30
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների հետ հանդիպման ժամանակ

album picture
Այսօր ես բոլորիդ հրավիրել եմ բաց խոսակցության` ամփոփելու հարցերի այն շրջանակը, որի շուրջ դեռեւս իբրեւ վարչապետ իմ հանձնարարությամբ քննարկումներ են տարվում: Նախքան հարկային, մաքսային մարմինների հետ աշխատանքի բնականոն փաստաթղթաշրջանառության խնդիրներին անցնելը, ես ուզում եմ մի քանի դիտարկում անել, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են մեր աշխատանքները կազմակերպելու եւ համատեղ առաջ շարժվելու տեսանկյունից:

Նախ` մեկ անգամ եւս կցանկանային շեշտել իմ մոտեցումները պետական մարմիններ-գործարար հատված հարաբերությունների վերաբերյալ: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ես խոսել եմ, ես ուզում եմ, որ մեր գործարարները, հատկապես փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները եւ բոլոր նրանք, ովքեր սկսելու են մոտ ապագայում գործարարությամբ զբաղվել, հիշեն, որ պետությունը մյուս կողմում չէ, պետությունը գործարարի հետ միեւնույն կողմում է: Եկեք մեկընդմիշտ ամրագրենք, բարձրաձայնենք ու էլ երբեք չմոռանանք, որ պետության ու մասնավորի շահը նույնն է, համընկնում է եւ այդ շահն արագ զարգացող բիզնեսն է: Կարո՞ղ ենք այս մասին վերջնականապես պայմանավորվել, թե չէ: Եթե կարող ենք, ուրեմն եկեք ամրագրենք եւ առաջ շարժվենք:

Ես կարծում եմ, որ մենք նախեւառաջ փոխադարձ վստահության ամրապնդման խնդիր ունենք: Համոզված եմ, որ ամեն ինչ սկսվում է հենց այստեղից եւ հաջողության հասնելու արմատներն էլ այստեղ են: Բայց, եթե այս հանդիպման ժամանակ համատեղ հռչակենք, որ անցնում ենք փոխադարձ վստահության մթնոլորտում աշխատելու գործելաոճին, դա դեռ ամենեւին չի նշանակում, որ վաղը հարկային տեսուչի եւ շարքային կրպակատերի հանդիպումը զերծ է լինելու բոլոր վախերից, հակակրանքներից կամ տհաճ վերաբերմունքից: Մենք սա էլ պետք է պատկերացնենք, հաշվի առնենք, որպեսզի հիասթափման հանգամանքներն էական նշանակություն չունենան: Չնայած, մենք շատ ժամանակ չունենք, բայց բավականին անելիքներ ունենք այս ուղղությամբ: Մենք վերաբերմունքի փոփոխության խնդիր ունենք, եւ այն ոչ միայն պետությանն է, այլ նաեւ` բիզնեսինը:

Նախ, գործարարի հետ այս կամ այն կերպ շփվող պետական ծառայողն ամեն օր աշխատանքի պետք է ներկայանա այն համոզմամբ, որ իր գործը ծառայություն մատուցելն է: Եթե բառիս բուն իմաստով այս մոտեցումը չդառնա համոզմունք, հարկայինում, մաքսայինում եւ ընդհանրապես բոլոր այն համակարգերում, որոնք շփվում են բիզնեսի հետ, մենք չենք կարող լուրջ հաջողությունների հասնել: Ձեռնարկությունների գրանցման, լիցենզավորման եւ այլ խնդիրներով աշխատող պետական պաշտոնյան, հարկային եւ մաքսային տեսուչը գործը պետք է սկսեն այն տրամադրվածությամբ, որ գնում են բիզնեսին գրանցման, լիցենզավորման, մաքսազերծման կամ հարկային պարտավորությունների կատարման ծառայություններ մատուցելու: Մեկ անգամ եւս շեշտում եմ` ծառայություններ մատուցելու: Ես տեսնում եմ որոշ գործարարների դեմքի արտահայտությունը, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ իմ մոտեցումներն այսուհետ եւս լինելու են ադպիսին:

Մյուս կողմից` յուրաքանչյուր գործարար որեւէ առիթով շփվելով պետական ինստիտուտների հետ պետք է ներքին հավատ ունենա, որ գործընկերոջ հետ է շփվում, ոչ թե վերադասի, ստուգողի, վնասողի, այլ գործընկերոջ, որն իր աշխատանքն է անում, որին կարիք չկա խաբելու կամ ի սկզբանե թերահավատությամբ վերաբերվելու: Եթե բիզնեսը պատրաստ է այսպիսի իրականություն ստեղծելու, ես վստահ եմ, որ պետական պաշտոնյաները, միգուցե, ոչ ոգեւորությամբ, միգուցե, ոչ շատ հեշտությամբ, բայց գնալու են դրան, հակառակ պարագայում նրանց փոխարինելու են այլ պաշտոնյաներ:

Այսօր մենք մտնում ենք մի նոր դաշտ, փոխհարաբերությունների մի նոր իրականություն: Ես առաջարկում եմ այսօր, հենց այստեղ, ամրագրենք խաղի այս կանոնները եւ որպեսզի բոլորիս համար պարտադիր լինեն դրանք` ե՛ւ բիզնեսի, ե՛ւ պետական ծառայությունների համար:

Մենք շատ ենք խոսել հարկերը բարեխղճորեն վճարելու կարեւորության մասին, տեղին եմ համարում մեկ անգամ եւս հիշեցնել այն ճշմարտությունը, որ ցանկացած բիզնես, հարկերից խուսափելով, որեւէ երկարաժամկետ զարգացման չի հասնելու: Սա էլ է ակնհայտ: Ուզում եմ, որ որեւէ մեկը չկասկածի, որ բոլորը պետք է աշխատեն հարկային դաշտում: Սա է լինելու մեր նպատակը, սա էլ, անշուշտ, ժամանակ եւ մեծ ջանքեր պահաջող աշխատանք է, բայց ես վստահ եմ, որ կառավարությունը եւ կառավարության յուրաքանչյուր անդամ սրան ձգտելու է: Ցանկալի կլինի, որ բիզնեսմեններն այս պարզ մոտեցումն ընդունեն ոչ թե որպես ժամանակավոր երեւույթ, այլ` որպես գործելաոճ: Որեւէ մեկը թող չկասկածի, որ լինելու է խտրական մոտեցում` չի լինելու խտրական մոտեցում: Եվ բոլոր այն խոսակցությունները, որ այսօր կան, եւ վաղը կարող են լինել մշտապես պատրաստ եմ ձեզ հետ քննարկելու այսպիսի ֆորմատով, եւ լավ կլինի, որ եթե այդպիսի կասկածներ, մոտեցումներ կան այդ թեմայի մասին խոսենք այսպիսի պայմաններում, բայց բիզնես-կառավարություն-իրավապահ մարմիններ, այլ` ոչ թե փորձենք խոսել փողոցներում: Դա ճիշտ ճանապարհը չէ:

Ես չեմ կարծում, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է երկարաժամկետ լուրջ արդյունքների հասնել, եթե երկրում չլուծվեն սոցիալական խնդիրները, եթե կրթական համակարգը հնարավորություն չունենա ժամանակի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստել, եթե մենք չկարողանանք ըստ արժանվույն լուծել մեր երկրի պաշտպանության, անվտանգության խնդիրները: Իսկ թվարկածս խնդիրներն առանց հարկերի, բնականաբար, առանց փողի հնարավոր չէ լուծել: Ես հասկանում եմ, որ հետխորհրդային իրականությունը ստիպել է շատերին նոր ձեւեր գտնել, հարմարվել իրականությանը: Ասում եմ հետխորհրդային` իհարկե չմոռանալով, որ Խորհրդային Միության ժամանակ էլ բազմաթիվ նեգատիվ երեւույթներ են եղել:

Այսօր ես պնդում եմ` այսօր իրականությունը փոխվել է, համենայնդեպս, ես դրանում համոզված եմ, մեր թիմը դրանում համոզված է: Մենք հիմա մի քիչ այլ խնդիրներ պետք է լուծենք եւ մեր նպատակը մրցունակ, մրցակցային եւ դինամիկ զարգացող տնտեսություն կառուցելն է, նոր, ժամանակակից տնտեսություն կառուցելն է: Երբ հարցնում են` գոհ եք այսօր տնտեսության վիճակից, ես ասում եմ, որ ոչ, գոհ չեմ: Այո, արձանագրվող տնտեսական աճ` երկնիշ թվերով, կայացող իրավական դաշտ եւ ընդհանրապես ներդրումային մթնոլորտի հետեւողական բարելավում, սրանք ձեռքբերումներ են: Մենք պետք է շնորհակալ լինենք այն մարդկանց, ովքեր կարողացել են ստեղծել հիմք, որպեսզի այսօր մենք վստահություն ունենանք` ասելու` եկել է ժամանակն էական փոփոխություններ մտցնելու:

Ես անշուշտ մտահոգ եմ մեր տնտեսության կառուցվածքով, ավանդական ճյուղերի` արդյունաբերության, գյուղատնտեսության տեսակարար կշիռները տնտեսության մեջ ամենեւին չեն արտահայտում մեր հնարավորությունները: Իր ամբողջության մեջ` մեր տնտեսությունը պետք է բնութագրվի որպես արտադրող, արտահանող տնտեսություն: Մենք այլ ճանապարհ չունենք եւ այսպիսի բնութագրում տալու համար այսօր ես բավարար հիմքեր չունեմ, բայց շատ եմ ցանկանում, որ մեր տնտեսությունը լինի այդպիսին եւ իր ցանկությունների հիմքում ռեալ հաշվարկներ են, եւ ոչ թե` պատրանքներ:

Ավելին, մենք ունենք արձանագրվող միտումներ, որոնք ինձ համար ընդունելի չեն, իսկ արդյոք պետությունն ամեն ինչ արել է տնտեսության զարգացումն ամենաարդյունավետ հիմքերի վրա դնելու համար: Ոչ, չի արել: Այսօր էլ շատ են խոսակցությունները, որ, օրինակ, ավելացված արժեքի գերավճարները ժամանակին չեն վճարվում: Հարկային ծառայության պետն ինձ տեղեկացնում է, որ այդպիսի խնդիր չկա, որ բոլոր գերավճարները հետ են վերադարձվում, իսկ բիզնեսի մարդիկ ասում են` ոչ այդպես չէ: Ես հասկանում եմ, որ ոչ մեկն է իրականություն, ոչ` մյուսը, բայց մենք այստեղ պետք է գտնենք այն իրատեսականը, որը հնարավորություն կտա մեզ ճիշտ առաջ շարժվել: Այստեղ չափազանց էական է, որ այդ գերավճարները լինեն հիմնավորված, որ փաստաթղթերի փաթեթը, որ ներկայացվում է հարկային ծառայություն, լինի ամբողջական, որ ստուգումների ընթացքում հարկային ծառայության աշխատողները մի միավոր գերավճարի 30 տոկոսը չդիտարկեն որպես փորձ պետությանը խաբելու: Իսկ այսպիսի փորձերը բազմաթիվ են եղել:

Այսօր ես այս խորհրդակցությանը հրավիրել եմ նաեւ մեր տնտեսական քաղաքականության իրականացման պատասխանատուներին, որպեսզի բոլորս միասին մեկընդմիշտ ամրագրենք, որ անցնում ենք բաց, հորիզոնական, փոխադարձ վստահության կայացմանն ուղղված գործելաոճի` ե՛ւ մաքսային, ե՛ւ հարկային, ե՛ւ նախարարները:

Հարկային քաղաքականությունը մեր երկրում պետք է լինի կանխատեսելի: Իսկ հարկային մարմինների աշխատանքը գործընկերային, բայց հստակ եւ արդյունավետ: Ցավոք սրտի, ես այսօր այդ արդյունավետ աշխատանքը չեմ կարող տեսնել: Մենք պետք է բարձրացնենք մեր աշխատանքի արդյունավետությունը:

Մաքսային քաղաքականության իրականացման ոլորտում, կարծում եմ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինչ-որ դրական փոփոխություններ կան, բայց դեռ սկիզբն է, եւ մենք այդ փոփոխությունները խորացնելու ենք: Բոլոր այն խոսակցությունները, թե ինչքան է տեւելու այս նոր մոտեցոմը, ինչքան ժամանակ են կարողանալու մաքսավորներն իրենց պահել ավելի լավ, քան պահում էին, որեւէ հիմք չունեն եւ մեր մոտեցումները ժամանակավոր չեն լինելու:

Այսօրվա մեր խորհրդակցությանը ներկա են ոստիկանապետը, ազգային անվտանգության ծառայության պետը, եւ ուզում եմ, որ նաեւ գլխավոր դատախազությունը հստակ պատկերացնեն, որ իրենց գործը չէ մանր-մունր տնտեսական խնդիրներով զբաղվելը: Իրենք ունեն շատ ավելի լուրջ գործառույթներ եւ դրանք պետք է իրականացնեն: Դատախազությունն այսպիսի խնդիրներով կզբաղվի, երբ հսկողություն կիրականացնի մաքսային, հարկային մարմիններում ընթացող քննչական պրոցեսներին: Երբ վերստուգիչ, ստուգող կազմակերպություններից կստանա նյութեր, իսկ սեփական նախաձեռնությամբ նման հարցերով զբաղվելը բոլորովին նրանց գործը չէ:

Ոստիկանությունը կարող է տնտեսական խնդիրներով զբաղվել, եթե շատ լուրջ հիմքեր կա մտածելու, որ այս տնտեսական մեծ հանցագործությունը կարող է հանգեցնել վատթար հետեւանքների: Ազգային անվտանգության ծառայությունն անշուշտ պետք է ավելի շատ վերլուծողի դերում հանդես գա եւ տեսնի, թե ինչպիսի միտումներ կան մեր տնտեսության մեջ: Անվտանգության մարմիններին չպետք է հետաքրքրի, թե ինչու է հանք շահագործող փոքրիկ ձեռնարկություն հարկից խուսափում, բայց եթե դա միտում է եւ, ասենք, բոլոր ավազահանքերը շահագործող ընկերությունները հարկ չեն տալիս, անվտանգության մարմինները պետք է զեկուցեն: Ազգային անվտանգության մարմիններին պետք է հետաքրքրի ընդհանուր միտումը եւ ոչ թե երկրորդական դեպքերը:

Բոլոր այս մարմինները շատ ավելի առանցքային խնդիրների լուծման մաս պետք է կազմեն: Ես նկատի ունեմ կոռուպցիայի դեմ պայքարը. այստեղ է, որ մենք պետք է բոլոր ուժերը միավորենք, ողջ հանրությանը ներգրավենք այս խնդրի լուծման մեջ:

Մեր երկրում բոլորն են սիրում խոսել կոռուպցիայի, կաշառակերության մասին, բայց երբ գալիս է կոնկրետ պահը` երբ ասվում է, որ պետք է մատնանշել, բոլորն ասում են` գործ չունեմ: Եթե գործ չունեք, ինչու եք դրա մասին խոսում, եթե գործ չունեք, մեկ-երկու-հինգ-տասը հոգին ինչպես են այս խնդիրներին վերջ տալու: Ես խնդրում եմ ձեր աջակցությունը:

← Վերադառնալ