17
06, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հենրիկ Թորսյոե Պեդերսենին՝ Հայաստանի թենիսի ֆեդերացիային և Հայաստանում թենիսի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար։ Նախագահը կարևորել է «Tennis Europe»-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանում թենիսի զարգացմանը, հանրայնացմանը և հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և պատանի սերնդի ներգրավվածության ընդլայնմանը։ Այդ նպատակով պետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ զարգացնելու մարզական ենթակառուցվածքները, կառուցելով և արդիականացնելով մարզադահլիճներ ու մարզական համալիրներ դպրոցներում և կրթական այլ հաստատություններում։

Հենրիկ Թորսյոե Պեդերսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին երկրում թենիսի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հատկապես տպավորված է եղել Ծաղկաձորի թենիսի համալիրում կատարված բարելավումներով։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ համալիրն արդեն հյուրընկալում է միջազգային մրցաշարեր, կարևոր նախադրյալ է մարզաձևի հետագա զարգացման և թենիսի նկատմամբ հետաքրքրության աճի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարների, միջազգային համագործակցության ընդլայնման և երիտասարդ մարզիկների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման շուրջ։
 

← Վերադառնալ