Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պատվիրակությանը՝ նախագահ Մուհամմեդ Ջալուդ Ալ Շամմարիի գլխավորությամբ:
Հանդիպման մեկնարկին, ողջունելով հյուրերին, նախագահն ընդգծել է, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ առկա են ծանրամարտի լավագույն ավանդույթներ և հավելել, որ Հայաստանի կառավարությունն այսօր ևս առավելագույն ջանքեր է գործադրում նշաձողը բարձր պահելու համար:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարն իր խոսքում վերահաստատելով հայ մարզիկների զգալի ներդրումը մարզաձևում, նշել է, որ Հայաստանը վստահաբար պատրաստ կլինի 2027թ.-ին հավուր պատշաճի հյուրընկալելու Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում կարձանագրվեն մարզաձևի լավագույն արդյունքները: Նախապատրաստական ծավալուն աշխատանքների համար նա գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի կառավարության, մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի և հավաքականի գլխավոր մարզչի հասցեին:
Ամփոփիչ խոսքում Հանրապետության նախագահը նկատել է, որ սպորտն աշխարհին ներկայանալու լավագույն միջոցներից է՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը մեծածավալ ծրագրեր է իրականացնում թե՛ մեծ սպորտի, թե՛ կրթական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առաջխաղացման համար պայմանների ստեղծման ու բարելավման ուղղությամբ: