Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը մասնավորապես նշել է.
«Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն իրենց տեղն ունեն: Չնայած որ մեր ամբողջ պետական համակարգը՝ սկսած վարչապետից վերջացրած մեր քաղաքացիներով, մտահոգված են վերջին իրադարձություններով՝ ես նկատի ունեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքին, բայց բոլոր դեպքերում այն կարևորագույն խնդիրները, որ մենք պետք է լուծենք, դրանք օրակարգում են և դրանցից ամենակարևորը դատական համակարգի բարեփոխումներն են»:
Պիետրո Կուցիոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ սա իր առաջին արտերկրյա այցն է նոր պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նա մասնավորապես շեշտել է, որ Հայաստան այցելությունը պատահական չէ և իրենք ցանկանում էին հարաբերվել և համեմատվել մի երկրի հետ, որի հանդեպ մեծ հարգանք, հիացմունք և բարեկամություն են զգում:
«Մենք այս օրերին հասցրեցին ծանոթանալ հայկական մշակույթին ու քաղաքակրթական հինավուրց արժեքներին, մենք, այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր և տպավորված ենք համալիրի զուսպ ճարտարապետությունից, մենք շատ զգացված ենք Հայաստանում մեզ ցուցաբերված ընդունելությունից, որը լիովին համահունչ էր մեր սպասումներին»,- նշել է Կուրցիոն:
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում շարունակական ընթացքի մեջ գտնվող արդարադատության համակարգի բարեփոխումներին և վերջիններիս շրջանակում՝ Եվրամիության հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Նախագահն առանձնահատուկ ընդգծել է Իտալիայի հետ փորձի փոխանակման կարևորությունը՝ ինչպես պետական ինստիտուտներում կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների ու անկախ դատական համակարգի կայացման տեսանկյուններից: Երկուստեք շեշտվել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու ժողովրդավարական սկզբունքները, որոնք որդեգրել են հայաստանյան իշխանություններն այլընտրանք չունեն:
Հանդիպման ավարտին Պիետրո Կուրցիոն նշել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային կփոխանցի իրենց այցելության դրական արդյունքներն ու ջերմ ընդունելության տպավորությունները: