Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:
Նախագահը շնորհավորել է Իվա Պետրովային կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ԱՄՀ-Հայաստան համագործակցության 30-ամյակի և շեշտել ԱՄՀ կողմից կատարվող ուսումնասիրությունների դերը հայկական տնտեսության համար:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և սերտ աշխատանքային համագործակցության պատրաստակամություն հայտնել: Իվա Պետրովան գոհունակությամբ է խոսել այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության գրանցած տպավորիչ ցուցանիշների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական վերջին զարգացումներին, հարկային ու դրամավարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին և այլ ոլորտներում ներդրումներին վերաբերող հարցերին:
Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանն ու Իվա Պետրովան պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել աշխատանքային շփումները: