Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ICPC հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բիլ Փաուչերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» (ICPC) հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը բարձր է գնահատել ICPC գործունեությունը, որը նպաստում է ծրագրավորման ոլորտում ուսանողների զարգացմանը, տաղանդների բացահայտմանը:
«Հայաստանը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակ ունենալով մեր երկիրը դարձնել տեխնոլոգիական երկիր: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի իսկապես այս ճյուղը դառնա մեր տնտեսության լոկոմոտիվը: Վերջին չորս տարիների վիճակագրական թվերը ապացուցում են, որ մեր նպատակին հասնելը իրականություն է դառնում»,- նշել է նախագահը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման շուրջ:
Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանը բավական մեծ փորձ է կուտակել տարբեր մակարդակի միջազգային միջոցառումների կազմակերպման հարցում և լիովին պատրաստակամ է հնարավորության դեպքում իրականացնել ոլորտային կարևոր օլիմպիադայի անցկացումը մեր երկրում:
Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիական ոլորտում ընթացող զարգացումների և առկա ընդհանուր իրադրության վերաբերյալ: