14
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության ներկայացուցիչ Քրիստոֆ Շաֆերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության («CERN») ավագ խորհրդական Քրիստոֆ Շաֆերին:

Ողջունելով հյուրին նախագահը կարևորել է հայաստանյան գիտական շրջանակների ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցությունը:

«Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է գիտության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի խթանման քաղաքականություն՝ մասնավորապես ֆիզիկայի և բնական գիտությունների բնագավառում և այս տեսանկյունից բարձր գնահատանքի է արժանի այն արդյունավետ փոխգործակցությունը, որն առկա է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության և մեր գիտահետազոտական կենտրոնների միջև»,- նշել է նախագահը:

Քրիստոֆ Շաֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ «ՄՀԵԿ»-ի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի միջև առկա է տասնամյակներով ձևավորված, սերտ համագործակցության ավանդույթ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և «ՄՀԵԿ»-ի միջև շուրջ երեսուն տարվա արդյունավետ համագործակցությանը, քննարկվեցին վերջինիս ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ «ՄՀԵԿ»-ի հետ ուղղակի գործընկերության խթանումը ու Կենտրոնում հայ մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել ֆիզիկայի և բնական գիտությունների ասպարեզում ֆիզիկայի ինստիտուտի և միջազգային կազմակերպության փոխգործակցության ներուժի կյանքի կոչմանը:

 

← Վերադառնալ