընթացքում, այլ` այսօրվանից ու վաղվանից:
Եվս մեկ դիտարկում` այսպես կոչված թիկնազորերի մասին: Մեր երկրում օրինականությունն ու ապահովությունը պաշտպանող հիմնական մարմինը ոստիկանությունն է: Ոչ թե թիկնազորն, այլ ոստիկանությունը պետք է պատկառանք ներշնչի հասարակությանը: Բայց, ցավոք սրտի, պատկերը բոլորովին այլ է: Այս հարցին, սակայն, անդրադառնալու եմ այլ առիթով:
Հիմա մասնագիտական գործառույթների մասին: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ոստիկանությանն է անցել նախաքննության անցկացման գործառույթը, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը պետք է համալրի իր շարքերն ավելի պատրաստված կադրերով, պետք է անցկացնի շարունակական ուսուցում ու վերապատրաստում, ուշադրություն դարձնի ոստիկանների մասնագիտական գիտելիքների խորացմանը: Ոստիկանը պետք է կարողանա անվերապահորեն, օրենքի տառին համապատասխան ներկայացնել ու փաստարկել իր գործողությունների իրավաչափությունը: Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ընդունված օրենքը ոստիկանությանը հնարավորություն է տալիս բարձրացնել իրականացվող աշխատանքների որակը, ձեռք բերել հանցագործությունների բացահայտման համար ընդունելի ապացույցներ, արդյունավետ միջոցներով պայքարել հանցավորության դեմ: Միեւնույն ժամանակ, պետք է վերացնել ոստիկանության կողմից կամայական գործողությունների իրականացումը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած քայլ:
Յուրաքանչյուր ոստիկան պետք է հասկանա, որ անընդունելի է ապացույցների ձեռքբերումը հակաօրինական միջոցներով, անընդունելի է մարդու արժանապատվությունը նվաստացնող միջոցների կիրառումը: Օրենքը հնարավորություններ է տալիս իրավական տեսակետից անխոցելի ապացույցներ ստանալ մասնագիտական օպերատիվ աշխատանքի օրինական ձեւերով: Ցավոք սրտի, ոստիկանությունում կարծիք կա տարածված, թե վերջին տարիներին ընդունվել են օրենքներ, որոնք ոստիկանությանը հնարավորություն չեն տալիս արդյունավետ պայքարել հանցավորության դեմ: Ոչ, դա այդպես չէ, այսօրվա օրենքը տալիս է բոլոր հնարավորությունները:
Հավատացեք, ձեզ կհարգեն այն ժամանակ, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, կհարգեն ու կվստահեն, երբ համոզվեն, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ: Միայն այդ միջոցով է հնարավոր ամրապնդել վստահությունն ու հավատը ոստիկանի նկատմամբ: Իսկական ոստիկանը նա է, ով իր պատիվը շատ ավելի բարձր է դասում, քանի ուրիշի հետ գործարքի գնալը:
Հարցերի երրորդ մասը ոստիկանության աշխատակիցների սոցիալական խնդիրների մասին է: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ բավարար աշխատանք պահանջելու համար, ոստիկանության աշխատակիցները պետք է համապատասխան վարձատրություն ստանան, ունենան սոցիալական ապահովության գործուն երաշխիքներ: Ես արդեն հանձնարարել եմ վարչապետին, որ կառավարությունը հստակ քայլեր ձեռնարկի ոստիկանների աշխատավարձերի բարձրացման համար: Համոզված եմ, որ շատ շուտով կկարողանանք այդ հարցին լուծում տալ: Հեռանկարում մշակվելու է ոստիկանների սոցիալական երաշխիքների ապահովման ավելի լայն փաթեթ: Ոստիկանը ստանալու է արժանապատիվ վարձատրություն, բայց մենք ձեր աշխատանքի որակի նկատմամբ լինելու ենք ավելի պահանջկոտ: Համոզված եմ, որ ե՛ւ ոստիկանները, ե՛ւ բանակային սպաները, ե՛ւ անվտանգության ծառայության աշխատողներն իրավունք ունեն եւ ստանալու են բնակարաններ շատ ավելի հարմար պայմաններով: Կառավարությունն այս ուղղությամբ արդեն աշխատում է: Վստահ եմ, որ 2009 թվականին առաջին ոստիկանները շատ հարմար պայմաններով` հիփոթեքային վարկավորման շատ ընդունելի պայմաններով ստանալու են բնակարաններ: Մենք պետք է կարողանանք հասկանալ մի բան` պետությունը շատ ավելի հոգատար է լինելու ոստիկանի նկատմամբ այն դեպքում, երբ կտեսնի, որ ոստիկանությունում շարժ կա, ոստիկանությունը պատվով է կատարում իր աշխատանքը: Այս գործընթացը պետք է լինի փոխադարձ:
Ամփոփեմ խոսքս: Մեր հանդիպումները լինելու են պարբերական ու ամեն անգամ ձեր առջեւ խնդիրներ եմ դնելու: Չեմ ուզում, որ իմ ասածն ընկալեք որպես ժամանակի ոգուն տուրք տալու ցանկություն: Մենք հանդիպելու ենք տարին մի քանի անգամ, դրվելու են կոնկրետ խնդիրներ եւ յուրաքանչյուր հաջորդ հանդիպման ժամանակ ամփոփելու ենք նախորդի արդյունքները: Եթե մեր հաջորդ հանդիպման ժամանակ չտեսնենք ճանապարհային ոստիկանության աշխատանքի իրական բարելավում, բավականին խիստ պահանջելու ենք ներկայացնել դրա պատճառները:
Այսօր ես ձեր առջեւ դնում եմ երեք հիմնական խնդիր`
հասարակական կարգի պահպանություն,
մեր ճանապարհներին լկտիության վերացում,
մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացում:
Համոզված եմ, որ դուք ի զորու եք լուծել այս խնդիրները, ձեզնից շատերի հետ աշխատել եմ ու գիտեմ շատերիդ հնարավորություններն ու կարողությունները եւ այս տեսակետից եմ մոտենալու ձեր աշխատանքին: Համոզված եմ, մենք միասին սեղմ ժամկետում բարելավելու ենք ոստիկանության աշխատանքը, կարողանալու ենք մեր հասարակության վերաբերմունքի փոփոխության ականատեսը լինել: Խոստանում եմ, սատար լինել ձեր բոլոր լավ նախաձեռնություններին, պաշտպանել ձեզ հանիրավի կշտամբանքներից ու քննադատությունից, բայց պետք է վստահ լինեմ, որ դուք կանգնած եք մեր հասարակության ու քաղաքացու կողքին: