18
01, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ

Դավոսի տնտեսական ֆորում շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՄՄ շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող համապատասխան տեխնիկական աջակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է և առանձնահատուկ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարության կողմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի ու գլոբալ իրողությունների վրա արհեստական բանականության հնարավոր ազդեցությունների ու հետևանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը:
 

← Վերադառնալ