Հայրենիքի շքանշան

Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

Փառքի շքանշան

Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Տիգրան Մեծ շքանշան

Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Մարտական խաչ» շքանշան

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

Պատվո շքանշան

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

Բարեկամության շքանշան

Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար: