Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով նորանշանակ դեսպանին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
«Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների յուրաքանչյուր պաշտոնյայի համար մեր ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը շարունակելը և զարգացնելը մեծ պարտավորություն է:
Ի պատիվ մեր երկու երկրների այսօրվա կառավարությունների, կարող ենք ասել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ավելի զարգացնենք, խորացնենք մեր տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերություններն ու կապերը:
Կարծում եմ՝ աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել: Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն, կողք-կողքի են ապրել, պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել, խնդիրներ չեն ունեցել:
Համոզված եմ, որ Դուք ևս այդ ավանդույթների, սովորույթների շարունակողը կլինեք: Մենք միասին ամեն ինչ կանենք՝ մի նոր աստիճանի բարձրացնելու մեր հարաբերությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն բարեմաղթանքների և այսպիսի ջերմ ընդունելության համար: Իհարկե, մեր հարաբերությունները, իրոք, եզակի են, որովհետև իրապես դժվար է գտնել այդպիսի ժողովուրդներ, որ դարեր շարունակ այսպես կողք-կողքի ապրել են: Այս ամենն, իհարկե, պետք է փոխանցենք մեր հաջորդ սերունդներին, համամիտ եմ, որ պետք է նոր շունչ հաղորդենք մեր հարաբերություններին:
Իհարկե, ես ամեն ինչ կանեմ, որ իմ առաքելության ընթացքում փորձեմ զարգացնել որոշակի ուղղություններ, նպաստել երիտասարդների միջև երկխոսությունն ակտիվացմանը, մշակույթի,տնտեսական ոլորտում ավելի սերտ հարաբերությունների ձևավորմանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ օրակարգային հարցեր, Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: