Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դեման Մուհամեդ Համարը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել։ «Հայաստանն ու Մավրիտանիան համագործակցելու համար ունեն բոլոր նախադրյալները: Հուսով եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, և պատրաստ ենք Ձեզ ամենայն աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- նշել է նախագահը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ կանի ամեն հնարավորը երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման համար:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցային ներուժի բացահայտման և կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Երկուստեք կարևորվել է տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակում և նմանատիպ հարթակներում առկա համագործակցության հետագա խթանումը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ բնագավառներում գործակցության աշխուժացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: