Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի ուսանողներին և շրջանավարտներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 6-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է «Factor TV» լրատվական կայքի կողմից իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի ուսանողներին և շրջանավարտներին:
«Factor TV-ն» ծրագրի շրջանակում BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջաններ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում որակյալ լրագրության ամրապնդմանն ու նպաստել մեդիամիջավայրի բարելավմանը։
Հանդիպման ընթացքում նախագահը խոսել է խորհրդային շրջանում խոսքի ազատության սահմանափակումների, գրաքննության ենթարկվող մամուլի և տեղեկատվության վերաբերյալ:
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ծրագրի մասնակիցների հետ, անդրադարձել պատասխանատու լրատվության կարևորության տարբեր ասպեկտներին:
Զրույցի ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել նախագահին 90-ական թվականների տարբեր իրողությունների, անձնական փորձառության և ներկայումս լրատվության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը դրվագներ է ներկայացրել որպես Երևանի քաղաքապետ իր փորձառությունից, պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի պայմաններում քաղաքային կառավարման դժվարությունների վերաբերյալ:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ որպես չորրորդ իշխանություն՝ լրագրողները յուրովի պատասխանատվություն ունեն երկրի կյանքում կատարվող իրադարձությունների՝ մասնավորապես դրանք առանց կեղծիքի և իրականությանը համահունչ լուսաբանելու և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից: