Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՊՏՀ-ում ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը:
Հանդես գալով բացման խոսքով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն:
Նախագահը նշել է, որ առողջապահական արդյունավետ մոդելի կիրառումը հիմնարար նշանակություն ունի միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու և առողջապահության բարձր որակն ապահովելու, այն մեր քաղաքացիների համար մատչելի և առավել հարմարավետ դարձնելու տեսանկյունից:
Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Գագիկ Բադադյանը ներկայացրել է «ՀՀ առողջապահական համակարգի ընթացիկ վիճակը և առողջապահական ծառայությունների ֆինանսավորման հիմքերը» զեկույցը: Նույն կենտրոնի փորձագետ Գագիկ Հակոբյանն էլ անդրադարձել է առողջության ապահովագրության թեմային՝ այն դիտարկելով որպես ՀՀ առողջապահության համակարգի զարգացման բաղադրիչ: