Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին:
Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են և երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման ու խորացման հույս հայտնել:
Խոսքի մեկնարկին դեսպան Մուհամեդգելդի Այազովը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովին՝ նվիրված ականավոր թուրքմեն մտածող և բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա գործընկերության ամրապնդման և նոր կապերի ձևավորման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: