Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակ Անտե Յոզիչը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե Յոզիչը:
Նախագահը շնորհավորել է Անտե Յոզիչին Հայաստանում առաքելական նվիրակ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք՝ միտված երկկողմ հարաբերությունների և օրակարգի հետագա զարգացմանը։
«Վստահ եմ՝ Ձեր նշանակումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար: Մեր սերտ հարաբերությունները հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ինչպես նաև ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա»,- ասել է Հանրապետության նախագահը:
Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Թույլ տվեք Ձեզ փոխանցել Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի ջերմ ողջույնները, ով ինձ պատվիրակել է՝ ծառայելու այս երկրում և ավելի մոտ լինելու Ձեզ, Ձեր կառավարությանը և հայ ժողովրդին»,- նշել է Անտե Յոզիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում կողմերն ընդգծել են կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը: Իր խոսքում Հանրապետության նախագահը Սուրբ Աթոռի նվիրակի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հիմնախնդրին: