Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոքի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոքի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Վստահ եմ, որ Ձեր այցելությունն ավելի կամրապնդի մեր երկու երկրների իրավապահ համակարգի գործակցությունը:
Այնպես է ստացվել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների մեջ շատ կարևոր դեր է ստացել նաև իրավապահ համակարգում համագործակցությունը: Դա ավելի նկատելի է դարձել վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Ներկայում մենք լրջագույն բարեփոխումների շրջանում ենք ապրում: Դա վերաբերում է պետական բոլոր ինստիտուտներին, առանձնահատուկ՝ դատական և իրավապահ համակարգերին: Մեր դատական և իրավապահ համակարգերը պետք է կարողանան դառնալ ժողովրդավարական երկրի կարևորագույն ինստիտուտներ, որոնք պետք է ապահովեն մեր քաղաքացիների անվտանգությունը, իրականացնեն արդարադատություն և ամենակարևորը՝ սպասարկեն ոչ թե առանձին խմբերի, այլ հասարակությանը:
Իտալիան ունի մեծ փորձ, այդ թվում կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում, և այս առումով շատ կարևոր է Ձեզ հետ համագործակցությունը:
Գնահատելի է այս համագործակցության տարբեր ձևաչափերով շփումները, որոնք իրականացվում են ինչպես նման պաշտոնական այցելությունների, այնպես էլ տարբեր խորհրդաժողովներ կամ համատեղ համաժողովներ անցկացնելու միջոցով»:
Մաուրիցիո Բլոքը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես ասել է. «Հուսով եմ, որ մեր կապերը ոչ միայն զուտ գործնական, այլ նաև ընկերական են: Այս օրերին մենք հնարավորություն ունեցանք հանդիպել թե քաղաքացիական հասարակության, թե զինվորական դատախազության ներկայացուցիչների հետ: Բացահայտեցինք մեր համակարգերի նմանությունները և տարբերությունները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում երկրների լավագույն փորձի փոխանակման ուղիների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Երկուստեք շեշտվել է այս ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ հետևողական ջանքերի և քաղաքական ամուր կամքի ներդրման կարևորությունը, ինչը պետք է երաշխավորի դատական համակարգի անկախությունն ու անաչառությունը: