27
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի նորանշանակ դեսպան Դելֆինա Ռոսսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ):

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Չնայած մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006 թվականին, սակայն դուք Սան Մարինոյի առաջին դեսպանն եք Հայաստանում և լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու համագործակցությանը»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանն ասել է. «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ես շատ սիրեցի Հայաստանը և իմ ջանքերը կներդնեմ մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի փոխգործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցեր:
 

← Վերադառնալ