10
06, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

«Այս առիթն օգտագործելով ցանկանում եմ, նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ ի ցույց են դնում այն, թե ինչպես պետք է հարևան երկրները միմյանց հետ փոխհարաբերվեն: Հենց այսօր էլ ականատեսն ենք, թե ինչպես են վրացի բարեկամներն ու գործընկերները մեզ հետ ձեռք ձեռքի տված վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին: Մեր հարաբերությունները նաև այսպիսի փոքր դրվագներով են ձևավորվել և շարունակում են նույն կերպ զարգանալ:

Բարեկամական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և ես ուրախ եմ, որ այս տարվա հունվարից մեր երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը, ինչը նշանակում է, որ արդեն պետական մակարդակով հարաբերությունների նոր մակարդակի ենք հասել և այդ տրամաբանության մեջ էլ շարունակվելու մեր համատեղ գործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հայաստանում Վրաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար: «Ինչպես նշեցիք մեր հարաբերություններն, իհարկե, դարերի պատմություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մեր այս եղբայրությունը ռազմավարական գործընկերության մակարդակ ձեռք բերեց, երբ հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը:

Ցանկանում եմ նաև իմ կառավարության անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիայից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին բանաձևին կողմ քվեարկելու համար: Սա մեզ համար շատ կարևոր է»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների միջև գործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններին նվիրված միջոցառումների կարևորությանը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և տուրիստական փոխայցելությունների շարունակական աճ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակի պարբերական փոխայցելությունները:

Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան հանրապետությունների միջև սահմանազատման բնականոն գործընթացի կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի խթանման անհրաժեշտությունը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիմնարար իրավունքների և սկզբունքների վրա:

← Վերադառնալ