Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաքսի հետ:
Թիերի Կովաքսը Հայաստանում է գտնվում որպես Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց, ով ներկայացուցչական պատվիրակությամբ Հայաստան էր այցելել ընթացիկ տարվա մարտին և համագործակցության համաձայնագիր կնքել Սյունիքի մարզի հետ: Այցի ընթացքում Թիերի Կովաքսին ուղեկցում է Վիեննի փոխքաղաքապետ, հայազգի Լևոն Սաքունցը:
Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել ակտիվ գործունեության և արդյունավետ համագործակցության համար:
«Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ հաղթահարվում են բազմաթիվ խնդիրներ, իսկ Ձեր սրտացավ վերաբերմունքը մեծ ոգևորություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ»,- նշել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Թիերի Կովաքսը նախագահ Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել իր այցելության շրջանակներում նախատեսված ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզում և համայնքներում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի համայնքների միջև տեղային մակարդակում փոխգործակցության խթանման հնարավորություններին և հեռանկարներին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների պաշտպանություն և հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունների և տարբերակների շուրջ: