18
12, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Կատարի Պետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին:

«Կարևորում ենք բարեկամ Կատարի հետ բարձրաստիճան երկխոսության աշխուժացումը և քաղաքական ու տնտեսական փոխշահավետ օրակարգի առաջ մղումը: Վստահ եմ, որ առկա են երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ նախադրյալներ»,- ասել է նախագահը:

Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար: Նա նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի և երկրի կառավարության ողջույնները:

«Մենք առաջիկա ժամանակահատվածի համար ակնկալում ենք կապերի խորացում և ընդլայնում, երկկողմ հարաբերությունների զարգացում ու առաջխաղացում, առկա համաձայնությունների ու պայմանավորվածությունների իրագործման համար հետևողական աշխատանք, և մենք այդ առումով կգործադրենք մեզնից կախված բոլոր ջանքերը»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, տուրիզմի և այլ բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրականացման ուղիների և հեռանկարների շուրջ: Կողմերը երկուստեք ընդգծել են տարբեր մակարդակներում փոխայցելությունների և գործակցության խթանման կարևորությունը՝ երկու երկրների միջև առկա հարաբերությունների սերտացման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում կողմերը կարևորել են կայուն խաղաղության և զարգացման օրակարգերի հաստատման անհրաժետությունն ինչին էլ միտված է հայկական կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

← Վերադառնալ