09
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն անկախությունից ի վեր շատ սերտ համագործակցում է ԵԽ-ի հետ և վերջինս հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը:

Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը և Վենետիկի հանձնաժողովը շարունակաբար աջակցում են Հայաստանի՝ բարեփոխումների իրականացման և ժողովրդավարության ամրապնդման օրակարգին, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության և արդյունավետ աշխատանքի ապահովմանը:

Կլեր Բազի Մալորին իր հերթին նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է:

← Վերադառնալ