01
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Հանրապետության նախագահը ողջունելով դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու հայ-մեքսիկական հարաբերությունների սերտացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեքսիկայի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարներ ունեցող ոլորտներն ու առկա ներուժը: Երկուստեք շեշտվել է երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու կարևորությունը՝ բարեկամական, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է Հայաստանի միանշանակ մոտեցումը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հարցում:

Դեսպան Մեխիասն իր խոսքում ընդգծել է իր և մեքսիկական կողմի պատրաստակամությունը հնարավորության սահմաններում նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մեքսիկայի միջև կրթության, գիտության, համատեղ համալսարանական և գիտական ծրագրերի իրականացման ներուժի, ինչպես նաև գործարար օղակների շփումների խթանման վերաբերյալ: Երկուստեք կարևորվել են ակտիվ միջխորհրդարանական դիվանագիտության դերը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների հնարավորությունները:
 

← Վերադառնալ