09
04, 2008

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Սերժ Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

album picture
Հարգելի նախագահ Քոչարյան,

Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Բարեկամներ

Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդում տվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: Այս պատմական օրը մենք բոլորս ենք երդվում, ես երդվում եմ բարձրաձայն. խնդրում եմ, որ դուք էլ լուռ երդվեք: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու սեփական ուխտն ունի:

Սա մեր բոլորի երդումն է, հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի, հանուն զարգացման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանի:

Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի հավատի ու լավատեսության կարիք ունեն:

Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր

Ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն, գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար:

Ես երաշխավորում եմ, որ այդ պատասխանատվությունից չեմ խուսափելու, ես այդ պատասխանատվության չափը գիտակցել եմ, երբ մտել եմ Հանրապետական կուսակցություն եւ հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի ընտրություններում կառաջադրվեմ միայն այն դեպքում, եթե Հանրապետական կուսակցությունը ընտրություններում ստանա առավելագույն քվեներ: Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա, ու գիտակցելու եմ առաջիկա հինգ տարիներին, յուրաքանչյուր օր: Ես պատվով եմ կրելու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը լինելու պատասխանատվությունը:

Այս հանդիսավոր օրը ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ աջակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ ծրագրի օգտին: Ես շնորհակալ եմ այդ վստահության համար: Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, եւ մենք կրկին անգամ ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից:

Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը:

Ես իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մարդուն, ով այլեւս իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայոց պատմության մեջ, ում նախագահության տասը տարիների ընթացքում մեր երկիրը նշանակալից ձեռքբերումներ ունեցավ` ձերքբերումներ, որոնց վրա հիմնվելով է, որ այսօր լուրջ ծրագրեր ենք առաջադրում: Անգնահատելի է Ռոբերտ Քոչարյանի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, կայացման ու պաշտպանության գործում: Ես համոզված եմ, որ սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն նրա վաստակն ու ներդրումը մեր պետականության զարգացման ու ամրապնդման գործում:

Բարեկամներ,

Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանքներից, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդդիմախոսներին` պայքարի համար, առանձնակի շնորհակալությունս ուղղելով նրանց, ովքեր արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը, ընդունելով միասին` համախմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը:

Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ապահով, արժանավայել կյանք եւ ինքնաարտահայտման հնարավորություն կունենա:

Մենք վարելու ենք ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն, անելու ենք ամեն ինչ Արցախի հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծմանը հասնելու համար:
Մենք կառուցելու ենք ուժեղ, հպարտ ու ժողովրդավարական պետություն Հայաստանը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ:

Ես համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռնությունների հաջողության բանալին մեծապես նաեւ ձեր` մեր հայրենակիցների ու մեր բարեկամների ձեռքերում է: Այս պատմական առաքելությունն իրականացնելու համար է, որ մեկ անգամ եւս համախմբվելու կոչ եմ անում: Համախմբում, որը մեզ հիմնարար արժեքներ ստեղծելու, ժողովրդավարության ու ազատությունների ուղիով շարժվելու հնարավորություններ է տալու:

Ես այդ ամենն անելու եմ, անելու եմ, որովհետեւ ցանկանում եմ լինել այն նախագահը, ով ամբողջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղաղություն ու կայուն զարգացում կբերի Հայաստանին, կամրապնդի մեր երկրի վարկն ու հեղինակությունը, ով կկարողանա լուծել այսօր մեր առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխատեսել բոլոր հնարավոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու միջոցներ կգտնի: Ես կարող եմ ու լինելու եմ այդպիսի նախագահ:

Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ուժերը, որպեսզի մեր հասարակության մեջ տիրի փոխըմբռնման մթնոլորտը, որպեսզի մենք ձերբազատվենք ամեն տեսակ բեեւռացումներից, բիրտ առճակատումներից ու վարկաբեկումից: Միայնակ ոչ ոք ի վիճակի չէ Հայաստանը դարձնել երազների երկիր:

Անհրաժեշտ է բոլոր կառույցների, տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի, քաղաքացիական հասարակության ջանքերի համախմբում: Ահա այստեղ է, որ Նախագահը պետք հանդես գա որպես ազգի համախմբման գործընթացի հիմնական դերակատար, մարդ, ով պետք է օգտագործի առկա իշխանությամբ իրեն հասու բոլոր միջոցներն ու մեխանիզմները լավագույն գաղափարներն առաջ մղելու եւ մեր երկրի կարորագույն` մարդկային ռեսուրսը պահպանելու, զարգացնելու եւ առավելագույնս օգտագործելու համար:

Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնությունների ու հայապահպանության խնդիրներին:

Ես խրախուսելու եմ մտավորականության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը մեր երկրում: Վաղուց ժամանակն է, որպեսզի պետությունը լրջորեն վերաբերվի իր մշակույթին, գիտական ու կրթական ներուժին եւ անհատին, որ զբաղված է մտավոր եւ ստեղծագործական աշխատանքով:

Իմ համեստ ներդրումն եմ ունենալու նաեւ Հայ առաքելական եկեղեցու ամրապնդման գործում, որը պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը:

Հարգելի ներկաներ,

Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում են առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով:

Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ անձանց իրավունքների հետ բախման: Նման հնարավոր բախումները կանխելու եւ տարբեր շահերն ու իրավունքները միմյանց հետ համաձայնեցնելու համար պետությունն իրավունք ունի միջամտել որոշ հիմնական իրավունքների իրականացմանը:

Հիմնական իրավունքների սահմանափակումները, սակայն, չեն կարող լինել բացարձակ, քանի որ նման պարագայում հիմնական իրավունքը պարզապես կդադարի փաստացի գոյություն ունենալուց: Սահմանափակումները չպետք է բովանդակազրկեն Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Մենք պետք է կարողանանք իրավունքների եւ ազատությունների յուրաքանչյուր սահմանափակման դեպքում, այդ թվում նաեւ խաղաղ հավաքների իրավունքի հետ կապված, գտնել հավասարակշռությունը մի կողմից հասարակական կարգի, այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության եւ խաղաղ հավաքների իրավունքի միջեւ:

Մենք կարճ ժամկետներում տասնյակ օրենքների հետ միասին պետք է փոփոխության ենթարկենք նաեւ խաղաղ հավաքների իրավունքը կարգավորող օրենքները` նպատակ ունենալով մի կողմից ապահովել յուրաքանչյուրի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրականացումը Եվրոպական չափանիշներին համապատասխան, մյուս կողմից` բացառել ցանկացած հրապարակային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ:

Բարեկամներ,

Մեր ժողովուրդն ինձ վստահության քվե է տվել, եւ ես պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնեմ իմ ծրագիրը, քվե է տվել, որպեսզի մեր երկրում շատ ավելի քիչ խնդիրներ մնան, որպեսզի կարողանամ անդրադառնալ բոլորի սպասելիքներին: Հինգ տարի, որն այդ ամենի համար բավական սեղմ ժամկետ է, ամենօրյա ու կարեւոր աշխատանքի ժամկետ: Ժամանակ, որի ընթացքում պիտի հասցնենք անել հնարավորն ու անհնարը մեր երկրի զարգացման ու մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման համար: Դա է պատճառը, որ այս հանդիսավոր օրը իմ քաղաքական թիմի համար ես համարում եմ աշխատանքային:

Ուրեմն, շնորհակալություն եւ ի գործ

Առա՛ջ Հայաստան:

← Վերադառնալ