19
05, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Չան Սոն Մինն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ: Ես միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան: Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հիանալի երկիր, կարծում եմ Հայաստանը և Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ և սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Առանձնահատուկ շեշտվել է մշակութային կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացման առկա մեծ ներուժը և վերջինիս լիարժեք իրականացման կարևորությունը:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Կորեայի խորհրդարանների սերտ համագործակցությանը՝ կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում երկու երկրների լավագույն փորձի փոխանակումն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը: Այս կապակցությամբ քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:

Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի և Կորեայի միջև առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման վերաբերյալ պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ