Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։
Իր խոսքում շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին՝ նախագահը բարձր է գնահատել այն, որ նույնիսկ ներկայիս դժվարին ժամանակում հնարավորություն է ստեղծվել անցկացնել այդ մրցանակաբաշխությունը: Նախագահը մասնավորապես ասել է.
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ, որովհետև հնարավորություն ունեմ մրցանակ հանձնել այնպիսի մարդկանց, ովքեր կերտում են այսօրվա և վաղվա Հայաստանը: Այսօրվա համաշխարհային մրցակցության մեջ հաջողություն են ունենում ու ունենալու են այն երկրները, որոնցում գնահատվում է ազատությունը, միտքը, ստեղծագործական միտքը: Այսօր մենք հավաքվել ենք ամփոփելու 2022 թվականի այն հաջողությունները կամ այն մտքի դրսևորումները, որոնք առանձնացրել ենք այս 13 հաղթողների ցուցակով:
Շնորհավորում եմ բոլորին, բոլոր մրցանակակիրներին: Շնորհավորում եմ նաև մեզ, որ այսօր այս դժվարին պայմաններում մենք համարձակություն ենք ունեցել և այս միջոցառումն ենք անցկացնում: Ես սա գնահատում եմ: Մենք պետք է շարունակենք այսպես: Դժվարություններ ունենալու ենք, սակայն դժվարությունները հաղթահարելու ձևը սա է:
Մենք պարտավոր ենք գնահատել բոլորին, ովքեր իսկապես մասնակից են այսօրվա և վաղվա Հայաստանի կերտմանը»:
Նախագահը մրցանակ է հանձնել Միհրան Պողոսյանին, որը Գյումրիում հիմնել է PoGo shoes կոշիկի արտադրություն: