Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին:
Ողջունելով Նինա Հաչիգյանին ՝ նախագահը կարևորել է նրա այցը Հայաստան և ընդգծել համայնքային մակարդակում սերտ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
«Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով գործակցության ակտիվացման՝ փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով: Տարբեր քաղաքների կամ համայնքների միջև անմիջական և ուղիղ կապերի հաստատումը շատ կարևոր է»,- ասել է նախագահը:
Նինա Հաչիգյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Հույս ունեմ, որ իմ այցն օգտակար կլինի համագործակցության զարգացման համատեքստում»,- ասել է նա:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնել, ինչպես նաև որպես քույր քաղաքներ համագործակցությունն առավել ակտիվացնել:
Ընդգծվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը և գործնական քայլերի ակտիվացումը:
Երկուստեք կարևորվել է օրերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակում ընդունված համատեղ հայտարարությունը, որով ուրվագծվել է գալիք տարում երկկողմ կապերի խորացման տեսլականը՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով ռազմավարական գործընկերության:
Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: