20
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկիին:

Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել ակադեմիական գիտության դերը պետության կյանքում, նա մասնավորապես ասել է. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր կյանքում, մեր երկրի տնտեսական  զարգացման գործում շատ մեծ դեր է խաղացել: Հայաստանում գրանցված հաջողությունների գործում՝ հատկապես բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու առումով դեռևս Խորհրդային միության տարիներին ակադեմիայի դերակատարությունը նշանակալի է եղել:

Մենք հստակ հասկացել ենք, որ Հայաստանն առանց գիտության և կրթության ապագա չունի: Մենք նյութական ռեսուրսներ, հանքային ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը գիտությունը և մարդիկ են»:


Յուլիան Ռևալսկին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ձեր կողմից: Խոսելով մեր ակադեմիայի մասին պետք է համարյա նույնությամբ կրկնեմ Ձեր բացման խոսքի ամենակարևոր մասը, սակայն մենք որպես ակադեմիա ավելի հին ենք և հաջորդ տարի նշելու ենք մեր ակադեմիայի հիմնադրման 155-ամյակը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիաների միջև փոխգործակցության առկա ներուժի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ակադեմիական և բարձրագույն կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնմանն ու ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Երկուստեք շեշտվել է երկու երկրների ակադեմիական հանրույթների միջև կապերի ստեղծման և ամրապնդման կարևորությունը:

 

← Վերադառնալ