Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել դեսպանի դերը հայ-լեհական սերտ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:
«Ձեր աշխատանքն ու ներդրումը մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում տպավորիչ և զգալի են: Մենք բոլորս գնահատում ենք այն, ինչ արել եք:
Անկախությունից հետո Լեհաստանն օրինակելի է եղել մեր և շատ երկրների համար նրանով, թե ինչպես բոլոր դժվարությունները հաղթահարելով կարողացավ դառնալ անկախ, ինքնուրույն երկիր և իր ուրույն տեղն ունենալ ԵՄ մեծ ընտանիքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Պավել Չեպլակը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար նշել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այսօր հանդիպել Ձեզ: Հայաստանում աշխատած հինգ տարիները շատ ավելի հետաքրքիր և դրամատիկ են եղել, քան ես կարող էի ակնկալել 2017 թվականի աշնանը, երբ պատրաստվում էի գալ այստեղ: Այստեղ ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել և աշխատել յուրահատուկ մարդկանց հետ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության առկա հնարավորություններն ու զարգացման ներուժի ամբողջական իրացման վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովում փոխգործակցության խթանմանը:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում սերտ համագործակցությունը: