Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները
Դրոշը
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։
Զինանշանը
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Օրհներգը
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:
«Մեր հայրենիք»
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի: