Մամուլի հաղորդագրություններ
Նախագահներ Վահագն Խաչատուրյանն ու Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը նախագահական նստավայրում կայացած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Ձերդ Գերազանցություն, Իրաքի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդ,
Հարգարժա՛ն հյուրեր, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը: Ձեր այցը հիրավի պատմական է, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Դուք Իրաքի առաջին նախագահն եք, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման ու ընդլայնման հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը:
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի անկախությունից ի վեր արաբական երկրների հետ հարաբերությունները զարգանում են փոխվստահության և ջերմ բարեկամության մթնոլորտում։ Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:
Մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար հաստատուն հիմք են հանդիսանում ինչպես հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալն, այնպես էլ Իրաքում դարերի պատմություն ունեցող հայ համայնքի առկայությունը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու, ապաստան տրամադրելու համար: Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել բարեկամ Իրաքի իշխանություններին՝ իրաքահայերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և կյանքի ու բնականոն կենսագործունեության համար բոլոր պայմաններն ապահովելու համար:
Իրաքը հանդիսանում է մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը: Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:
Արդյունավետ եմ գնահատում պարոն նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում մտքեր փոխանակեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Իմ հարգարժան գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-իրաքյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:
Գոհունակությամբ ընդգծեցինք վերջին տարիներին Իրաքի հետ ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճը: Միևնույն ժամանակ վստահություն հայտնեցինք, որ այս ցուցանիշները կարող են էլ ավելի աճել: Բարձր գնահատեցինք Բաղդադում ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը. երկուստեք կարևորվեց նիստի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների շուտափույթ կյանքի կոչումը:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի արտադրության, ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման, սննդի և թեթև արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներին՝ որպես առավել հեռանկարային ուղղություններ:
Առանձնահատուկ ընդգծվեց բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում երկկողմ շահավետ համագործակցության զգալի ներուժը: Այս առնչությամբ նշեցի, որ Հայաստանը պատրաստ է իրաքյան կողմին փոխանցել այս ոլորտում տարիների ընթացքում կուտակված իր հաջող փորձը:
Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները խորացնելու երկու կողմերի պատրաստակամությունը:
Երկկողմ օրակարգից զատ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: Շեշտեցինք տարածաշրջանային անվտանգային մթնոլորտի շուրջ երկխոսության, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների և դրանից բխող մարտահրավերների պայմաններում երկու երկրների ջանքերի համադրման անհրաժեշտությունը:
Իմ հարգարժան գործընկերոջը ներկայացրեցի Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է Հայաստանը դարձնել Հյուսիսից Հարավ և Արևմուտքից Արևելք ձգվող առկա և ապագա կապուղիների տարանցման կենտրոն, որը ենթադրում է մեր բոլոր հարևանների հետ բնականոն կապի վերականգնումը: Հայեցակարգի իրացումը հնարավորություն կտա տարանցում ապահովել նաև մի կողմից՝ Միջին Արևելքի և Ասիայի, մյուս կողմից՝ Եվրոպական ու Եվրասիական շուկաների միջև: Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, իրավասությունը և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները և պատրաստ է դա իրականացնել որքան հնարավոր է շուտ, ինչն, իր հերթին, կապահովի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։
Կարևորվեց նաև միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ամրապնդումն, ինչպես նաև անօրինական միգրացիայի հակազդեցության ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:
Հանդիպման ավարտին հարգարժան գործընկերոջս հետ ընդունեցինք համատեղ հայտարարություն, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների առանցքային գրեթե բոլոր ուղղություններով համագործակցություն ծավալելու երկուստեք առկա ցանկությունը»: